Վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարք, հոգեկան ակտիվության արտաքին շարժողական դրսևորում, որը բնորոշ է և՛ մարդկանց, և՛ կենդանիներին։ Հոգեբանական գրականության մեջ «վարք», «գործողություն», «ակտիվություն», «գործունեություն» տերմինները ոչ միշտ են օգտագործվում տարբերակված ձևով։

Տարբերում են վարքի մի շարք տեսակներ.

Բանական վարքը մարդու կյանքում գիտակցված է լինում և իրենից ներկայացնում է գործունեության արտաքին կողմը։

Ադիկտիվ (կախվածությունների հակված) վարք[խմբագրել]

Ադիկտիվ վարքն արտահայտվում է որոշ նյութեր ընդունելով կամ որոշակի առարկաների կամ գործունեության ձևերի վրա կենտրոնանալով` իրականությունից հեռանալու ձգտման մեջ, որն ուղեկցվում է ուժեղ զգացումներով։ Հոգեկան վիճակը փոփոխող որոշակի նյութերի օգտագործումը, որևէ առարկայից կամ մարդուց կախվածությունը երբեմն այնպիսի չափեր է ընդունում, որ սկսում է կառավարել մարդու կյանքը` դարձնելով նրան անօգնական, զրկում է պայքարելու կամքից։ Ադիկտիվ վարքի հակումը հաճախ ի հայտ է գալիս, երբ մարդու կյանքում որոշ բարդություններ են սկսվում (նախկին իդեալների կորուստ, հիասթափություն մասնագիտությունից, սիրելի աշխատանքի կորուստ, ընտանիքի կորուստ, սոցիալական մեկուսացում և այլն)։ Այդ ժամանակ է, որ թույլ մարդիկ սկսում են ալկոհոլ կամ թմրանյութեր ընդունել, տարվում են մոլեխաղերով, սկսում են չափից շատ ուտել կամ հակառակը` իրենց սովի են մատնում։ Հնարավոր է, որ չափից ավելի տարվեն որևէ գործունեությամբ։ Ադիկտիվ մոտեցման դեպքում զգացմունքային կապերը ոչ թե մարդկանց հետ են զարգանում, այլ` անշունչ երևույթների։ Այդ ժամանակ է զարգանում «մտածողությունն ըստ ցանկության»։ Այսինքն` մարդը գիտակցաբար` ինքնապաշտպանության նպատակով, իրական է համարում միայն այն, ինչը համապատասխանում է իր ցանկություններին։ Նման մարդու համար շրջապատի մարդիկ միայն մանիպուլյացիայի առարկա են, ինչի հետևանքով էլ նրանց հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվում։

Ադիկտիվ վարքի բազմազան ձևերը միավորում է ընդհանուր ադիկտիվ շղթան` հոգեբանական վիճակի արհեստական փոփոխման ձգտումը։ Մարդը կարող է մի կախվածությունը փոխարինել մեկ ուրիշով։ Արդյունքում առաջ է գալիս մի վիճակ, որը կարելի է բնորոշել որպես ապատիա։

Կտրվում են կապերը ընտանիքի ու մտերիմների հետ։ Հիվանդությունը խաթարում է ոչ միայն հոգեբանական, այլև կենսբանական ֆունկցիաները։ Նման մարդիկ միջանձնային հարաբերություններում դրսևորում են հետևյալ յուրահատկությունները.

  • Դժվար են տանում առօրյա դժվարությունները (թեև ճգնաժամային իրավիճակներում առավել կայուն են)
  • Թաքնված անլիարժեքության բարդույթ, որն ուղեկցվում է արտաքուստ ինքնագոհությամբ
  • Շփվող են, բայց վախենում են կայուն զգացմունքային կապերից
  • Հաճախ սուտ են խոսում
  • Հակված են մեղադրել ուրիշներին` իմանալով, որ նրանք անմեղ են
  • Հակված են խուսափել պատասխանատվությունից և որոշումներ կայացնելուց
  • Վարքը ստերեոտիպային է
  • Հակված են զիջել շրջապատողների ճնշմանը
  • Տագնապում են այն իրավիճակներում, որոնք պահանջում են լուրջ զգացմունքային կապեր

Ադիկտիվ վարքի առաջացման նպաստավոր պայմաններ[խմբագրել]

Ադիկտիվ վարքի առաջացման համար նպաստավոր պայմաններից մեկն էլ փոխըմբռնման բացակայությունն է։ Զգացմունքային շփման բացակայությունը փոխարինվում է առարկաների ու երևույթների հետ «շփումով»։ Անհաջողության մշտական վախը առաջացնում է այդ տհաճ զգացումից ազատվելու ձգտում, օրինակ, ալկոհոլի օգնությամբ։

Գոյություն ունեն նաև «ամաչեցնող» ընտանիքներ, որոնք անընդհատ դժգոհ են երեխաների հաջողություններից։ Եթե երեխան հինգերով է տուն գալիս, նրան չեն գովում, այլ խրատ են կարդում, թե նա կյանքում ինչի պետք է հասնի։ Հնարավոր է անընդհատ ծաղր կամ հեգնանք։ Այդ ընտանիքներում երեխաներն էմոցիոնալ ապահովություն չեն զգում։ Նրանց մոտ զարգանում է անվստահություն մարդկանց հանդեպ, նրանք սկսում են խուսափել շփումներից։ Ծնողների հետ շփումները փոխարինվում են հասակակիցների կամ կենդանիների հետ շփումներով։

Մյուս նախապայմաններից է անկանխատեսելի էմոցիոնալ ռեակցիաներ ունեցող ծնողի դաստիարակությունը; Երեխաները չգիտեն, թե ինչ սպասեն մեծահասակներից։ Նույն արարքի համար նրանց մի անգամ կարող են գովել, իսկ հաջորդ անգամ` պատժել։ Երեխան իրեն անվստահ է զգում, չգիտի` իրեն սիրում են, թե՞ ոչ։ Աստիճանաբար այդ անվստահությունը դառնում է բնավորության գիծ և ազդում բոլոր մարդկանց հետ հարաբերությունների վրա։ Արդյունքում այդ երեխաները անվստահելի են միջանձնային հարաբերություններում։ Նրանք անընդհատ սպասում են հարաբերությունների խզման։ Նրանք վստահ չեն ամուսնության կամ ընկերության ամրության մեջ։ Իսկ էմոցիոնալ անկայունությունն ուղեկցվում է ադիկտիվ վարքի ձևերով։

Նշված խնդիրները մարդուն դարձնում են անկայուն և խոցելի, ինչն արդեն վտանգավոր է դառնում նրա հոգեկան, ապա և ֆիզիկական առողջության համար։

Ասոցիալական վարք[խմբագրել]

Ասոցիալական վարքը (հուն.՝ α` ժխտական մասնիկ և հուն.՝ σωκιετας` հանրություն, հասարակություն) հակասում է տվյալ հասարակության մեջ ընդունված բարոյական, իրավական և այլ նորմերին և պայմանավորված է դրանց մասին չիմանալով, անտեղյակությամբ։ Պետք է տարբերել ասոցիալական վարքը հակասոցիալական վարքից։ Հայերենում կարելի է օգտագործել նաև «ոչ-սոցիալական վարք» արտահայտությունը։

Հակասոցիալական վարք[խմբագրել]

Հակասոցիալական վարքը մարդու այնպիսի վարքն է, որը գիտակցորեն ու միտումնավոր կերպով ուղղված է տվյալ հասարակության մեջ ընդունված բարոյական, էթիկական, իրավական և այլ նորմերի դեմ, շրջանցում և խախտում է դրանք։ Հակասոցիալական վարքն ի տարբերություն ասոցիալական վարքի, ելնում է հասարակության նորմերի իմացությունից և իմպուլսային, չգիտակցված, «անմեղ» բնույթ չունի։

Հակասոցիալական վարքի նշանները[խմբագրել]

Մանուկ հասակում

  • ծնողներին ու հարազատների հետ զգացմունքային կապի բացակայություն,
  • ստախոսություն,
  • դաժանություն,
  • ագրեսիվություն։

Այդ երեխաները հաճախ են կռվի մեջ մտնում, խուլիգանություն անում, ուշ են տուն գալիս, թափառում են, գողություն անում և այլն։

Չափահաս տարիքում

  • պարտքի և պատասխանատվության զգացումի իսպառ բացակայությամբ,
  • անտարբեր են երեխաների ու նրանց ճակատագրի նկատմամբ,իրավախախտումներ են կատարում` գողություններ, խարդախություններ և այլն։
  • դյուրագրգիռ են, իմպուլսիվ, ագրեսիվ, հակված են անկանոն սեռական կապերի։
  • չեն զգում խղճի խայթ
  • ամեն ինչից արագ ձանձրանում են, այդ թվում նաև մարդկանցից։

Հակասոցիալական վարք ունեցող աղջիկներին հատուկ է գեդոնիստական մոտիվացիան, այսինքն` հաճույք ստանալու ձգտումը։ Սեփական գործողությունները կառավարելու ընդունակությունը բացակայում է, նրանք գտնում են իրենց ցանկությունների իշխանության տակ։ Իրենց արարքների վտանգավոր կամ վատ հետևանքների մասին չեն մտածում։

Այս վարքի զարգացմանը նպաստում է.

  • ծնողների ոչ բավարար ուշադրությունը երեխաների նկատմամբ
  • ծնողների հետ ջերմության, կապվածության բացակայությունը
  • թերի, կոնֆլիկտային ընտանիքները

Սուիցիդալ վարք[խմբագրել]

Սուիցիդալ վարքը (ինքնասպանության տրամադրվածություն) արտահայտվում է ինքնասպանության իրագործման բարձր ռիսկով։ Հնարավոր են ինքնասպանության հետևյալ տիպերը` կախված սոցիալական միջավայրի հետ անհատի շփումների առանձնահատկություններից.

  • «անեմիկ» ինքնասպանություն` կապված կյանքում ճգնաժամային իրավիճակների, անձնական ողբերգությունների հետ (հարազատի կորուստ, ունեցվածքի կորուստ և այլն)
  • «ալտրուիստական» ինքնասպանություն, որն իրականացվում է այլ մարդկանց շահերից ելնելով (որպեսզի հարազատների համար բեռ չդառնան, չխայտառակեն և այլն)
  • «էգոիստական ինքնասպանություն» կապված սոցիալական պահանջների անընդունելիության հետ («հեռանալու»ձև սոցիալական անբարենպաստ իրավիճակից)
  • ծանր մանկություն «վատ» ընտանիքում
  • միջանձնային բավարար շփումների բացակայություն
  • աշխատանքի կամ մասնագիտության կորուստ
  • հավատի կորուստ
  • նախկին իդեալների կործանում։

Սուիցիդալ վարքի պատճառները[խմբագրել]

  • Ընտանեկան հարաբերություններ
  • Հիվանդություններ, այդ թվում` հոգեկան
  • Դժբախտ սեր
  • Հարբեցողություն և ալկոհոլիզմ
  • Նյութական խնդիրներ
  • Առաջադիմության բացակայություն, պատիժներ դպրոցում։

Երեխաներն ինքնասպան են լինում.

  • ստորացման, վիրավորանքի,
  • ծնողների կողմից չհասկացվածության պատճառով։

Երեխաների սուիցիդալ վարքի ռիսկը մեծանում է ատելության, ագրեսիայի, կոպտության և անարդարության մթնոլորտում (դա երեխային միայնակ ու մոլորված է դարձնում)։

Ինքնասպանության հիմնական պատճառներ[խմբագրել]

  1. մեկուսացվածություն` զգացողություն, որ քեզնով ոչ ոք չի հետաքրքրվում ու չի հասկանում
  2. անօգնականություն` երբ մարդն զգում է, որ իր կյանքն ինքը չի կառավարում
  3. սեփական նշանակալիության զգացումի բացակայություն` երբ մարդն իրեն ցածր է գնահատում
  4. անհուսություն` երբ ապագան ոչ մի լավ բան չի խոստանում
Նպաստող հանգամանքներ[խմբագրել]

Սուիցիդալ վարքին նպաստում են.

  1. սովորական մարդու անհատականության անտեսում
  2. յուրաքնաչյուր անհատականության անկրկնելիության, եզակիության զգացումի ոչնչացում
  3. միակողմանի դաստիարակությունը` մաքսիմալության ոգով
  4. ծնողական սիրո բացակայություն
  5. երեխայի մոտ մեղավորության զգացողության դաստիարակություն, ինչի հետևանքով երեխան իրեն ուրիշներից ցածր է գնահատում, իրեն վատն է համարում, ինքնահարգանքի զգացում չունի։
  6. ծնողների ալկոլոհոլիզմը
  7. երեխաների հոգեկան տրավմաները
  8. ընտանիքում պաթոլոգիական հոգեբանական կլիման
  9. ծնողների անկարողությունը երեխաների կյանքը դարձնել երջանիկ, նրանց մոտ ինքնվստահության, պետքականության, կյանքի հանդեպ սիրո զգացումներ զարգացնելու անկարողությունը։

Ագրեսիվ վարք[խմբագրել]

Ագրեսիան դրդապատճառային վարք է, որը շատ հաճախ կարող է վնաս պատճառել մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց, ովքեր իրենց մոտ դեպրեսիա, անհարմարություն, լարվածություն (սթրես), ճնշված վիճակ են առաջացնում։ «Ագրեսիա» հասկացությունը գրականության մեջ օգտագործելով` որոշ հետազոտողներ հասկանում են ուժեղ ակտիվություն, ինքնահաստատման ձգտում։ «Ագրեսիա» ասելով հասկանում են նաև թշնամության փաստեր, ջարդեր, այսինքն գործողություններ, որոնք առաջացնում են կենդանի կամ անկենդան օբյեկտների քայքայում։ Միևնույն ժամանակ հեղինակները առանձնացնում են «ագրեսիա» հասկացությունը որպես վարքի ձև և «ագրեսիվությունը» որպես անձի հոգեկան վիճակ։ Ընդ որում՝ ագրեսիային բնորոշողը համարվում է վարքը, որը վնաս է հասցնում։ Այդ վնասը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ`անուղղակի, օրինակ՝ բամբասանք տարածելը։ «Ագրեսիա» հասկացությանը որպես հոմանիշներ օգտագործվում են «դեստրուկտիվություն», «չզսպվածություն», «դաժանություն» հասկացությունները, իսկ «ագրեսիվությունը» համարվում է հակվածություն կոնֆլիկտային վարքի կամ ձգտում ջարդելու։

Ն. Լևիտովը ագրեսիվության վիճակը նկարագրում է որպես ինքնակառավարումը կորցնելու հետևանքով առաջացած զայրույթի զգացում։

Բազմաթիվ հոգեբաններ են անդրադարձել ագրեսիայի ուսումնասիրման խնդրին, օրինակ Զ. Ֆրոյդը, Ա. Բասը, Լ. Բերկովիչը։ Ա. Բասը առաջ քաշեց ինստրումենտալ և թշնամական ագրեսիա հասկացությունները։ Է. Ֆրոմը առանձնացրեց ագրեսիայի բարորակ և չարորակ տեսակները։ Ագրեսիան կարող է լինել ինչպես կանխամտածված, այնպես էլ ոչ դիտավորյալ։

Ագրեսիայի տեսակները[խմբագրել]

Ա. Բասը և Ա. Դարկը առանձնացրել են ագրեսիայի հինգ տեսակ.

  1. ֆիզիկական ագրեսիա
  2. գրգռվածություն (բռնկում,կոպտություն)
  3. խոսքային ագրեսիա
  4. անուղղակի ագրեսիա (ուղղորդված կամ չուղղորդված)
  5. նեգատիվիզմ

Հոգեվերլուծական մոտեցումը ագրեսիան դիտարկում է պայքարելու բնազդ, որը վերականգնվում է։ Ագրեսիայի ուսումնասիրման առաջին փորձերը պատկանում են Ֆրոյդին։ Ժամանակի ընթացքում անհատի մոտ կուտակված ագրեսիվ էներգիան դուրս է գալիս պայթյունի միջոցով, եթե նախորդ պայթյունից հետո ավելի երկար ժամանակ է անցել, ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի։

Էթիոլոգիական մոտեցմանը հետևելով Կ. Լորենցը գտնում էր, որ բնածին ագրեսիան գտնվում է սիրո, ընկերական հարաբերությունների ճնշման տակ։

Երեխաների մոտ ագրեսիվ վարքը կարող է ունենալ պաշտպանական նշանակություն և հոգեբանական պաշտպանական մեխանիզմները արդարացնում են նրա ագրեսիվ վարքը։ Յուրաքանչյուր տարիքային փուլ ունի զարգացման իր սպեցիֆիկ ձևը։ Տարիքային պահանջներին հարմարվելը հաճախ կարող է ուղեկցվել ագրեսիվ ռեակցիաներով։ Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են ագրեսիայի աճով,կապված են նոր պահանջմունքների հայտնվելու հետ,որոնք չեն բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում։ Փոքր երեխաները ցանկանալով պահպանել ծնողական սերը, հակված են դաժանություն ցուցաբերել փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ։

Ֆրուստրատիվ ագրեսիվության տեսությունը[խմբագրել]

Գոյություն ունեն ագրեսիվության պրոբլեմի հետազոտության բազմաթիվ բիհևյորիստական մոտեցումներ, բայց ագրեսիայի և բռնության միակ ընդհանուր տեսությունը հանդիսանում է Ջոն Դոլլարդի տեսությունը, որն ուղղված էր ցանկացած ագրեսիայի պատճառի բացահայտմանը։

Ջ.Դոլլարդը ագրեսիան դիտում էր որպես ֆրուստրացիայի հետևանք և մարդը, ով ֆրուստրացիա է զգացել ունի ագրեսիայի հակում։ Ագրեսիվ վարք կարող է առաջացնել ինչպես արտաքին գրգռիչները, այնպես էլ պատժվելու վախը։ Ջ.Դոլլարդից երկու տարի անց այս տեսության հեղինակներից մեկը` Ն. Ե. Միլլերը, լրացումներ կատարեց և գրեց, որ ֆրուստրացիան կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ և դրանցից մեկն էլ ագրեսիվությունն է։ Ն. Ե. Միլլերը առաջ քաշեց համակարգված մոդել այնպիսի իրավիճակներում, երբ անհատները դրսևորում են ագրեսիա,այստեղ զոհի ընտրությունը պայմանավորված է երեք գործոններով.

  • ագրեսիայի դրդող ուժից
  • տվյալ վարքը արգելակող գործոնների ուժից
  • յուրաքանչյուր զոհի պոտենցիալի և ֆրուստրատիվ գործոնի նությունից։

Բիհևյորիստ Ա.Բասը ևս անդրադարձել է այս խնդրին, սկիզբ դնելով ագրեսիայի բիհևյորիստական տեսությանը։

Կոնֆորմիստական վարք[խմբագրել]

Կոնֆորմիստական վարքը բնութագրվում է հայացքների, սկզբունքների և սովորույթների յուրահատկության բացակայությամբ, պաշտոնական կարծիքների անվերապահ ընդունմամբ, հարմարվողականությամբ, իշխանությամբ, հեղինակությամբ օժտված մարդկանց ցուցումներին անքննադատ հետևելու սովորությամբ։

Կոնֆորմիզմը արհեստական, անիրական կյանքի ձևերից է։ Կոնֆորմիստը խուսափում է

  • իր հետ շփումից,
  • չի փորձում իմանալ ճշմարտությունն իր մասին,
  • չի մտածում կյանքի իմաստի մասին,
  • թույլ է զարգացած ինքնագիտակցությունը։
  • կյանքում նա կարևոր է համարում տրաֆարետային, համընդհանուր արժեքները։
  • զուրկ է անհատականությունից, ստերեոտիպային է, կանխատեսելի։
  • այլ կերպ գործող մարդկանց չի հասկանում կամ անլիարժեք է համարում։

Կոնֆորմիստն արտաքին ճնշումներն ու պարտադրանքներն ընդունում է ինքնակամ` որպես ձերբազատում կասկածներից, հանգստություն, կարգավորում։ Համարում է, որ մեծամասնությունը միշտ ճիշտ է, որ մեծամասնությունը անհատի պաշտպանության երաշխիքն է, նա չի մտածում անձնական պատասխանատվության մասին, նա ձգտում է հեռանալ մանկության անվտանգ աշխարհ, վստահել առաջնորդներին իր ճակատագիրը, նրանց դիտարկելով որպես իր ծնողներ։

Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ավտոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։


Շեղվող վարք[խմբագրել]

Մարդու այն սոցիալական գործողությունները, արարքները, գործունեությունը, որոնք չեն համապատասխանում, հակասում են տվյալ հասարակության մեջ ընդունված և գործածվող վարքի նորմերին, կոչվում կամ համարվում են շեղվող վարք։

Հոգեբանության մեջ վաղուց մշակվել է և այսօր էլ լայնորեն օգտագործվում է անձի շեղվող վարքի հիմնադրույթը։ Անձի սոցիալական վարքի շեղումները իրենց արտահայտությունն են գտնում նրա տարբեր անկարգությունների,զանցանքների, իրավախախտումների, հանցագործությունների և այլաբնույթ նեգատիվ դրսևորումների մեջ։

Անձի շեղման նախադրյալները դրվում են նրա օնթոգենետիկական զարգացման սկզբնափուլում՝ վաղ մանկության և նախադպրոցական տարիքում և աստիճանաբար խորանում, արմատավորվում են հաջորդ տարիքային շրջաններում։ Երկու-երեք տարեկան երեխայի կամակորությունը, իր ուզածին ամեն գնով հասնելու ձգտումը, 5-6 տարեկանի նեգատիվիզմը (անձի ակտիվ դիմադրությունը մանկավարժական ներգործությանը, որը հակասում է իր պահանջմունքներին), ստախոսությունը, բամբասկոտությունը, լկտիությունն ու ցինիկությունը այն հոգեբանական նախադրյալներն են, որոնք կարող են դառնալ հետագայում անձնային որակներ և շեղել անձի վարքը։

Այսպես, օրինակ, սկզբնական շրջանում խախտվում, խաթարվում են երեխայի հուզական հարաբերությունները ծնողի հետ, երեխայի հաղորդակցումը ծնողի հետ նրան բավականություն չի պատճառում։ Եթե դա հաճախակի կրկնվում է, ապա վաղ նախադպրոցական տարիքային շրջաններում երեխան դառնում է կամակոր, համառ, դրսևորում է նեգատիվիզմ և ծնողների պահանջներին հակառակ գործողություններ կատարում, չլսելու, չկատարելու պատճառով լարվում է նրա հարաբերությունները ծնողի հետ։ Այնուհետև նրա վարքը սկսում է անհանգստացնել շրջապատող մարդկանց, ստում է, քծնում, իր մեղքը գցում ուրիշների վրա, խորամանկում է, դառնում կռվարար։ Եթե կանխարգելիչ դաստիարակչական միջոցառումներ չեն ձեռնարկվում, անձը մնում է անպատիժ, ապա փոքր զանցանքը վերաճում է հետագայում հանցագործության։

Հիմք ընդունելով անձի սոցիալական վարքի աստիճանական (փուլային) շեղման հոգեբանական օրինաչափությունները՝ պայմանականորեն տարբերակում են շեղումների հետևյալ ձևերը, որոնք արտացոլում են զարգացման իրար հաջորդող աստիճանները։

Շեղվող վարքի տեսակները[խմբագրել]

  • Կարգազանց վարք, որը բնութագրվում է փոքր, տանելի անկարգություններով։
  • Անկարգապահ վարք, որը վարվեցողության նորմերի խախտումներ է։
  • Բարոյազանց վարք, որն արդեն ընդունված հաղորդակցման բարոյական նորմերի խախտումներ է, բայց հեշտ հաղթահարելի։
  • Իրավախախտ վարք, որի դեպքում ոտնահարվում են իրավունքի նորմեր, բարոյական և այլ բնույթի վնաս պատճառվում ուրիշին։
  • Քրեածին վարք, նշանակում է, որ անձը ունի իրավախախտումներ կատարելու հոգեբանական նախադրյալներ և կարող է կատարել այն իրեն հարմար իրադրություններում։
  • Հանցածին վարք, որը քրեածին վարքի երկրորդ, ավելի խոր աստիճանն է, երբ անձը կարող է կատարել ծանր հանցագործություններ։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան, Լույս, 240։ 
  • Конрад Лоренц․ (1994)։ Агрессия (так называемое «зло»), «ПРОГРЕСС», 272։  ISBN 5-01-004449-8
  • Усова, Е.Б (2010.)։ Психология девиантного поведения, МИУ, 180։  ISBN 978-985-490-691-1
  • А.В.Хомич (2006.)։ Психология девиантного поведения։