Ատամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու ատամները
Ատամի կառուցվածքը

Ատամները լորձաթաղանթի ոսկրացած պտկիկներ են, որոնք ծառայում են ուտելիքի մեխանիկական մշակման համար:

Յուրաքանչյուր ատամ բաղկացած է ատամի պսակից (corona dentis), վզիկից (collum dentis), արմատից (radix dentis): Պսակը ատամի երևացող մասն է և լնդից դուրս է ցցված, վզիկը` նեղացած մասն է և գրկված է լնդով, իսկ արմատը նստած է ատամնաբնի մեջ և վերջանում է ատամի գագաթով (apex dentis), որի վրա նույնիսկ չզինված աչքով կարելի է տեսնել գագաթի անցքը (foramen apices): Վերջինիս միջով ատամի մեջ են մտնում անոթներ ու նյարդեր: Ատամի ներսում կա խոռոչ (cavum dentis), որի շարունակությունը արմատի մեջ կոչվում է արմատի խողովակ (canalis radicis), վերջինս բացվում է վերը նշված գագաթի անցքով: Ատամի խոռոչը լցված է արյան անոթներով և նյարդերով հարուստ ատամի միջուկով կամ կակղանով (pulpa dentis): Ատամների արմատները ատամնաբների մակերեսին սերտորեն միաձուլվում են արյան անոթներով հարուստ ատամնաբնային շրջոսկրի միջոցով(periodentinum): Ատամի կարծր նյութը բաղկացած է`

  1. դենտինից(ատամնանյութից) (dentinums)
  2. էմալից (enamelum),
  3. ցեմենտից (cementum):

Ատամի խոռոչը շրջապատող գլխավոր զանգվածը դենտինն է: Պսակը արտաքուստ պատված է էմալով, իսկ արմատը` ցեմենտով:

Ատամների զարգացումը և դասավորությունը մարդու մոտ [խմբագրել]

Ատամների զարգացումը [խմբագրել]

Կաթնատամների ծկթումը, այսինքն` լնդերի բարակելը և պսակի երևան գալը բերանի խոռոչում սկսվում է արտաարգանդային կյանքի 7-րդ ամսից և վերջանում 3-րդ տարվա սկզբում (առաջինը ծլում են ստորին միջային կտրիչները): Կաթնատամները 20-ն են: Ծնոտների յուրաքանչյուր կեսի վրա կա` երկու կտրիչ, մեկ ժանիք և 2 աղորիքներ:

6 տարեկանից սկսվում է կաթնատամների փոխարինումը մնայուն ատամներով: Փոխարինվելու ընթացքում, բացի 20 կաթնատամներից, ծկթում են նոր ատամներ և ամեն մի կաթնատամի տեղը բռնում է մի մնայուն ատամ: Մնայուն ատամների ծկթումը սկսվում է առաջին մեծ աղորիքից (վեցամյա մոլլարը), 11-13 տարեկանում ատամների ծկթումը ավարտվում է, բացառությամբ երրորդ մեծ աղորիքի(իմաստության ատամ), որը սովորաբար ծկթում է 18-30 տարեկանում:

Կաթնատամներն ունեն մի քանի առաձնահատկություններ, փոքր են, ունեն քիչ թմբիկներ և արմատները հեռացած են իրարից, որոնց արանքներում գտնվում են մնայուն ատամների սաղմերը: Մնայուն և կաթնատամների արմատների թիվը նույնն է:

Ստորև բերված է կաթնատամների և մնայուն ատամների ծկթելու ժամանակն ու կարգը:

Կաթնատամներ`

  • Միջային կտրիչներ - 6-8 ամսում
  • Կողմնային կտրիչներ - 7-9 ամսում
  • Առաջին աղորիքներ - 12-15 ամսում
  • Ժանիքներ - 16-20 ամսում
  • Երկրորդ աղորիքներ - 20-24 ամսում

Մնայուն ատամներ`

  • Առաջին մեծ աղորիքներ - 6-7 տար.
  • Միջային կտրիչներ - 8 տար.
  • Կողմնային կտրիչներ - 9 տար.
  • Առաջին փոքր աղորիքներ - 10 տար.
  • Ժանիքներ - 11-13 տար.
  • Երկրորդ փոքր աղորիքներ - 11-15 տար.
  • Երկրորդ մեծ աղորիքներ - 13-16 տար.
  • Երրորդ մեծ աղորիքներ - 18-30 տար.

Տես նաև [խմբագրել]