Ապալաչներ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ապալաչներ կամ Ապալաչյան լեռներ (անգլ.՝ Appalachian Mountains կամ անգլ.՝ Appalachians, կարդ․՝ Ափըլեյշընս), հին, խիստ քայքայված լեռնաշղթա, որը տարածվում է Հյուսիսային Ամերիկայի արևելքում, ԱՄՆ-ում և Կանադայում: Լեռները ունեն զառիթափ լանջեր, կլոր գագաթներ և լեռնամիջյան լայն հովիտներ:
Ապալաչները հյուսիսում ընդհուպ մոտենում են Ատլանտյան օվկիանոսին: Սուրբ Լավրենտիոս գետի հովտով Ապալաչները բաժանված են մայր ցամաքի հյուսիսային մասից: Հարավ-արևմուտքում Ապալաչները հեռանում են օվկիանոսից, որի ափերի երկարությամբ տարածվում է Մերձատլանտյան դաշտավայրը:
Ապալաչները հյուսիսում նման են ոչ բարձր, բլրոտ սարահարթի: Այստեղ ամենաբարձրը Վաշինգտոն լեռն է (1916 մ): Հարավում առանձին լեռնաշղթաների բարձրությունը հասնում է 2000 մ-ի, որտեղ ամենաբարձրը Միտչել լեռն է (2037 մ): Լեռների միջև գտնվում են ընդարձակ հովիտներ:
Ապալաչները հարուստ են երկաթի և գունավոր մետաղների հանքաքարերով: Նրանց նախալեռներում կան տարբեր տեսակի բարձրորակ քարածխի և նավթի հանքավայրեր:
Լեռների` հյուսիսից հարավ մեծ տարածության վրա ձգված լինելը պայմանավորում է ջերմաստիճանների նշանակալի տարբերությունը: Հյուսիսում ձմեռը չափավոր ցուրտ է, ձյուն շատ է գալիս. ամառը չափավոր տաք է, մառախլապատ ու անձրևոտ: Հարավում ձմեռային ջերմաստիճանները բարձր են 0°C-ից, և ձյունը մնում է միայն լեռներում, ամառը շոգ է ու խոնավ:
Հյուսիսում Ապալաչները ծածկված են խառն անտառներով (ճմամոխրավուն հողերի վրա), որոնք վերին գոտում փոխվում են փշատերև անտառների: Եղևնու և սոճու, կաղամախու, սպիտակ և դեղին կեչու, շաքարի և կարմիր թխկու խառն անտառները դեպի հարավ` գորշ անտառային հողերում փոխվում են լայնատերև անտառների: Մեծ քանակությամբ թափվող տերևները և ծառերի ընկած ճյուղերն այստեղ լավ են փտում և, չնայած արագ լվացմանը, հողում ավելի շատ հումուս է մնում, քան փշատերև անտառներում, այդ պատճառով այն ունի գորշ գույն: Լայնատերև անտառներում աճում են սոսիներ (չինարիներ), հաճարենի, լորենի, կաղնի, շագանակենի, ընկուզենի և կակաչենի: Այս բոլորը բարձրահասակ ծառեր են, հասնում են 30 և ավելի մետրի: Դրանց տակ աճում են թփուտներ և ցածրահասակ ծառեր` տանձենիներ, խնձորենիներ, սալորենիներ, իլենիներ և այլ ծառեր: Ծառերի բներին և ճյուղերին փաթաթված են վայրի խաղող, բաղեղ: Ապալաչներում անտառները շատ են կտրատված, բնական վիճակում պահպանվել են միայն արգելավայրերում: Շատ տեղերում տնկված են պուրակային անտառներ: