Հարմարվողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարմարվողականություն (նաև՝ ադապտացիա հին լատիներենի "adaptatio"` «հարմարվել, հարմարեցնել», լատ.՝ adapto` «հարմարեցնում եմ» բառից), միջավայրի պայմաններին օրգանիզմների (անհատների, պոպուլյացիաների ու տեսակների) և նրանց օրգանների կառուցվածքի ու գործունեության հարմարվելու պրոցես:

Պատմություն[խմբագրել]

Յուրաքանչյուր հարմարվողականություն հարմարվողական պրոցեսի (ադապտացիոգենեզի) կոնկրետ պատմական փուլ է, որն ընթանում է որոշակի ապրելավայրերում (բիոտոպ) և համապատասխանում է բույսերի ու կենդանիների որոշակի համախմբերին (բիոցենոզ)։ Հարմարվողականության երևույթը կենսաբաններին հայտնի է եղել վաղուց։ XVIII դ. դեիստները հարմարվողականությունը համարում էին նախասկզբնական նպատակահարմարության առկայություն կենդանի բնության մեջ, որը ժխտում էր երևույթների պատճառական կապը։ Այս տեսակետը XIX դ. 2-րդ կեսին հերքվեց Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքով։

Կենսաբանական հարմարվողականություն[խմբագրել]

Կենսաբանության մեջ հարմարվողականությունն առաջանում և զարգանում է 3 գործոնների՝ ժառանգականության, փոփոխականության և ընտրության (բնական և արհեստական) ազդեցությամբ:

Ֆիզիոլոգիական հարմարվողականություն[խմբագրել]

Պատմա-էվոլյուցիոն տեսանկյունից հարմարվողականություն են համարվում նաև օրգանիզմի ոչ-ժառանգական հարմարվողական ռեակցիաները գոյության պայմանների փոփոխության հանդեպ (ֆիզիոլոգիական հարմարվողականություն, ակոմոդացիա)։ Առավել ցայտուն է արտահայտված կենդանիների և բույսերի ձևաբանա-ֆիզիոլոգիական կառուցվածքի և հարմարվողական ռեակցիաների դինամիկ համապատասխանությունը տվյալ միջավայրին բնորոշ պայմաններին։ Օրինակ՝ առանձին կենդանիների բերանային ապարատը հարմարված է սննդի որոշակի տեսակին, որոշ միջատներինը՝ ծաղկահյութը և արյունը ծծելուն, դելֆինների տորպեդաձև մարմինը և մաշկի ու ենթամաշկային բջջանքի կազմությունը՝ ջրում նրանց արագ սահելուն, մեծ թվով բույսերի ծաղիկներ՝ որոշակի միջատների և թռչունների միջոցով կատարվող փոշոտմանը և այլն։

Հարմարվողականության բնորոշ արտահայտություն են նաև բույսերի արմատային համակարգի, ցողունի, տերևների և հատկապես բազմացման օրգանների կազմությունն ու ձևը։ Հարմարվողականության հիման վրա յուրաքանչյուր խմբի օրգանիզմներ կարելի է դասակարգել ըստ ապրելավայրի (խտոնոբիոնաներ, հիդրոբիոնաներ, ավիաբիոնաներ և այլն), սնման (հատիկակերներ, խոտակերներ, գիշատիչներ և այլն) և շարժման (թռչող, վազող, սողացող և այլն) ձևերի։ Միջավայրի պայմանների փոփոխության հետևանքով հարմարվողականությունը որպես այդպիսին կարող է կորցնել իր նշանակությունը, և նման դեպքերում ցայտուն արտահայտվում է նրա հարաբերական բնույթը։ Այսպես, փափուկ կերով սնվող նապաստակի կտրիչները չափից ավելի են երկարում, կամ ժամանակից շուտ եկած ձյան վրա իսկույն նկատվում են կաքավները, որոնք չեն հասցրել փետրափոխվել:

Մուտացիոն հարմարվողականություն[խմբագրել]

Պատմա-էվոլյուցիոն հարմարվողականության աղբյուր են ժառանգականորեն պայմանավորված կամ գենետիկական փոփոխությունները՝ մուտացիաները, որոնք բազմազան են ժառանգականության նյութական հիմքը կազմող դեզօքսի ռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) փոփոխման հսկայական հնարավորությունների շնորհիվ։ Սակայն սերունդներում նույնիսկ չնչին մուտացիոն փոփոխությունների կուտակումը չի բերում հարմարվողականության, այլ, ընդհակառակը, խախտում է օրգանիզմների ցանկացած տեսակի պատմականորեն հաստատված հարմարվողական կառուցվածքը։ Այս փաստի հիման վրա Ի. Ի. Շմալհաուզենը (1942 - 1946) եզրակացրեց, որ հարմարվողականությունը չի կարելի հանգեցնել մուտացիոն պրոցեսին և դիտարկել որպես ԴՆԹ-ի փոխարկումների լոկ տարրական արդյունք։ Հետևապես, մուտացիայի և հարմարվողականության (որպես պատմական պրոցեսի) միջև առաջանում է դիալեկտիկական հակասություն, որը հաղթահարվում է միայն ընտրության միջոցով, որի շնորհիվ մուտացիոն տեղաշարժերն ու փոփոխությունները վերածվում են հարմարվողականության։

Զուգակցումներ[խմբագրել]

Քանի որ կենդանիների և բույսերի յուրաքանչյուր տեսակի անհատների միջև խաչաձևման արդյունքում ծագում են գենետիկական զուգակցությունները, ապա ընտրությունը կատարվում է ոչ թե մուտանտային հատկանիշներով, այլ զուգակցված ձևերով։ Պոպուլյացիաներում ստեղծվում է բնական հետերոզիգոտություն, որտեղ հարմարվողական ձևաբանա-ֆիզիոլոգիական կառուցվածքը «հիմնվում է» ոչ թե մուտացիայի, այլ զուգակցման վրա։ Այսինքն՝ հարմարվողականության աղբյուր են հանդիսանում մուտացիաներն ու ընտրության հսկողությամբ կատարվող նրանց զուգակցությունները, ըստ որում ընտրությունը ձեռք է բերում օրգանիզմների հարմարվողական կառուցվածքի առաջատար, ստեղծագործ գործոնի դեր։

Հարմարվողականության և մուտացիաների փոխադարձ կապի սկզբունքը ընդունված է նաև գյուղատնտեսության մեջ. որքան տարասեռ է կենդանիների ցեղը կամ բույսերի տեսակը, այնքան ավելի կենսունակ և դիմացկուն է սերունդը։ Կենդանի օրգանիզմների հարմարվողական մեխանիզմների հետազոտության տվյալների հիման վրա ստեղծվում են կենդանի նախատիպար, որոնք ինժեներա-տեխնիկական զանազան համակարգերի կառուցման հիմք են ծառայում։

Տես նաև[խմբագրել]

Ֆիզիոլոգիական հարմարվողականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png