Մեղվաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղվաբուծություն (14-րդ դար)
Մեղվաբուծությունը Սերբիայում
Մեղվի փեթակներ

Մեղվաբուծություն, մեղվապահություն, գյուղատնտեսության ճյուղ, զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ՝ մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն և այլնն ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումն ապահովելու համար։ Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի մեղվաբուծություն (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր մեղվաբուծություն (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Ռուս մեղվաբույծ Պ․ Ի․ Պրոկոպովիչի շրջանակավոր հավաքովի փեթակի (1814) և չեխ Ֆ.Գրուշկայի մեղրաքամ մեքենայի (1865) գյուտերից հետո շրջանակավոր փեթակային մեղվաբուծությունը շատ երկրներում դարձավ գյուղատնտեսության բարձրապրանքային ճյուղերից մեկը։ Մեղվաբուծության գիտական հարցերի մշակմամբ գբաղվել են Ա․ Մ. Բուտլերովը, Մ․ Ա․ Դերնովը, Ի․ Ա․ Կաբլուկովը, Ն․ Մ․ Կուլագինը և այլն։ Մեծ ավանդ են ներդրել նաև արտասահմանյան գիտնականներ Ֆ․ Ցուբերը (Շվեյցարիա), Լ․ Լանգստրոտը (ԱՄՆ), Ի․ Մերինգը, Է․ Ցանդերը (Գերմանիա) և այլն։ ՍՍՀՄ-ում 1979 թվականին կար մոտ 9, 2 մլն մեղվաընտանիք, արտադրվել է մոտ 100 հզ․ մեղր։ Մեղվաբուծական խոշոր տնտեսություններ են (մինչև 20 հզ․ մեղվաընտանիք) կազմակերպված ՌՍՖՍՀ-ում (հատկապես Բաշկիրիայում, Հեռավոր Արևելքում, Սիբիրում), Ուկրաինա, Ադրբեջան, Ղազախստան ՍՍՀ-֊ներում։ 1975 թվականին աշխարհում հաշվվում էր մոտ 40, այդ թվում ԱՄՆ-ում՝ 4, 7, Մեքսիկայում՝ 1, 8, Թուրքիայում՝ 1, 7, Լեհաստանում՝ 1, 4, Ֆրանսիայում՝ 1, 0 մլն մեղվաընտանիք։

Beekeeping at Souss-Massa National Park.jpg

Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոն է։ Դեռևս Քսենոֆոնը (մ․ թ․ ա․ 430—355) հիշատակել է, nր Հայաստանի լեռնային գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ։ Մեղվաբուծության զարգացման մասին են վկայել նաև հայ պատմիչները (Մովսես Խորենացի, Հովհաննես Դրասխանակերտցի և ուրիշներ)։ Հայաստանում տարածված են եղել մեղվի դեղին ու գորշ գույնի պոպուլյացիաները (դրանք պահպանվել են նաև ներկայումս), առաջնությունը տրվել է դեղին մեղվին։ Ձեռագրերում հիշատակվում են նաև բույսերի փոշոտման գործում մեղուների դերի մասին։ 1904 թվականին մեղվաընտանիքների թիվը Հայաստանում (8 հզ․ էր, 1912 թվականին՝ 25 հզ․, 1918-1920թվականներին՝ 15—16 հզ․։ Սովետական իշխանության հաստատումից հետո մեղվաբուծություն սկսեց բարձր տեմպերով զարգանալ։ 1931 թվականին Երևանում կազմակերպվեց Անդրկովկսայան մեղվաբուծական զոնալ կայան (1933 թվականին վերանվանվեց Մեղվաբուծական հայկական զոնալ կայան), որը 1937 թվականին միացվեց ՀՍՍՀ անասնապահական փորձակայանին։ Այստեղ մշակվել են մեղվաընտանիքների բազմացման և մեղուների մթերատվության բարձրացման համալիր միջոցառումներ։ 1944 թվականին անասնապահական փորձակայանը վերածվեց Անասնապահության ԳՀԻ-ի, որտեղ ստեղծվեց մեղվաբուծության բաժին։ 1958 թվականին վերջինիս բազայի վրա կազմակերպվեց մեղվաբուծության փորձակայան։ 1966 թվականին Մեղրու շրջանում հիմնվեց մեղվաբուծության հատուկ տոհմային տնտեսություն, որտեղ բուծվում են հայկական դեղին մեղուներ (շրջանը 1966 թվականից հայկական դեղին մեղուների արգելանոց է)։ 1979 թվականին, 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով, ՀՍՍՀ աշխարհում առաջինն էր (մեղվաընտանիքների ընդհանուր քանակը 150 հզ․)։ Մեղվապահության ղեկավարությունն իրականացնում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության մեղվաբուծության վարչությունը։ Գիտական աշխատանքներ են տարվում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտիի մանր անասնաբուծության ամբիոնում, գյուղատնտեսության մինիստրության մեղվաբուծության փորձակայանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png