Մեղվանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղվի փեթակներ Ծաղկունք գյուղում

Մեղվանոց, մեղվաբուծական ֆերմայի կամ տնտեսության արտադրական միավոր․ բաղկացած է մեղվանոցային տարածությունից, որտեղ տեղավորում են փեթակները, անհրաժեշտ գույքը, ձմեռանոցը, պահեստները, հավաքովի տնակները, արհեստանոցը, մեղվաբույծների աշխատասենյակը և այլն։ Ստեղծում են չոր, հարթ, քամիներից պաշտպանված, ձեռնարկություններից, երկաթուղուց, լճերից հեռու վայրերում։ Լինում է ստացիոնար (նստակյաց) և քոչվորական տիպի։ Ստացիոնարը կազմակերպվում է լեռնային, լեռնատայգային և այլ գոտիների դժվարամատչելի, մեղրատու բույսերով հարուստ շրջաններում։ Քոչվոր մեղվանոցի փեթակները բույսերի ծաղկմանը զուգընթաց տեղափոխում են տարբեր հանդակներ՝ լրացուցիչ մեղր ստանալու և բույսերի փոշոտումն ապահովելու նպատակով։ Մեղվաբուծության մասնագիտացմանը համապատասխան տարբերում են մեղրաապրանքային, փոշոտման և համալիր մեղվանոցներ։ Առավել տարածված են մեղրաապրանքային մեղվանոցները։ Փոշոտման մեղվանոցներն ստեղծվում են զարգացած այգեգործության, պտղաբուծության, սերմնաբուծության շրջաններում՝ բաց և փակ գրունտի բույսերի փոշոտումն ապահովելու նպատակով։ Համալիր մեղվանոցը միավորում է առաջին երկուսի ֆունկցիաները։ Այդ տիպի մեղվանոցներում բազմացվում են նաև մեղվաընտանիքներ և մեղվամայրեր, իսկ որոշ դեպքերում արտադրվում է վիտամինացված և բուժիչ մեղր, ակնամոմ, մեղ֊վաթույն, մեղվակաթ և այլն, որոնք օգտագործվում են բժշկության մեջ։ Գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, մեղվաբուծության նվաճումները և առաջավոր փորձը պրոպագանդելու նպատակով կազմակերպվում են նաև փորձարարական մեղվանոցներ։ Խոշոր մեղվանոցներ (ունեն մի քանի տասնյակ հզ․ մեղվաընտանիք) կան ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 447