Քսենոֆոն
Քսենոֆոն (հին հունարեն՝ Ξενοφῶν, մ.թ.ա. 444 թ-ից ոչ ուշ — մ.թ.ա. 356 թ.ոչ շուտ), հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գորիչ: Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք ի թիվս այլ արժանիքների եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ (երկու աշխատությունները թարգմանվել են հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից):
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում: Սերվել է ազնվական ընտանիքից: Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբայր` Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.: Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրել Սոկրատեսից, արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.
|
— Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը:
|
Աշխատություններ [խմբագրել]
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով: Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին: Քսենոֆոնը, լինելով Փուկիդիդեսի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա` Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»: Քսենոֆոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում` «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն: Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Փուկիդիիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով: Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները: Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362 թ. Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով, երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին:
Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները` իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը` իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր: Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է: Ավելի ուշ Քսենոֆոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի` Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին: Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ: Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում: Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին:
Քսենոֆոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»): Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից:
Քսենոփոնը Հայաստանի մասին [խմբագրել]
- Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտեսի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղին մ.թ.ա.401 - մ.թ.ա.400 թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև Եփրատի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ Հակոբ Մանանդյանն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի Հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը, Հարպասոս գետը նույնացնելով Արաքսի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյան Շիրակում, Գյումրի քաղաքի հարևանությամբ։ [1]
Փիլիսոփայական հայացքները [խմբագրել]
Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկարագրել է Աքեմենյանների պետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունը: Այդ գործը բարոյախոսական քաղաքական վեպ է, որի գլխավոր հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունքներով: «Կյուրոպեդիան» համարվում է համաշխարհային գրականության մեջ առաջին պատմավեպը: Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք, ատտիկյան դասական լեզվի վառ օրինակ է: «Կյուրոպեդիայի» տվյալները մ.թ.ա. 6-րդ դարերի Հայաստանի մասին համահունչ են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետ:
Աղբյուրներ [խմբագրել]
- Քսենոփոն - «Անաբասիս» Երևան 1970 /թարգմանությունը Սիմոն Կրկյաշարյանի/
- Քսենոփոն - «Կյուրոսի կրթություն» Երևան 1970 /թարգմանությունը Սիմոն Կրկյաշարյանի/
- Հակոբ Մանանդյան - հատվածական թարգմանություններ «Կյուրոսի կրթություն» գրքից
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Հ.Հ. Մանանդյան - Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Երևան 1944 էջ 13-17