Պատմություն Հայոց (Խորենացի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Page-ornament.svg
Պատմություն Հայոց
Աղբյուրը վստահելի է
MosesOfChorene ManuscriptIX-X page 2.jpg
Պատառիկ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ձեռագրից (IX-Xդդ)
Page-ornament-T.svg
Ուրիշ անվանում Հայոց Պատմություն
Հեղինակ Մովսես Խորենացի
Բնագիր լեզու Հին հայերեն լեզու (գրաբար)
Թեմա Հայոց պատմություն
Ժանր պատմական ժամանակագրություն
Բնագիր հայտնի չէ
FlagRibbon Armenia.PNG
Տեքստի էլեկտրոնային տարբերակը

Պատմություն Հայոց կամ Հայոց Պատմությունը Մովսես Խորենացու գրած գլխավոր երկն է, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։

Գրելու պայմանները[խմբագրել]

Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Աշխատության սկզբում օգտվելով առիթից՝ Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն։ Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։

«Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։

Կառուցվածքը[խմբագրել]

Խորենացու «Պատմություն Հայոց» երկը ներկայիս վիճակով բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր։

Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։ Սյս անձինք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ։

Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։

«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը։

Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա՝ 475-491թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյության հարցը հանդիսանում է հայագիտության վիճելի խնդիրներից մեկը։

Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը։

Բովանդակությունը[խմբագրել]

Էջ «Հայոց պատմության» 1695թ. Ամստերդամի տպագիր հրատարակությունից

Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը։ Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ՝ ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում։

Նույն նպատակով պատմիչը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովի առաջնորդների։ «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան, -ասում է հեղինակը, -քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին եվ ինչպես կամենում է՝ թող կոչի։»

Խորենացու համար ազգի նախահայր Հայկը նախընտրելի հերոս է՝ իր ազատասիրական ոգով, բռնակալի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականությամբ, ըմբոստ խիզախությամբ։ Արամն ընդօրինակելի է հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումով, Տիգրանը՝ Հայաստանի կորցրած տարածքները հետ գրավելու, ազգային բանակը վերազինելու, երկիրն ամեն տեսակի բարիքներով հարստացնելու վճռականությամբ։ Բնութագրելով Տիգրանին՝ պատմիչը չի թաքցնում իր նպատակը. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքն ու խոհեմությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»։

Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացու իդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ։ Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին։ Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգային դւրքորոշման, ինչպես նաև՝ հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու՝ որպես ազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին։

Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը։ Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին։ Հայոց անցյալի մասին աշխատություններ ստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի...»։


«Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը[խմբագրել]

Իր երկը Մովսեսը շարադրել է աշխույժ և համաչափ։ Նա կյանք է տվել իր պատմությանը նկարագրություններով, որոնցից է Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատել է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին իր պատմության մեջ օգտագործել է մի շարք ասույթներ, որոնք հետագայում դարձել են թևավոր խոսքեր։ Ահա դրանցից մի քանիսը.

  • Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է։
  • Քաջերի սերունդները քաջեր են։
  • Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։
  • Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ։

Խորենացին այս պատմության մեջ արտահայտել է իր զգացումները՝ ուրախությունը, տխրությունը, հպարտությունը, վիշտն ու իղձը։ Խորենացու նպատակն է եղել տեսնել իր հայրենիքը միասնական, հզոր ու լուս:

Արտաքին հղումներ[խմբագրել]