Ուտիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուտիք նահանգից)
Ուտիք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է12 գավառ
Գլխավոր քաղաքԳարդման
Այլ քաղաքներՏիգրանակերտ, Պարտավ, Գանձակ, Դրունք Հայոց, Տիգրանակերտ (Առան-Ռոտ), Խաղխաղ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք11315 կմԱ
Ներկայիս երկրներ{{{2}}} Հայաստան
{{{2}}} Ադրբեջան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՀայեր, Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Իսլամ
Ուտիքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Ուտիք (նաև Ուտի, Ուտյաց աշխարհ)[1], Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգը։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիսարևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավարևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակվում է նաև Ուտի ձևով։ Անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ Տարածվում էր Գուգարքի, Սյունիքի, Արցախի և Կուր գետի միջև։ Իր մեջ ընդգրկում է Թարթառ գետի միջին և ստորին հոսանքների վրա ընկած շրջանները և Կուր գետի ու Գանձակ լեռների ջրբաժան գագաթների միջև ընկած տարածքները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները վկայում են, որ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանից Ուտիքի բնակչությունը ներառնվել է Հայկական լեռնաշխարհի ընդհանուր տնտեսական և մշակութային հարաբերությունների ոլորտը։ Մ.թ.ա. 13-րդ դարի 1–ին կեսին Սարդուրի Բ–ի ուրարտական զորքերը մուտք են գործում Ուտիք, իսկ նույն դարի 2–րդ կեսին Ռուսա Ա–ն նահանգը միացրել է Ուրարտական պետությանը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Ուրարտուի անկումից հետո Ուտիքը մտել է Երվանդունիների Հայկական թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։ Մ.թ.ա. 2-րդ դարում Ուտիքը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։ Մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։ Վարչական մի շարք փոփոխությունների հետևանքով Ուտիքը 3-րդ դարում կազմված է եղել նախ 7, ապա 8 գավառից։ 301 թվականից քրիստոնեությունը տարածվել է նաև Ուտիքում։ Ուտիքում քրիստոնեության ամրապնդման գործում մեծ դեր է խաղացել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Ուտիքը մնացել է Խոսրով Գ–ի Արևելահայկական թագավորության կազմում։ 450-451 թվականներին Ուտիքի հայ բնակչությունը մասնակցել է Վարդան Մամիկոյանի գլխավորած հակապարսկական ապստամբությանը և Ավարայրի ճակատամարտին։ 5-րդ դարի վերջին Ուտիքը մտել է Արցախի հայ Առանշահիկների թագավորության մեջ։ 9-րդ դարի սկզբին Հյուսիսային Կովկասից Հայաստան մուտք գործած Սևորդյաց ցեղը հաստատվել է Ուտիքում, ընդունել քրիստոնեություն և հայացել։ 840–ական թվականներին Ուտիքում հիմնադրվել է Գանձակ քաղաքը։ 9-րդ դարի վերջին Ուտիքի հյուսիսարևմտյան մասը մտել է Բագրատունիների Հայոց թագավորության մեջ։ 11-րդ դարի 2-րդ կեսին Ուտիքը գրավել են սելջուկ–թուրքերը։ 11-րդ դարի վերջին Զաքարյաններն ազատել են Ուտիքի արևմտյան շրջանները, որոնք դարձել են Վահրամյան ճյուղի տիրույթը։ 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Ուտիքը ասպատակել են Լենկթեմուրի զորքերը։ 17-ից 18-րդ դարերում Ուտիքի հայ բնակչությունը հարթավայրային շրջաններից ստիպված է եղել հեռանալ նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կենտրոնացել Գանձակ քաղաքում։ Մինչև 19-րդ դարը Ուտիքի տարածքում պահպանվել են հայկական մի քանի ինքնավար մելիքություններ․

  1. Գետաշենի, ուր իշխել են Մելիք-Մնացականյանները
  2. Խաչակապի, ուր իշխել են Մելիք-Մովսիսյանները
  3. Ոսկանապատի, ուր իշխել են Մելիք-Շահնազարյանները
  4. Բարսումի, ուր իշխել են Մելիք-Ռոստոմյանները։

Մելիքներ են եղել նաև ուշմիջնադարյան Զակամ գավառի տարածքում (Մելիք-Սարգսյաններ, Քալանթարյաններ), որոնք 18-րդ դարի վերջին տեղափոխվել և բնակություն են հաստատել պատմական Գուգարքի Շուլավեր (խորհրդային շրջանում՝ Շահումյան) ավանում։

19-րդ դարի 40-50–ական թվականներին Ուտիքի տարածքը մտել է Թիֆլիսի, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ հիմնականում Ելիզավետպոլի և մասամբ Բաքվի նահանգի մեջ։ 1920 թվականից հետո Ուտիքի հյուսիսարևմտյան Տուչքատակ (Տավուշ) և Աղուէ գավառների արևմտյան հատվածներ մտել են ՀՀ կազմի մեջ, իսկ մեծագույն մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Վերջինս, շարունակելով հակահայկական, ցեղասպանական քաղաքականությունը, մինչև 1988 թվականն ամբողջովին հայաթափել է երկրամասի իր տիրապետության տակ հայտնված տարածքը։ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային պատկերը գրեթե չի փոխվել։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհացոյց»-ի տվյալներով Ուտիքը կազմված էր հետևյալ 8 գավառներից. Առան-ռոտ- կենտրոնը՝ Տիգրանակերտ Տռի- կենտրոնը՝ Բայլական Ռոտ-Պացյան (Ռոտ-Պացեան), Ռոտ-Պացյան գավառը գտնվել է Ուտիքի արևելյան սահմանում, Երասխի ձախափնյա տարածքում։ Հիշատակվում է միայն «Աշխարհացոյց»-ում։

Աղվե (Աղուէ)- կենտրոնը՝ Կայեան Տուչքատակ- կենտրոնը՝ Տավուշ (Տաւուշ), Տարբեր ժամանակ և տարբեր աղբյուրներում գավառը կոչվում էր Տուչկատակ, Տուզքատակ, Տուչքուստակ, Տուչ Կատակ, Տուզ Քուստակ, Տուզ Քստակ, Տուհաց գավառ կամ Տավուշ։ Տավուշ գավառը Մեծ Հայքի հյուսիսարևելյան գավառներից մեկն է։ Արևմուտքից և հյուսիս-արևմուտքից Տավուշին սահմանակից է Ուտիքի Աղվե գավառը, հյուսիսից՝ Աղվանքի Կամբեճան շրջանը, արևելքից և հարավ-արևելքից Ուտիքի Գարդմանք գավառը, իսկ հարավից է սահմանակից Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառը։

Գարդման, կենտրոնը՝ Գարդման, Գավառի տիրույթները տարածվում էին Շամխոր գետի ավազանի և նրա հարակից տարածքների վրա։ Գավառի մեծ մասը լեռնային է և անտառապատ։

Շակաշեն (Շակաշէն), կենտրոնը՝ Գանձակ, Գավառը հիշատակվում է Շիկաշեն, Շակաշէն, Շիկաշէն ձևերով։ Ենթադրվում է, որ Շակաշեն անվանումը ծագել է սկյութացիների (սակերի) անունից։ Շակաշենի պատմաաշխարհագրական նշանավոր վայրերից է Գանձակ քաղաքը, որը կառուցվել է 12-րդ դարում և կարճ ժամանակահատվածում դարձել վաճառաշահ, մեծ քաղաք։

Ուտի Առանձնակ, կենտրոնը՝ Պարտավ (Պարտաւ), Տեղեկայվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը։ Հիմնականում համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին։

Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտիքի հյուսիսարևմտյան մասը հիմնականում լեռնային անառիկ շրջան է՝ հարուստ անտառներով և ալպյան մարգագետիններով։ Կուրի աջափնյա հարթավայրային շրջանը մինչև Կուրի և Երասխի խառնուրդը արգավանդ դաշտավայր է։ Ուտիքի հարավարևելյան մասը կազմում է Մուղանի դաշտավայրի մի հատվածը։ Ուտիքի արևելակենտրոնական մասը Թովմա Արծրունին հիշատակում է որպես Գարգարացվոց, իսկ հյուսիսարևմտյանը՝ Շակաշենի կամ Սակասենի դաշտ։ Աղստև գետի ստորին հոսանքի շրջանում է Գագա դաշտը։ Ուտիքով հոսում են բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք գերազանցապես Կուրի վտակներն են (Շամխոր, Աղստև, Հախում, Տավուշ, Զակամ, Բանանց, Ոսկանապար կամ Գանձակ, Կուրակ, Գերան, Բարակ, Տրտու կամ Թարթառ, Խաչենագետ, Կարկառ և այլն)։ Կուրի և Երասխի ջրկիցի շրջանում կան աղի լճակներ։ Ուտիքի հնագույն ժամանակներից նշանավոր էր երկաթի, պղնձի, նավթի, ոսկու, արծաթի և շիբի հանքերով։ Այժմ Ուտիքի տարածքը հայտնի է նաև ծծմբային կոլչեդանի, մանգանի, բարիտի, գիպսի, կաոլինի, քվարցիտների, շինարարական քարերի և այլ հանքերով։ Ունի հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնք հիմնականում կենտրոնացված են Աղստև, Տավուշ և Զակամ գետերի ավազաններում։ Ուտիքի լեռնային շրջանները հարուստ են անտառներով։ Բազմազան է նաև Ուտիքի կենդանական աշխարհը։ Հիշատակություններ կան այն մասին, որ հնագույն ժամանակներում Ուտիքում հանդիպել են նաև առյուծ, հովազ և նմանատիպ այլ կենդանիներ։ Ուտիքի հարթավայրային շրջաններն ունեն բարեխառն տաք կիսաանապատային և չոր տափաստանային կլիմա։ Տարեկան տեղումները կազմում են 300—600 մմ, հս-արմ., լեռնային որոշ շրջաններում՝ մինչև 900 մմ, հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 3°C–ից մինչև -3 °C, իսկ հուլիսինը՝ 20 °C–27 °C և ավելի։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆով Ուտիքը բաժանվում է երկու մասի՝ դաշտային և լեռնային։ Դաշտային շրջանները տարածվում էին Կուր և Թարթառ գետերի առափնյա մասերում, իսկ լեռնային գավառները գտնվում էին Փոքր Կովկասի շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թաթիկ Հակոբյան, «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Երևան, 2007 թվական, էջ․ 242, Կայք

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ․Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան 2007։