Մասիս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մասիս
Masis kaghak.jpg
40°00′00″ հս. լ. 44°29′00″ ավ. ե. / 40° հս. լ. 44.483333° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի
Քաղաքապետ Սաշա Հակոբյան
Այլ անվանումներ մինչև 1950Ուլուխանլի
Բարձրություն ծովի մակարդակից 854 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 20,539 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (236)
Փոստային ինդեքսներ 0801, 0802
##Մասիս (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

Մասիսը քաղաքային համայնք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։ Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանից 14 կմ հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ 20 կմ արևմուտք հեռավորության վրա։ Մասիսում տեղակայված է Երևանը սպասարկող խոշոր երկաթուղային հանգույց։

2008թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 20.539 մարդ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել]

Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում` Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարտի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից` Սայաթ-Նովա, հարավից` Նորամարգ, արևելքից` Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։

Անվանումը և կարագավիճակը[խմբագրել]

Նախկինում ունեցել է Զանգիբասար, Հրազդան ավան անվանումները։ Մինչև 1950 թ. քաղաքը կրում էր Ուլուխանլի անվանումը։ Մասիս է անվանվել Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1950 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով։

Մինչև 1995 թ.-ի նոր վարչատարածքային բարեփոխումները, քաղաքը հանդիսացել է Մասիսի վարչական շրջանի կենտրոն։ ՀՀ Ազգային ժողովի 07.11.1995 թ. ընդունած օրենքով ստացել է քաղաքի կարգավիճակ։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Մասիս քաղաքը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած` քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ` Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ։

Տնտեսություն[խմբագրել]

Համայնքն ունի ոռոգման լայն ցանց և օգտագործում է Հրազդան գետի և ստորգետնյա արտեզյան ավազանի ջրերը։ Տնտեսական մասնագիտացման ուղղություններն են բանջարաբուծությունը, խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` մոտ 600 հեկտար։ Մասիսն ունի շուրջ 40 հեկտար պտղատու և խաղողի այգիներ։ Բնակչությունը զբաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն[խմբագրել]

Մասիս քաղաքի վարչական տարածքում գործում են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ`

  • «Մասիս Տաբակ» - ծխախոտի հումքի մթերում և ֆերմենտացում,
  • «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» - ծխախոտի արտադրություն,
  • «Ալիշան ՍՊԸ» - պահածոների արտադրություն,
  • «Մասիսի Գոֆրոտարա» - ստվարաթղթե արկղերի արտադրություն,
  • «Բերմա ՓԲԸ» - ճանապարհաշինարարական կազմակերպություն,
  • «Գրաֆ-Ռոբ ՓԲԸ» - հացահատիկի արտադրություն և այլն։

Կրթություն[խմբագրել]

Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական քոլեջ, գրադարան, երաժտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, կապի հանգույց։

Հայտնի անձինք[խմբագրել]

  • Արմեն Նազարյան - հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003), աշխարհի եռակի չեմպիոն (2002, 2003, 2005), օլիմպիական կրկնակի չեմպիոն (1996թ. Ատլանտայում Հայաստանի կողմից, 2000թ. Սիդնեյում Բուլղարիայի կողմից). 2007թ. Արմեն Նազարյանի անունը ներ է առնվել Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի «փառքի դահլիճում»։
  • Հրանդ Հակոբյան - ազատ ոճի կարատեի Ռուսաստանի բազմակի չեմպիոն, «խառը մարտի» Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի բազմակի մրցանակակիր, «խառը մարտի» Ռուսաստանի հավաքականի անդամ 2004-2008թթ., մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոն։
  • Խագանի Մամեդով - ադրբեջանցի ֆուտբոլիստ։
  • Արման Հովհաննիսյան - ժողովրդական, էստրադային երգերի կատարող։
  • Գագիկ Ադիբեկան - Ռուսաստանաբնակ գործարար, բարերար, ռուսաստանյան RG Group ընկերության նախագահ։ Մասիսի «Սուրբ Գևորգ» եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկանի միջոցներով 2011թ.։ Նրա նախաձեռնությամբ նաև բարեկարգվել է եկեղեցու և քաղաքային գերեզմանատան շրջակա տարածքը 2013թ

Տես նաև[խմբագրել]