|
|
Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վարդենիսը քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից մոտ 5 կմ հարավ-արևելք՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառում։ Բնակչությունը 12753 մարդ (2001 թ. մարդահամարով)։ Գտնվում է ծովի մակարդակից 1940-2000 մ. բարձրության վրա։ Ըստ ավանդության բնակավայրը հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Այդ մասին անուղղակի կարող են վկայել բնակավայրի տարածքում պահպանված մ. թ. ա 3-1 հազարամյակների դամբարանները։
Մ. թ. 9-րդ դարում Սյունյաց Գաբուռն Վասակ իշխանը նորոգել է գյուղը և վերանվանել Վասակաշեն։ Սյունյաց իշխանի կառուցած եկեղեցու տեղում 20-րդ դարի սկզբին կառուցվել է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին։ 16-18-րդ դարերում բնակավայրն անվանել են Ոսկեշեն։ 19-րդ դարի սկզբին բնակչությունը գաղթել է Վրաստան։ 1829-30 թվականներին բնակավայրում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Դիադին (հնում՝ Տատեոն) գյուղաքաղաքից գաղթած հայրեը։ Բնակավայրը մինչև 1969 թ. կոչվել է Բասարգեչար, այնուհետև՝ Վարդենիս։ Բնակավայրի տարածքում պահպանվել են նաև միջնադարյան խաչքարեր (15-18-րդ դարեր)։ Սուրբ Աստվածածին վանքում ստեղծագործել է Հովհաննես Ծարեցին։ Վարդենիսում է ծնվել ակադեմիկոս Համազասպ Համբարձումյանը՝ Վիկտոր Համբարձումյանի հայրը։ Վարդենիսում է գտնվում վերջինիս տուն-թանգարանը և կիսանդրին։ Քաղաքի երբեմնի զարգացած արդյունաբերական ձեռնարկություններից մնացել և գործում են միայն սննդի (կաթնամթերք, հացամթերք) ձեռնարկությունները։ Բնակչությունն հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և սպասարկմամբ։