Լևոն Տեր-Պետրոսյան
| Լևոն Տեր-Պետրոսյան | |
| Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան | |
![]() |
|
| ՀՀ 1-րդ Նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | հոկտեմբերի 16, 1991 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | փետրվարի 4, 1998 |
| Փոխնախագահ՝ | Գագիկ Հարությունյան |
| Կուսակցություն՝ | Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) , Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) |
| Նախորդող՝ | պաշտոնը հիմնադրվել է |
| հաջորդող՝ | Ռոբերտ Քոչարյան |
| Ծննդյան օր՝ | հունվարի 9, 1945 |
| Ծննդավայր՝ | Հալեպ, Սիրիա |
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան (ծն. Հունվար 9, 1945 թ., Հալեպ), Սովետական Միությունից անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը 1991-1998 թթ.։ Հրաժարական է տվել 1998 թ. Փետրվար 3-ին՝ տնտեսական և քաղաքական պատճառներով ստեղծված ժողովրդական հուզումներից հետո։ Նախագահի պաշտոնին նրան հաջորդել է մինչ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
[խմբագրել] Կրթությունը և գիտական գործունեությունը
1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-85 թթ. վարել Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ 2005 և 2007 թվականներին հրատարակվել են կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։
Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։
[խմբագրել] Քաղաքական գործունեությունը
Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի Ղարաբաղ կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու քաղաքական զարգացումների կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։
Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումները։ Դարձել է Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989 թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ընտրությունների մասին օրենքի խախտումների կապակցությամբ: Սակայն, Տեր-Պետրոսյանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Երևանի դատախազությունը դադարեցրեց քրեական գործը։
1990 թ. հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյան դարձել է ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Ընտրությունների արդյունքները ընդդիմությունը չընդունեց և փաստեր բերեց, որ դրանք կեղծվել են: Ընդդիմությունը մի քանի օր բողոքի ցույցեր արեց, որի գագաթնակետը հասավ սեպտեմբերի 25-ին, երբ ցուցարարները ներխուժեցին Ազգային ժողովի շենք, որից հետո բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու ցուցարարներ ձերբակալվեցին, իսկ Երևան մտցվեցին բանակի ստորաբաժանումներ ծանր զրահատեխնիկայով:
Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը և 1995 թ հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։ Ընդդիմությունը բազմաթիվ փաստեր է ներկայացրել, որ Սահմանադրության հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Ընդդիմությունը դեմ էր այդ Սահմանադրությանը որակելով այն միապետական: Ըստ այդ Սահմանադրության ժողովրդավարության համար կարևոր իշխանության տարանջատման սկզբունքը բացակայում էր, երկրի նախագահի ձեռքում էր կենտրոնացած ամբողջ իշխանությունը. նա է նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը: 2005թ. սահմանադրության փոփոխություններով Սահմանադրությունը որոշ չափով դեմոկրատացավ: Իր պաշտոնավարման ընթացքում արգելվել է Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը, յոթ պարբերականներ, «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը հայկական ռադիոցանցում:
Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, կատարվեցին համակարգային բարեփոխումներ, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ, միաժամանակ երկիրը անցավ սոցիալ-տնտեսական և էներգետիկ ճգնաժամի միջով, որը ժողովրդական լեզվում կոչվում է նաև «մութ ու ցուրտ տարիներ»։
Ըստ նրա քննադատների, Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նա հանդես է եկել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու կողմ և այդ մասին հայտնել է 1992 թ. մարտի 5-ին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։ Սակայն սա հերքվել է նրա թիմի կողմից։[1]
[խմբագրել] Անձնական կյանք
Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի և երեք թոռ։ Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ բանասեր-գերմանագետ է, ղեկավարում է «Կանանց համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, հարսը՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանը, արևելագետ՝ սեմական լեզուների մասնագետ, դասավանդում է ԵՊՀ-ում։ Թոռներից ավագը՝ Լևոնը, 10 տարեկան է, միջնեկը՝ Հակոբը՝ 5 և կրտսերը՝ Լուսիան՝ 3 տարեկան է։
[խմբագրել] Գրականություն
- Լևոն Տեր Պետրոսյան, Ընտրանի Երևան 2006
[խմբագրել] Ֆիլմեր
- Մատյան Անկախության (վավերագրական ֆիլմ նվիրված Հայաստանի անկախության 10 ամյակին (1991-2001 թթ.) և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությանը: Ռեժիսոր Լևոն Մկրտչյան
- Հայաստան 1988
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Նախորդող Սամսոն Տոնոյան |
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 1990 թ. մայիսի 20—1990 թ. օգոստոսի 23 |
Հաջորդող պաշտոնը լուծարվել է, նույն ինքը որպես ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ |
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 1990 թ. օգոստոսի 23— 1991 թ. հոկտեմբերի 26 |
Հաջորդող Բաբկեն Արարքցյան |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 1991 թ. մայիսի 26— 1998 թ. փետրվարի 4 |
Հաջորդող Ռոբերտ Քոչարյան |
| Աղբյուրներ, նշումներ և հղումներ |
|
|
|||||||||||
