Լևոն Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Լևոն Խաչիկյան
Լևոն Ստեփանի Խաչիկյան
Xachikian levon.jpg
Ծնվել է մայիսի 1, 1918
Ծննդավայր ք.Երևան
Մահացել է մարտի 12 1982

Խաչիկյան Լևոն Ստեփանի (ծն. մայիսի 1, 1918, Երևան - մարտի 12, 1982, Երևան), հայ սովետական պատմաբան, բանասեր-աղբյուրագետ։ Պատմական. գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966), գիտության վաստակավոր գործիչ (1968), ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1971

Կյանքը և գործունեությունը[խմբագրել]

Լևոն Ստեփանի Խաչիկյանը ծնվել է 1918 թ մայիսի 1-ին Երևանում։ Նրա հայրը Առաջին հանրապետության տարիներին պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, ուստի Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո բանտարկվեց, և ազատություն ստացավ Փետրվարյան հեղաշրջման արդյունքում։ Այնուհետև նա անցնում է Իրան, ապա համաներումից հետո վերադառնում Երևան։ Նման մարդկանց և նրանց զավակների առաջ ստեղծվում էին արհեստական մեծ ու փոքր արգելքներ։

1935 թվականին Լ. Խաչիկյանը ավարտում է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1940 թվականին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1939 թվականին Մատենադարանը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա։ Լ. Խաչիկյանը եղել է Մատենադարանի առաջին ասպիրանտներից՝ Հակոբ Մանանդյանի ղեկավարությամբ։ 1940-1944 թթ. որպես մատենագետ աշխատանքի է անցնում Մատենադարանում։ 1944 թվականին դառնում է ձեռագրատան վարիչ։ 1945 թ պաշտպանում է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1949 - 1954 թթվականին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1951-1954 թթ Լ. Խաչիկյանը դառնում է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ Հրապարակումների բաժնի վարիչ։

1954 թ. Լևոն Խաչիկյանը՝ 36 տարեկան հասակում, դառնում է Մատենադարանի տնօրեն, և մինչև կյանքի վերջը ղեկավարում այն։ Լ. Խաչիկյանի օրոք Մատենադարանի կյանքում տեղին են ունենում հսկայական փոփոխություններ։ Մատենադարանը գրադարանային տիպի հիմնարկությունից դառնում է գիտահետազոտական ինստիտուտ, տեղափոխվում է նոր շինություն, ստեղծվում են գիտական բաժիններ, ավելանում է գիտաշխատողների քանակը։

1963 թ. Լ. Խաչիկյանը ընտրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1971 թ.՝ իսկական անդամ։ 1964-1982 թթ. Խաչիկյանը ընտրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահության անդամ։ 1967 թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1969 թ. Լ. Խաչիկյանն արժանանում է Մ. Մաշտոցի անվան մրցանակի՝ «ԺԵ. Դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» եռահատոր հրատարակության համար։ Այս աշխատության առաջին հատորի համար Լ. Խաչիկյանին շնորհվում է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։

Լ. Խաչիկյանի ուսումնասիրությունները հիմնովին խարսխված էին ձեռագրական հարուստ նյութի, իր հայտնաբերած բնագարական նորությունների, պատմիչների և հիշատակագիրների հաղորդած հավաստի տեղեկությունների վրա, իրենց մեջ ընդգրկում էին միջնադարյան Հայաստանի ներքին կյանքի ցարդ չուսումնասիրված կամ թերի ուսումնասիրված հարցեր. ինչպես օրինակ «Երզնկա քաղաքի «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ.)»(1962 թ.), «Արհեստագործության վիճակն ու զարգացման աստիճանը Հայաստանում 10-14-րդ դարերում», «ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասին» (1958 թ.) նրա աշխատությունները։

1974-1982 թթ Լ. Խաչիկյանը եղել է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական խորհրդի անդամ, հայ ժողովրդի հին և միջին դարերի պատմության գիտաճյուղի խորհրդի նախագահ։ Խաչիկյանը «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի խմբագրական կոլեգիայի և ՀՍՀ խմբագրական կոլեգիայի անդամ է, Մաշտոցյան մրցանակի առաջին դափնեկիրը (19691978 թվականին ծննդյան 60-ամյակի առիթով և պատմագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ Լ. Խաչիկյանի նախաձեռնությամբ Մատենադարանում ստեղծվել էր «Տնտեսական պատմության վավերագրեր» հայագիտական նոր մատենաշար։ Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ մատենաշարը սկսվեց «Հաշվետումարով», որը ներածական ընդարձակ և հանգամանալից ուսումնասիրությամբ, օտար բառերի հարուստ բառարանով լույս տեսավ 1984 թ-ին։

Լևոն Խաչիկյանը մահացել է 1982 թ մարտի 12-ին՝ Երևանում։ Նրան հետմահու շնորհվել է ՀՍՍՀ պետական մրցանակ՝ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակի պատրաստմանը մասնակցելու համար։

Աշխատություններ[խմբագրել]

  1. Յաղագս տարեմտին ի վանական վարդապետէ ասացեալ (1941 թ)
  2. Եղիշեի Արարածոց մեկնութիւնը (1945 թ)
  3. Գլաձորի համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները (1946 թ)
  4. Դիտողություն Մ. Խորենացու Հայոց պատմության երկրորդ գրքի ԾԴ գլխի մասին (Ադրբեջանում գտնված հին լատինական արձանագրության առնչությամբ) (1948 թ)
  5. Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում 16-17-րդ դարերում (1954 թ)
  6. ԺԵ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (Երևան 1955 թ)
  7. Արհեստագործության վիճակն ու զարգացման աստիճանը Հայաստանում 10-14-րդ դարերում (1958 թ)
  8. ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասն (1958 թ)
  9. Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին (1961 թ)
  10. Երզնկա քաղաքի «Եղբարաց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ) (1962 թ)
  11. Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը (1963 թ)
  12. Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը» որպես հայ մատենագրության երախայրիք (1964 թ)
  13. ԺԵ Դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. Մասն Գ. (1481-1500 թթ) (1967 թ)
  14. Սարգիս աբեղայի ուղեգրությունը (1970 թ)
  15. Թորոս Ռոսլինի ձեռագրի վերջին հանգրվանը (1976 թ)
  16. Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա (1980 թ)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png