Հայերը Եթովպիայում
| Եթովպահայեր | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Եթովպիայի դրոշը | ||||||
| Ընդհանուր քանակ | ||||||
|
2.000 |
||||||
| Բնակեցում | ||||||
|
||||||
| Լեզու(ներ) | ||||||
| Հայերեն, ամհարերեն | ||||||
| Հավատք(ներ) | ||||||
| Հայ Առաքելական եկեղեցի |
Հայ եթովպական վաղեմի հարաբերությունների մասին վկայում է Մովսես Խորենացու գրի առած մի ավանդություն, որի համաձայն, ասորեստանցիների Պրիամոս թագավորին ուղարկած օգնական զորքի մեշ եղել է նաև հայազգի զորավար Զարմայրը, եթովպական զորքով: Հայ-եթովպական կապերը սերտացել են 451 թվականի Քաղկեդոնի տիեզերական ժողովից հետո, երբ եթովպացիները, ասորիները, ղպտիները և հայերը համատեղ մերժել են բյուզանդական եկեղեցու պահանջները:
Բովանդակություն |
Պատմական ակնարկ [խմբագրել]
Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբները նվաճելով Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում` Եթովպիաում և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Ս. Ստեփանոս եկեղեցին: Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեջ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը): Համայնքը համադրվել է 12-րդ դարում Եգիպտոսից և 14-րդ դարի վերջին Կիլիկիայից` հայկական, թագավորության անկումից հետո, գաղթած հայերով: Եթովպահայ համայնքը ստվարացել է 19-րդ դարի վերջերին, երբ 1894—1896 թվականների կոտորածների հետևանքով բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթել են Եթովպիա:
Հայերը Եթովպիայի տնտեսությունում [խմբագրել]
Նորագաղթ հայերի մեծ մասը արհեստավորներ (ոսկերիչներ, զինագործներ, երկաթագործներ) ու գյուղացիներ էին, որոնց գալով փոխվեց համայնքի սոցիալական կազմը (մինչ այդ գերակշռում էին առևտրականներն ու պետական ծառայողները): Կային նաև ճարտարապետներ, դեղագործներ, մեքենագետներ: Թեև վաճառականները մեծ թիվ չեն կազմել, բայց որոշ դեր են խաղացել երկրի տնտեսական կյանքում, հատկապես արտաքին առևտրի ասպարեզում:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում գործել են հայկական 10 առևտրական տներ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեին Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներում: Հայ առևտրականները Եթովպիա են ներմուծել երկաթեղեն, զենք ու զինամթերք, մետաքս, կապար, բամբակեղեն, ներկեր, մեքենաներ, գործիքներ, արտահանել` մորթի, սուրճ և այլն: Հայերը իրենց գործունեությամբ կարևոր դեր էին խաղում հասարակական քաղաքական կյանքում: Հայտնի են Մատթևոս անունով հոգևորական դիվանագետը, որը 1513 թվականին հատուկ առաքելությամբ ուղարկվել Է Պորտուգալիա, Մուրադ Հալեպցին` Եթովպիայի թագավորի դեսպանն ու առևտրական ներկայացուցիչը Հնդկաստանում 17-րդ դար: Եթովպիայի մասին աոաջին գիտական աշխարհացույցը, որտեղ մեծ ճշգրտությամբ տրված են երկրի տեղագրությունը, լեռների, դաշտերի, գետերի, քաղաքների նկարագրությունն ու չափագրությունը, կազմել է 17—18-րդ դարերի հայ տոմարագետ, թվաբանագետ, ճանապարհորդ Ավետիք Բաղդասարյանը: 18-րդ դարի 60—70-ական թվականներին պետական գանձապահ էր Սեֆել անունով մի հայ, իսկ նրա մահից հետո` Հովհաննես Թովմաշյանը, ապա նրա որդի Պողոսը: Քսան տարուց ավելի երկրի գլխավոր ճարտարապետն է եղել Գրիգոր Հովյանը 19-րդ դար, ճանաչված ճարտարապետ էր Մինաս Սերպիկյանը, Մենելիք կայսեր բժշկապետն էր Պողոս Մարգարյանը, ոսկերչապետը` Տիգրան Հեպհյանը: Հայլե Սելասիե կայսեր օրոք արքունի փողերանոցի պետն էր Միքայել Թոփչյսւնը, ֆինանսական գործերի կառավարիչը` Աբրահամ Քորհաճյանը, արքունի դեղագործ` Արշակ Թերզյանը, արքունի նվագախմբի ղեկավար Գ. Նալբանդյանը` Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակը: Օտար և ներքին թշնամիների դեմ եթովպական ժողովրդի մղած պայքարի պատմության մեջ նշանակալից տեղ ունի Սարգիս Թերզյանը (Եթովպիա է եկել 1882 թվականին), որը վարել է զինվորական և վարչական բարձր պաշտոններ, գլխավորել Լոնդոն, Բեռլին, Վիեննա, Հռոմ, Բրյուսել, Վաշինգտոն ուղարկված եթովպական դիվանագիտական խմբերը: Նա աոաջինն է կազմակերպել ավտոմեքենաների ներմուծումը Եթովպիա, ձեռնարկել Ջիբութի—Ադիս Աբեբա երկաթուղու կառուցումը, եթովպական բանակը սպառազինել ժամանակակից զենքով:
Հայերը իտալական ներխուժման և պատերազմի տարիներին [խմբագրել]
Եթովպիայի հայերի նվիրվածությունը լավագույնս դրսևորվեց 1935 թվականին: Իտալական ֆաշիզմի դեմ եթովպական ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ, երբ կազմակերպվեց Եթովպիայի սուվերենությունն ու առաջադիմությունը պաշտպանող «Հայ համայնքի միությունը», որի նպատակն էր կամավորներով և այլ միջոցներով օգնել եթովպական ժողովրդին: Պատերազմում աչքի ընկան հայ կամավորներ Բաբկեն Սեֆերյանը, Ստեփան Փափազյանը, Գեհերյանը և ուրիշներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եթովպահայերը մասնակցեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար հանգանակությանը:
Մշակութային կյանք [խմբագրել]
1950-ական թվականներին եթովպահայերի թիվը հասավ 1000-ի: Հիմնականում բնակվում Էին Ադիս Աբեբայում, ինչպես նաև Դիրեդաուա և Հարեր քաղաքներում: 1920-ական թվականներից գործում Է «Եթովպահայ գաղութային ժողովը», որը համայնքի ղեկավար մարմինն է և ընտրվում Է 4 տարին մեկ: Համայնքում գործում են ՀԲԸՄ Եթովպիայի մասնաճյուղը (1908), Եկեղեցասեր տիկնանց միությունը (1965), Բարեսեր տիկնանց միությունը, «Արարատ» մարզական միությունը (1943), «Արարատ» երգի-պարի խումբը (ղեկ. Տիգրան և Շնորհիկ Որբերյաններ) «Մուրադյան» երգչախումբը (ղեկավար Ներսես Նալբանդյան). «Հայ բեմ» թատերախումբը: Եթովպիայում հայկ. աոաջին դպրոցը` Ազգային Արարատյան Վարժարանը (հիմնել են Վաղինակ և Մառի Բեքարյանները)[1], բացվել Է 1918 թվականին, մինչ այդ` 1915 թվականից գործել է Օվսաննա ճեռահյանի «Ծաղկոցը»` 20 աշակերտով, այնուհետև 1932 թվականին ընդարձակվել և վերանվանվել է Ազգային Գևորգով վարժարան: Լույս են տեսել «Նոր ծաղիկ (1932) և «Փյունիկ (1958—62) պարբերականները: Եթովպահայ թեմը Էջմիածնական է, գործող Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1934 թվականին: Հեղաշրջումից հետո ծայր առած արտագաղթի հետևանքով Եթովպիայում հայերի թիվը նվազել է (800 հոգի` 1977 թվակնին): Եթովպահայ համայնքը մշտապես սերտ կապեր է պահպանել Խորհրդային Հայաստանի հետ: 1960-1970 թվականներին շատ եթովպահայեր բարձրագույն կրթություն են ստացել Հայաստանում: Վերջին շրջանում եթովպահայ գաղութը նվազել է, ներկայումս մնացել է 100 հայ, որոնք բնակվում են միայն Ադիս Աբեբայում: Երկրի մայրաքաղաքում գործել են հայկական մշակութային միություններ, երաժշտական և թատերական խմբեր, ազգային վարժարան: Գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին: Մայրաքաղաքի ամենահայտնի և ամենախոշոր գորգերի խանութը պատկանում է հայի:
Աղբյուրներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|||||||||||||||||||||||