Հայերը Բաքվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերը Բաքվում
Տարի
Ընդամենը
Հայերը     %
1851[1]
7,431
405
5.5%
1886[2]
86,611
24,490
28.3%
1897[3]
111,904
19,099
17.1%
1926[4]
347,390
69,544
20%
1939[2]
808,690
118,703
14.7%
1959[2]
987,228
170,074
17.2%
1970[2]
1,265,515
207,464
16.4%
1979[2]
1,533,235
215,807
14.1%
1989[2]
1,794,874
179,950
10.0%
1999[5]
1,788,854
378
0%
2009[6]
2,045,815
104
0%
1939-1989 figures include data from the city of
Baku proper and the Baku municipality (gorsovet).

Հայերը Բաքվում։ Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։ 1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով՝ Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ՝ 22506 հայ։ 1915-ի տվյալներով՝ Բաքուն ունեցել է 86,5 հազար հայ բնակիչ։ Հետագա տարիներին այդ թիվն աճում էր։ 1918 թ. սկզբներին հայերի թիվն անցել է 90 հազարից։ Հաշվի առնելով, որ քաղաքն ուներ ընդամենը մոտ 200 հազար բնակիչ, դա նշանակում է, որ հայերը քաղաքի բնակչության մոտ կեսն էին։ Իսկ նկատի ունենալով, որ կովկասյան թուրքերը՝ որոնք 1936 թ. Ստալինի կողմից կնքվեցին ՛՛ադրբեջանցիներ՛՛ անվամբ, այդ ժամանակ կազմում էին բնակչության մոտ 1/4-ը, պարզ է դառնում, որ Բաքվում հայերը 1-ին տեղն էին գրավում, թուրքերը 2-րդ, իսկ ռուսները՝ 3-րդ տեղը, մնացած ազգերը՝ համեմատաբար փոքր թիվ էին կազմում։ Ահա ինչու Բաքուն, 80-տոկոսանոց հայկական բնակչությամբ Թիֆլիսի հետ իրավամբ համարվում էր Կովկասի հայկական քաղաքներից մեկը։ Ցավոք, 1918 թ. սեպտեմբերի 15-ին՝ 9-ամսյա պայքարից հետո Բաքուն ընկավ օսմանյան բանակի և նրանց եղբայրակից կովկասյան թուրքերի ձեռքը։ Հայերի թիվն արագ կրճատվեց. միայն այդ օրերին 30 հազար հայ ոչնչացվեց։

Բաքվում հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում։ 20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։ 1970-ի տվյալներով՝ Բաքվի 1, 27 միլիոն բնակչից ավելի քան 200 հազարը հայ էր։ 1980-ականների վերջին այստեղ բնակվել է շուրջ 300 հազար հայ։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։ Հայերը հեռացել են քաղաքից՝ այնտեղ թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը[7]։

Տնտեսական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։

19-րդ դարի վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմակերպվել են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն՝ կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում։ «Միրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Աստվածահաճո ձկնարան», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Հովհաննես Մինասի Միրզոյանի կողմից է հիմք դրվել Բաքվի նավթաարդյունաբերությանը։ Նա առաջինն էր, ով 1868 թվականին հիմնեց կերոսինի երկու գործարան և առաջինն էր, ով արտահանեց կերոսինը։ Միրզոյանի ջանքերով 1871 թվականին հիմնվեց առաջին արդյունաբերական հորատանցքը, իսկ 1872 թվականին՝ երկրորդը[8]։ Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, Փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները՝ գինեգործության, Փիլիպոսյանները՝ շոկոլադագործության։ Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առևտրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր։ 1907-ին Բաքվում արտադրվող 448 միլիոն փութ նավթի 54,4 տոկոսը, 1917-ին՝ 368 միլիոն փութի 53 տոկոսը պատկանել է հայերեին։ 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական։ Բաքվում Անդրկովկասի շոկոլադի առաջին ֆաբրիկան 1891 թվականին հիմնել են Փիլիպոսյանց եղբայրները։ Այն միակ ձեռնարկությունն էր ամբողջ Կովկասում, որ արտադրում էր ընտիր շոկոլադ՝ շոկոլադե–մինոյն ու շոկոլադե կոնֆետներ, ինչպես նաև բարձրորակ կարամելի զանազան տեսակներ։ Արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել է 3 ոսկե մեդալի[9]։ Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պատկանել է Թումանյան եղբայրներին։ Հայերը զգալի կշիռ են ունեցել տնտեսության նաև այլ՝ մասնավորապես մետաքսագործության, բամբակագործության ճյուղերում։ Բաքուն դարձել էր Անդրկովկասի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը[7]։

Հայկական եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին

1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Կույսի աշտարակի մերձակայքում)։ Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին 18-19-րդ դարասկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ադրբեջանում։ 1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն մատուռ-եկեղեցին, 1911-ին՝ Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Հայկաշեն թաղամասում մինչև 1920-ականները գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվում առաջին հայկական դպրոցը 1860-ին բացվել է Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով։ 19-րդ դարավերջին գործում էր հայկական 12 դպրոց։ 1903-ի մարդահամարի տվյալներով՝ բաքվեցիների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվի 1,2 տոկոսը ռուսներ էին, 1,5-ը՝ հայեր, իսկ թաթարները պարսիկների հետ կազմել են 0,1 տոկոսը։ 1930-50-ական թվականները գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցներ, մանկավարժական տեխնիկում, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում ու մանկավարժական ինստիտուտում։ Վերջին հայկական ուսումնական հաստատությունը (դպրոց) Բաքվում փակվել է 1983-ին[7]։

Հասարակական-քաղաքական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործել են թատերական խմբեր, երաժշտական համույթներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ, նաև տպարաններ, որտեղ հրատարակվել են հայերեն պարբերականներ, դասգրքեր, գրականություն և այլն։

Հայ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են բազմաթիվ բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ։ Բաքվում գործել են հայ ազգային կուսակցությունները (ՀՅԴ, ՍԴՀԿ), Ռուսական կայսրությունում գործող գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների (ՌՍԴԿ, ՌՍԴ(բ)Կ և այլն) հայ ներկայացուցիչները։ Համայնքի ներքին ազգային կյանքը, այլ կազմակերպությունների հետ, տնօրինել է Հայոց կենտրոնական ազգային բյուրոյի ներկայացչությունը, 1917-ից՝ Բաքվի Հայոց ազգային խորհուրդը (կազմալուծվել է 1920-ին)։ 1905-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների հրահրմամբ թաթարները (ադրբեջանցիները) սկսել են կոտորել անզեն հայերին դաշնակցականները կազմակերպել են ինքնապաշտպանության ջոկատներ՝ Նիկոլ Դումանի գլխավորությամբ[7]։

Խորհրդային տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, հոկտեմբերի 31-ին, Բաքվում հռչակվել է խորհրդային իշխանություն։ 1918-ի ապրիլին կազմավորվել է Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի նախագահությամբ։ Ժողկոմ խորհում բարձր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ՝ Գ. Ղորղանովը (զինվորական կոմիսար), Արտաշես Կարինյանը (լուսժողկոմ) և այլք։ Բաքվի կոմունան գոյատևել է մինչև 1918-ի թուրքական արշավանքը։ Սեպտեմբերի 15-ին Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են ավելի քան 30 հազար հայ։

1920-ի ապրիլին Ադրբեջանում վերջնականապես հաստատված խորհրդային կարգերի պայմաններում 1918-ի կոտորածից փրկված հայերը վերադառնում էին Բաքու։ Խորհրդային իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները։ Բաքվի հայկական համայնքը վերստին հնարավորություն էր ստացել գոյատևելու. բացվել են հայկական դպրոցներ, ստեղծվել է հայկական պետական թատրոն, հրատարակվել հայերեն օրաթերթեր և այլն։ Հայաբնակ շրջաններում հիմնարկների, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն։

1950-ականներից հետո հայ ազգային կյանքն սկսել է անկում ապրել։ Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվել է հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, իսկ Հայ եկեղեցին թույլ էր նրանց համախմբելու համար[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (ռուս.) Kavkazskii Kalendar na 1852g., pp. 305–307
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 (ռուս.) «Население Азербайджана». Ethno-Caucasus. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  3. (ռուս.) Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.
  4. (ռուս.) ГОРОД БАКУ (1926 г.)
  5. (անգլերեն) «Ethnic composition of Azerbaijan 1999». Pop-stat.mashke.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  6. (անգլերեն) «Ethnic composition of Azerbaijan 2009». Pop-stat.mashke.org. 1971 թ․ ապրիլի 7. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2003, էջ 19-21։
  8. Обзор бакинской нефтяной промышленности за два года национализации 1920-1922 (б․м․ и г․), с․ 12․
  9. Весь Кавказ․ Иллюстрированный справочно–литературный сборник, Тифлис, 1903 г․ (раздел реклам)․