Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն.jpg
Առաջնորդ Աշոտ Ղուլյան
Կայք dpa.am

Արցախի ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ) - քաղաքական կուսակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Հիմնադրվել է 2005 թվականի հունվարի 30-ին։ Մինչ այդ, 2000-2005 թթ. գործել է որպես «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն։  Կուսակցության նախագահը`Աշոտ Ղուլյանը, միաժամանակ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահն է։ 2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ն ստացել է ընտրողների մեծամասնության քվեն և Ազգային ժողովում ձևավորել  «Ժողովրդավարություն»  խմբակցությունը։ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում վերաձևավորել է խմբակցությունը և ունի 10 անդամ։ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է և կոչված է ներկայացնելու ԼՂՀ հասարակության լայն խավերի շահերը պետական-քաղաքական կյանքում։

Գաղափարախոսություն[խմբագրել]

ԱԺԿ-ն կայունության, զարգացման բնականոն ճանապարհի կողմնակիցն է։ Կուսակցության  արժեքներն  են` ուժեղ պետությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը, մարդը, նրա ազատությունը և պաշտպանվածությունը, ընտանիքը, աշխատանքը, սոցիալական արդարությունը։ Կուսակցության դավանանքը քաղաքական պրագմատիզմն է։

Ծրագիր[խմբագրել]

ԱԺԿ ծրագրային նպատակներն են.
• մարդու ազատ, անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքների իրականացումը երաշխավորող իրավական պետության կերտումը;
• անկախ պետականության ամրապնդումը, տնտեսապես հզոր, քաղաքակիրթ պետության կերտումը, նրա ազգային նկարագրի պահպանումն ու հարստացումը;
• ազգային արժեքների վրա խարսխված՝ սոցիալական համերաշխության և արդարության, հանդուրժողականության և գործընկերության հիմքով քաղաքացիական հասարակության ստեղծումը։

Խնդիրներ[խմբագրել]

ԱԺԿ ծրագրային խնդիրներ են.
• Հասնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրական լիազորությունների իրական տարանջատմանը, նրանց միջեւ հակակշիռների եւ զսպման մեխանիզմների ապահովմանը։
• Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը` նրա համար ընդունելի պետական սահմաններում, կառավարման եւ անվտանգության ազգային համակարգով։
• ԼՂՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդումը` որպես քաղաքացիական հասարակության կայացման նախապայման։
• Հանրապետության տնտեսական կյանքում ազատ շուկայական հարաբերությունների զարգացման առաջնահերթությունը՝ օրենքի գերակայության և նրա առջև հասարակության բոլոր անդամների իրավահավասարության պայմաններում։
• Սոցիալապես անապահով խավերի նկատմամբ պետության հոգատարության ապահովումը և սոցիալական արդարության հասցեականության արմատավորումը։
• Հանրապետության կրթամշակույթային և գիտական կյանքում՝ բնագավառի ժամանակակից նվաճումների օգտագործումը՝ ազգային արժեքների պահպանման և զարգացման համատեքստում։
• աջակցությունը ԼՂՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, երիտասարդների, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գաղափարախոսության մշակմանն ու տարածմանը։
• սփյուռքի քաղաքական ու տնտեսական ներուժի միավորմանը նպաստելը՝ ի շահ հայ ժողովրդի հարատևման ու նրա պետականության հզորացման։
• քաղաքական դաշտում ազատ մրցակցության ապահովումը՝ բազմակարծությունը հարգելու պայմանով, ԱԺԿ գաղափարախոսության հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորող բոլոր ուժերի հետ համակողմանի համագործակցության սկզբունքով։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Արցախի ժողովրդավարական կուսակցության պաշտոնական կայք` http://www.dpa.am/
  • ԼՂՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք` http://nankr.am/
  • ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք` http://cecnkr.am/