Հայերը Գերմանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանահայեր
Flag of Germany.svg
Գերմանիայի դրոշը
Ընդհանուր քանակ

80.000

Բնակեցում
Գերմանիա Գերմանիա 50.000-60.000
Ավստրիա Ավստրիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Լեհաստան Լեհաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Եվրոպա Եվրոպա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հայաստան Հայաստան
Բելգիա Բելգիա
Չեխիա Չեխիա
Լեզու(ներ)
Հայերեն, գերմաներեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի

Հայերի հետքերը Գերմանիայում գնում են մինչեւ վաղ քրիստոնեական ժամանակաշրջաններ: Հայաստանում Քրիստոնեության ընդունումանը (301 թ.) հաջորդող տարիներին հայ-քրիստոնյա քարոզիչներ եկել են նաեւ Գերմանիայի ներկայ տարածքներ` քրիստոնեական կրոնը այստեղ քարոզելու եւ տարածելու մտադրությամբ: Եվրոպայում եւ նաեւ Գերմանիայում ամենահայտնի հայկական ծագմամբ անձը Սուրբ Բարսեղն է կամ Վլասը` պատմական Փոքր-Հայքի Սեբաստիա (Ներկայումս կոչվում է Սվազ եւ գտնվում է Թուրքիայի տարածքում) քաղաքից: Ծնվել է 3-րդ դարի կեսերին սեբաստացի ունեւոր հայ ընտանիքում: Եղել է բժիշկ: Հավանաբար դեռեւս երիտասարդ տարիքում ընդունել է քրիստոնեություն եւ ապագայում դարձել Սեբաստիայի եպիսկոպոս: Այդ ժամանակ Սեբաստիան մտնում էր Հռովմէական Կայսրության մեջ: Նահատակվել է 316 թվականին Լիկինուս կայսեր ծավալած քրիստոնեական հալածանքների ժամանակ: Հռովմեական զինվորների կողմից, որոնք ընդունել էին քրիստոնեությունը, նրա հարգանքը տարածվել է Եվրոպայում եւ նաեւ Գերմանիայում: Հայտնի են անեւ այլ հայ քարոզիչների անուններ: Հիշատակության է արժանի նաեւ Թեոֆանու կայսրուհին, ով ըստ որոշ հետազոտողների ծագում է բյուզանդական հայ ազնվական ընտանիքներից:

Գերմանիայում բնակություն հաստատած հայերի մասին պատմական վկայություններ գրեթե չկան եւ հստակ չէ, թե հայերը երբ են ոտք դրել այս տարածք: կա սակայն արժեքավոր մի վկայություն Բավարիայի Պասաու քաղաքից: 11-րդ դարում այստեղ է գործել եւ նաեւ մահացել Գրիգորիս արքեպիսկոպոսը, ով եկել է Հայաստանից: Պասաու քաղաքի Նիդերնբուրգ վանքի վերանորոգության ժամանակ հայտնաբերվել է նրա դամբարանը: 1982 թվականին հայկական ծեսով վերաթաղվել են նրա մասունքները նույն վանքում:

Գերմանիան առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ. Գերմանիայի Հայնրիխ 6-րդ կայսրն է ճանաչել Լեվոնին Կիլիկիայի թագավոր և թագ շնորհել նրան։ Գերմանիայի հետ է կապված նաև հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու գործունեությունը։

Գերմանիայի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել Կոմիտասը, Ամենայն հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, գրողներ Լևոն Շանթը և Ավետիք Իսահակյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Կոջոյանը և շատ այլ հայ գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ։

Մոտավոր տվյալներով՝ այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 55-60 հազար հայ։

Խոշոր հայ համայնքները կամ հայկական միությունները կենտրոնացված են Քյոլնում, որտեղ եւ որի շրջակայքում ապրում են ամենաշատ հայերը, ինչպես նաեւ Բեռլինում, Մյունխենում և Համբուրգում։ Համայնքներ կամ հայկական միություններ են գործում նաեւ մի շարք այլ քաղաքներում, ինչպես օրինակ` Ֆրանկֆուրտ, Հանաու, Գյոպինգեն, Շտուտգարտ, Նյուրնբերգ, Աախեն, Հալլե, Բրաունշվայգ, Բիլեֆելդ, Մայնց եւ այլն:

Համայնքում ազգային կյանքն առավելապես աշխուժացել է 1991 թվականից հետո, երբ Գերմանիայում ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմը` Քյոլն գտնվող Առաջնորդարանով: Առաջին եւ ներկայիս առաջնորդն է Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը։ Թեմի կամ Առաջնորդարանի հովանու ներքո գործում են 15 համայնքներ, որոնցից միայն երեքն ունեն իրենց եկեղեցիները, իսկ մնացած համայնքներն իրենց արարողությունների համար հյուրընկալվում են գերմանական եկեղեցիներում։

Գերմանահայության հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեն «Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը», «Գերմանա-Հայկական Ընկերակցությունը», «Հայկական Հարցերի Հաստատությունը», «Ցեղասպանության ուսումնասիրման Կենտրոնը» եւ այլն: Գործում են նաեւ մի շարք այլ հասարակական կազմակերպություններ՝ «Հայ Գործարարների Միությունը», «Հայ Բժիշկների եւ Բուժաշխատողների Միությունը», «Հայ Օգնության Միությունը», «Մեսրոպ - Հայագիտական Կենտրոնը», «Տեղեկատվական եւ Փաստագրական Կենտրոնը», «Ցեղասպանության Ճանաչման Հանձնախումբը» եւ այլն:

2008 թվականից սկսած՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։

Գերմանիայի հայ համայնքն ունի նաև որոշակի դժվարություններ։ Համայնքում առկա են հաղորդակցման խնդիրը, ինչպես նաև տարբեր երկրներից Գերմանիա եկած հայերի մշակութային տարբերությունները։