Հայերը Սանկտ Պետերբուրգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կատարինե եկեղեցին Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի հայեր, ազգային խումբ Սանկտ Պետերբուրգում։ 2010 թ. տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում ապրում է շուրջ 20000 հայ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Լազարյան, հովանավորել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու շինարարությունը

Առաջին հայերը Սանկտ Պետերբուրգում բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից անմիջապես հետո։ 1710 թ. նրանք հիմնում են միություն։ Սկզբնական շրջանում հայերը հավաքվում էին մասնավոր տներում։

1714 թ. վարդապետ Մինասն առաջին հայկական եկեղեցին կառուցելու խնդրանքով դիմում է քաղաքի իշխանություններին, սակայն մերժում է ստանում։ Միայն 1725 թ. սեպտեմբերի 25-ին հայերի միությունը ստանում է Սինոդի թույլտվությունը՝ աղոթատուն բացել Վասիլիի կղզում գտնվող մի փայտե շինությունում։

1740 թ. հունվարին Լուկա Շիրվանովը (Ղուկաս Շիրվանյան) թույլտվություն ստացավ սեփական միջոցներով կառուցել քարե ոչ մեծ եկեղեցի, սակայն Աննա Յոհանովնա կայսրուհու մահից հետո եկեղեցու շինարարությունը դադարեցվեց։

Սուրբ Կատարինե եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1770 թ. մայիսի 2-ին հայկական համայնքի ղեկավար Հովհաննես Լազարյանի խնդրանքով Եկատերինա II-ը հրապարակեց հրաման, որ առևտրական ու զինվորական հայերին թույլատրում էր եկեղեցիներ կառուցել Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում։ Երեք շաբաթ անց կայսրուհին եկեղեցու համար տարածք հատկացրեց Նևայի պողոտայի մոտ։

Եկեղեցու շինարարությունը կատարվել է Յ. Ֆելտենի նախագծով։ Շինարարական աշխատանքները շարունակվել են 1771-1776 թթ. և արժեցել 33 հազար ռուբլի։ Եկեղեցին կառուցվել է հավատացյալների նվիրատվություններով, ինչպես նաև հենց Հ. Լազարևի միջոցներով։

1930 մայիսին եկեղեցին փակվել է, իսկ 1931—1934 թթ. ներսում կառուցվել են միջնապատեր։ Եկեղեցու շենքում տեղավորվել է հակաօդային պաշտպանության շտաբ, իսկ պատերազմից հետո՝ երաժշտական կոմեդիայի թատրոնի դեկորացիաների պատրաստման արհեստանոց։

1990 թ. Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը խնդրեց վերադարձնել եկեղեցու շենքը։ 1993 թ. մարտի 14-ին եկեղեցում կատարվեց առաջին պատարագը, որից հետո սկսվեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքները։

Սուրբ Հարություն եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն եկեղեցի

1791 թ. ավագ երեց Ստեփանը (Լորիս-Մելիքով) հանդես եկավ քարե ոչ մեծ եկեղեցի կառուցելու ու գերեզմանատուն կազմակերպելու խնդրանքով, որոնց համար հետագայում տարածք հատկացվեց Սմոլենկի գետի ափին՝ լյութերական գերեզմանատան կողքին։ Մոտավորապես 1797 թ. եկեղեցին օծվեց և ստացավ ներկայիս անվանումը՝ Սուրբ Հարություն եկեղեցի։ Եկեղեցու շուրջն աստիճանաբար ձևավորվեց գերեզմանատունը, որ կոչվում է Սմոլնիի հայկական գերեզմանոց։

1901 թ. ճարտարապետ Ալեքսանդր Կոչետովի նախագծով եկեղեցու կողքին կառուցվել է վանատուն, որի պատերը զարդարված են հայկական ճարտարապետությանը հատուկ տարբեր նախշաքանդակներով։

1930-ական թթ. եկեղեցին փակ էր, և նրա շենքն օգտագործվում էր որպես քանդակագործների արհեստանոց։ Եկեղեցին հավատացյալներին վերադարձվեց միայն 1988 թ.։

Եկեղեցու դիմաց 1994 թ. տեղադրվել է խաչքար (քանդակագործ՝ Ա. Հովսեփյան)։

Հայերը հասարակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում գործում են հայկական մի շարք հասարակական կազմակերպություններ՝

  • «Պետերբուրգի հայեր» հասարակական նահանգային կազմակերպություն - ՌԴ քաղաքացիների հասարակական կազմակերպություն, որ հանդիսանում է հայերի ազգային միություն, գործում է կամավոր ինքնակազմակերպման միջոցով և նպատակ ունի օգնել ինքնուրույն լուծելու հայերի ինքնության պահպանման, լեզվի ու ազգային մշակույթի զարգացման, կրթության կազմակերպման հարերը։ Կազմակերպության անդամ են պետերբուրգի մտավորականության ներկայացուցիչներ, տարբեր կրոնների հետևորդներ, ինչպես նաև անհավատներ։
  • Հայկական առաքելական եկեղեցու տեղական հոգևոր կազմակերպությունը և նրան առընթեր գործող Հայկական ազգային-մշակութային ինքնավարություն կազմակերպությունը։

Նոր սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր սերունդ» հայկական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է 2000 թ.։ Այն ձևավորվել է Սանկտ Պետերբուրգում 1985 թվականից գոյություն ունեցող երիտասարդական միության հիման վրա։ Կազմակերպության գործունեության սկզբնավորման տարեթիվ է համարվում 1997 թ-ը, երբ հայկական Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում սկսեցին ամեն կիրակի անցկացնել երիտասարդների հավաքներ։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը հանդես էր գալիս եկեղեցու կազմում։

2007 թվականից Նոր սերնդի ակտիվիստներն սկսել են ակտիվորեն մասնակցել հասարակական տարբեր միջոցառումների։ 2010 թ. Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը մեծ հանդիսությամբ նշեց իր 300-ամյակը։ Նոր սերնդի անդամները ակտիվությամբ մասնակցեցին հոբելյանական շատ միջոցառումների՝ իրենց շուրջը համախմբելով տեղի հայ երիտասարդությանը[2]։

Սանկտ Պետերբուրգում գործում են հայկական պարի 4 խմբակներ՝ Հայաստան, Նաիրի, Արմսթայլ, Նոյան։

Լույս են տեսնում Հավատամք եկեղեցական պարբերականը, Պետերբուրգի հայերի լրաբեր անկախ թերթն ու Պետերբուրգի հայերի լրաբեր էլեկտրոնային պարբերականը։

Սանկտ Պետերբուրգում գործող № 259 հանրակրթական դպրոցն ունի հայկական թեքում։ Պարտադիր առարկաներից բացի դպրոցում դասավանդում են հայոց լեզու, հայոց պատմություն ու Հայաստանի աշխարհագրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուսաստանի բնակչության 2010 թ. մարդահամարի վերջնական արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  2. «Նոր սերունդ. պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.