Հայերը Բրազիլիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլահայեր
Armeno-brasileiros
Ընդհանուր քանակ

100,000[1]

Բնակեցում
Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո
Լեզու(ներ)
պորտուգալերեն, հայերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի) և այլն

Հայերը Բրազիլիայում (պորտ.՝ Armênio-brasileiro), հարավամերիկյան երկրներում հայկական ամենաստրվար սփյուռքերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլահայերի պատմությանը վերաբերող ոչ մեծաթիվ աղբյուրներից հիշատակության են արժանի 1948 թվականին ասպարեզ ելած՝ Սան Պաուլուի Հայ առաքելական եկեղեցու քահանա Եզնիկ Վարդանյանի «Բրազիլիայի հայկական համայնքը»[2] ծավալուն հայատառ աշխատությունը և դրանից քառասուն տարի անց՝ 1988 թվականին Բրազիլիայի Հայ ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ահարոն Սափսզյանի[3] պորտուգալերեն հրատարակած «Հայաստանի պատմությունը» ուսումնասիրությունը։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս և տարբեր այլ աղբյուրների համաձայն, հայերի մուտքը հարավամերիկյան այդ երկիր սկսվում է 19-րդ դարի 80-ական թվականներին, երբ Կ. Պոլսից և Արևմտյան Հայաստանի գավառներից առանձին հայ ընտանիքներ հաստատվում են Բրազիլիայի արևելյան շրջաններում։ 1890-ական թթ. երկրորդ կեսին, սուլթանական Թուրքիայում հայերի մշտատև հալածանքների և ջարդերի հետևանքով ակտիվանում է վերջիններիս արտահոսքը, այդ թվում նաև դեպի Ամերիկյան մայրցամաք։ Բրազիլիայում հայկական համայնքի ձևավորման սկիզբն ընդունված է համարել 1890-ականի վերջերը՝ Գասպարյան ընտանիքի Սան Պաուլու ժամանումով, որն իր հետ այդ քաղաք է բերում նաև հետագայում երկրի առևտրական և արտադրական բնագավառներում մեծ ազդեցություն ձեռք բերած Նազարյան և Ջեֆերյան ընտանիքներին։

Բրազիլական և հայկական շրջանակներին լայնորեն ծանոթ է Եվրոպայում ուսանած և 1880-ականի սկզբին Բրազիլիա փոխադրված անվանի ճարտարագետ Միհրան Լատիֆի անունը, որի հեղինակությամբ Ռիո դե Ժանեյրո նահանգում և հարակից շրջաններում կառավարության պատվերներով կյանքի են կոչվում շինարարական խոշոր կառույցներ, երկաթուղիներ ու մայրուղիներ։ Համայնքի կազմավորումը, սակայն, որպես այդպիսին, տեղի է ունենում 1920-1926 թթ., երբ Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թուրքիայից և Արևելքի այլ երկրներից ժամանում և բրազիլական հողում արմատներ են ձգում փախստական հայերի մեծաթիվ խմբեր։ Դա 1915 թվականի Հայոց ցեղասպանություն վերապրողների աշխարհասփռման երկրորդ ալիքն էր, երբ ազգային աղետին հաջորդած տարիներին Բեյրութի, Կահիրեի, Երուսաղեմի, Հալեպի ու Դամասկոսի որբանոցներում, հիվանդանոցներում և կացարաններում ապաստան գտած հայերն սկսում են տեղաշարժվել Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Գաղթական հայերը ամերիկյան, այդ թվում՝ բրազիլական ափեր էին իջնում լիբանանյան, սիրիական, հունական, եգիպտական, թուրքական կամ էլ, մասնավորապես, նանսենյան անձնագրերով։ Հարավային կիսագնդի նավահանգիստներ ժամանած գաղթական ընտանիքները կարող էին մնալ ու հիմնավորվել կամ, արդեն սեփական ուժերով, շարունակել իրենց ընթացքը դեպի հյուսիս՝ աշխատանքի և ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքներով։ Հենց այդ գործոններով է պայմանավորված հայկական գաղթօջախների կազմավորումը Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում։

Առաջին բնակավայրը, ուր ոտք դրեցին հայ ներգաղթողների քիչ թե շատ ստվար խմբերը, Ռիո դե Ժանեյրոն էր, որտեղ որոշ ժամանակ անց ձևավորվեց մոտ երեք հարյուր ընտանիք հաշվվող հայկական համայնք՝ իր համապատասխան կառույցներով։ Բրազիլական կառավարության ցույց տված բարյացակամ ընդունելությունը և ժամանողներին տրամադրած հնարավորությունները նպաստեցին այն բանին, որ վերջիններս անարգել տեղաշարժվեն նահանգից նահանգ՝ փնտրելով հիմնավորման համար ավելի նպաստավոր բնակավայրեր։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմության երկրորդ փուլը կարելի է համարել 1950-ական թթ. վերջը – 1960-ականի սկիզբը, երբ Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Եգիպտոսից ժամանեցին հայերի նոր խմբեր, որոնք շարունակեցին կենտրոնանալ Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրե, Ֆորտալեզա քաղաքներում, հյուսիս-արևելյան և հարավային մի քանի նահանգների քաղաքներում ու բնակավայրերում։

Հայոց ցեղասպանության հուշարձան Սան Պաուլոյում

Համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրջանիկ Քեսիջիկյանին նվիրված օբելիսկ Սան Պաուլուում
Արմենիա (Մետրո Սան Պաուլո) կայարան

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին հայերի թիվը երկրում գնահատվում էր 20 հազար մարդ։ Դա հաստատում է նաև համայնքի ստեղծման պատմությանն ու գործերին քաջածանոթ Եզնիկ քահանա Վարդանյանն իր «Հայերը Բրազիլիայում» գրքում։ 1948-2008 թվականներին բրազիլահայերը ժողովրդագրական աճ չեն ապրել։ Բրազիլական պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նման աճի տեմպերը երկրում 1920-1940 թթ. կազմել են 8,6%, 1940-1990 թթ.՝ 6,2% և հետո միայն աստիճանաբար նվազել են և 2000 թվականին հասել 2- 2,2%-ի՝ մոտենալով եվրոպական զարգացած երկրների համանման ցուցանիշներին։

Սփռվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը բնակվում կամ բնակվել են Բրազիլիայի այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Սեարան, Մատու Գրոսսուն, Մատու Գրոսսու դու Սուլը, Մինաս Ժերաիսը, Ռիո դե Ժանեյրոն, Ռիո Գրանդե դու Սուլը, Ֆեդերալ շրջանը (մայրաքաղաքի վարչական օկրուգը) և Սան Պաուլուն։ Վկայություններ կան այլ նահանգներում, մինչև իսկ Ամազոնիայի շրջանում ապրող հայերի վերաբերյալ, սակայն դրանք վերը նշված համայնքային կառույցներում գրանցված չեն։

Իրականում բրազիլահայ համայնքը, որն այսօր կենտրոնացած է Սան Պաուլու, Օզասկո և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում, հայկական այն ընտանիքների միավորման արդյունքն է, որոնք իրենց կյանքը սկսել են ներքին շրջաններում և աստիճանաբար կենտրոնացել քաղաքային խոշոր բնակավայրերում։ Երկրի տարբեր նահանգների այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Կամպո Գրանդեն, Պորտու Ալեգրեն, Սանտա Մարիան, Սան Ժոզե դու Ռիու Պրետուն, Անապոլիսը, Արասատուբան, Նովա Պալեստինան, Պենապոլիսը, Ուբերաբան, Գուաշուպեն, Ֆորտալեզան, Օզասկոն, Ռիո դե Ժանեյրոն ու Սան Պաուլուն, դրա օրինակներն են։

Բրազիլահայերի հիմնական մասը կենտրոնացած է Սան Պաուլո նահանգում, մասնավորապես, այդ նահանգի նույնանուն մայրաքաղաքում։ Սան Պաուլու նահանգի Օզասկո քաղաքում ապրում է մոտ 3-4 հազար հայ, Ռիո դե Ժանեյրոյում՝ 400-500, մայրաքաղաք Բրազիլիայում՝ շուրջ 300 մարդ։ Մնացած մասը ցրված է երկրի տարբեր նահանգներում։ Բրազիլահայ համայնքի ներկայիս թիվն ընդունված է համարել 20-25 հազար մարդ։ Առանձին դեպքերում, այդ թվում նաև բրազիլացիների կողմից, շրջանառության մեջ է դրվում 35-40 հազար, նույնիսկ՝ 60-80 հազարանոց քանակը։

Զբաղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանած հայերի բացարձակ մեծամասնությունը, անծանոթ լինելով երկրին ու նրա բարքերին, չտիրապետելով պորտուգալերենին, զբաղվում էր մանրավաճառությամբ՝ շրջելով մեկ բնակավայրից մյուսը։ Նախնական այդ փուլին հաջորդեց կայունացման ժամանակաշրջանը, երբ արդեն նյութապես ամրապնդված և երկրին հարմարված հայերն աստիճանաբար սկսեցին ընդգրկվել արտադրական՝ կոշիկի ու տեքստիլ արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ու սպասարկումների ոլորտներ, բացեցին սեփական ձեռնարկություններ ու խանութներ։ Ասպարեզ եկան մեծահարուստ հայեր՝ տնտեսության տարբեր բնագավառներում։

Իրենց գործունեության առաջին շրջանում հայերն ավելի նկատելի էին Բրազիլիայի կոշիկի արտադրության և տեքստիլ արդյունաբերության մեջ, ինչը շարունակվում է մինչև այսօր՝ այն տարբերությամբ, որ նրանք արտադրողներից փոխարկվել են կոշկեղենի առևտրականների՝ հաճախ հասնելով այդ բնագավառում տիրապետող դիրքերի, իսկ տեքստիլի փոխարեն ներկայումս որոշակի չափով մտել են երկրի լավագույն հագուստեղեն արտադրողների շարքը՝ երբեմն ծանրակշիռ տեղ գրավելով վերջին նորաձևությունների ստեղծման ու տարածման գործում։

Բրազիլահայությանը հաջողվել է մուտք գործել և լավագույնս ներկայանալ այլ ոլորտներում, Բրազիլիայի հասարակական կառույցի բազմաթիվ օղակներում՝ գիտություն, շինարարություն, բանկային-ֆինանսական գործ, բժշկություն, իրավաբանություն, կինո և շոու բիզնես, նույնիսկ զինվորական գործ, դիվանագիտություն։ Այդ ասպարեզներում ճանաչված անուններ են՝ երկրի կարևորագույն՝ Սան Պաուլոյի տեխնոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական Վահան Հակոբյանը, Բրազիլիայի քաղաքացիական և ռազմական նավահանգիստների նախկին տնօրեն, ռազմածովային ուժերի ծովակալ Զավեն Պողոսյանը, երկրի բժշկական ակադեմիայի իսկական անդամ Լևան Պողոսյանը, միջազգային համբավի տեր, մանկաբույժ Անդրանիկ Մանիսաջյանը, բանկային խոշոր գործիչներ Վարուժան Բուրմայանը, Անդրանիկ և Անդրե Կիսաջիկյանները, անվանի կինոտեսաբան, Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Լեոն Կակոֆը, բրազիլական կինոյի և հեռուստատեսության առաջին մեծության աստղեր Արաքսի Բալաբանյանը, Ստեփան Ներսիսյանը, Դենիս Դերկյանը և շատ ուրիշներ։ Բրազիլիայի դիվանագիտական համակարգում՝ նրա կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում ծառայում են քսանից ավելի հայազգի դիվանագետներ, այդ թվում՝ չորս արտակարգ և լիազոր դեսպաններ։

1960-ական թվականներից հայերը մուտք են գործում նաև պետական-քաղաքական ասպարեզ՝ տալով այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են՝ Մատու Գրոսսու դու Սուլ նահանգի նահանգապետ Պեդրո Պետրոսյանը, Բրազիլիայի տնտեսական պլանավորման նախարար, հետագայում դաշնային պատգամավոր Անտոնիո Կանդիրը, Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Ուբիրաժարա Քոթենեջյանը, Ֆերնանդո Գասպարյանը, Պեդրո Պետրոսյան Ֆիլյոն, Սան Պաուլուի նահանգային խորհրդարանի պատգամավոր Կառլոս Կրլակյանը, Օզասկո քաղաքի առաջին քաղաքապետ Հրանտ Սանազարը, Սան Պաուլուի քաղաքային կառավարության միջազգային հարաբերությունների քարտուղար Ելենա Գասպարյանը, ինչպես նաև քաղաքային խորհրդարանների մի շարք պատգամավորներ, միջին մակարդակի բազմաթիվ հայազգի ծառայողներ ու պաշտոնյաներ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի բարեկեցության բարձրացումը և նյութական ամրապնդումը հասցրեցին համայնքի կազմակերպական ակտիվացմանը։ Վերջինս չհապաղեց ձեռնամուխ լինել հիմնական խնդրին՝ գաղութային հաստատությունների ստեղծմանը։ 1930-ական թվականների սկզբին և դրան հաջորդող մեկ-երկու տասնամյակների ընթացքում, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, ստեղծվեցին համայնքի եկեղեցական ու կրթական հաստատությունները, մշակութային ու երիտասարդական կազմակերպությունները, հիմնական քաղաքական կուսակցությունների մասնաճյուղերը, որոնք հանդես եկան մշակութային տարբեր կազմակերպությունների անվան տակ։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Բրազիլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցին Սան Պաուլոյում
Սուրբ Գևորգ եկեղեցին Սան Պաուլոյում

Արդեն 1924 թ., այն է՝ համայնքի կազմավորման նախաշեմին, Հայ առաքելական եկեղեցին Բրազիլիայում իր ներկայացուցիչն ուներ։

Ներկայումս, իրենց ներկայացուցչական և վարչական մարմինների հետ համատեղ, երկրում գործում են չորս հայկական եկեղեցիներ, այդ թվում՝ Սան Պաուլուի «Ս. Գևորգ» եկեղեցին, որը բրազիլահայ թեմի կենտրոնն է՝ իր քսանվեց տարիների անփոփոխ առաջնորդ, Էջմիածնի Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ, արքեպիսկոպոս Տաթև Ղարիբյանի գլխավորությամբ, Օզասկոյի Հայ առաքելական եկեղեցին, որի հովիվը Սան Պաուլուի Հայ առաքելական եկեղեցու ավագ քահանա Պողոս Պարոնյանն է։

Սան Պաուլուի եկեղեցուն կից արդեն մոտ ութ տասնամյակ իր աշակերտներին հայեցի կրթություն է տալիս «Հայ ազգային Դուրյան» երկրորդական վարժարանը՝ շուրջ 120 աշակերտներով (տնօրեն՝ տեր Եզնիկ ավագ քահանա Կյուզելյան)։ Նրա հարևանությամբ գործում է նաև «Գրեգորիո Մավյան» մանկապարտեզը, հրատարակվում է «Սիփան» ամսագիրը։

1935 թվականին հիմնադրվել և մինչև օրս գործում է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» Հայ կաթողիկե եկեղեցին՝ Հարավային Ամերիկայի կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Վարդան Պողոսյանի գլխավորությամբ։ Հայ ավետարանչական կենտրոնական եկեղեցին իր գոյությունը սկսել է 1931 թվականին, նրա ներկայիս վարչական ղեկավարն ու հոգևոր հովիվն է վերապատվելի Ռոյ Աբրահամյանը։ Առկա է նաև «Հայ ավետարանական եղբայրներ» եկեղեցին՝ Կարո Ահարոնյանի գլխավորությամբ։ Նշենք, որ Բրազիլիայում (դա վերաբերում է նաև Հարավային Ամերիկայի հայաշատ մյուս երկու երկրներին՝ Արգենտինային և Ուրուգվային) Հայ առաքելական եկեղեցու անթիլիասական թևը ներկայացված չէ։

Հայտնի բրազիլահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արասի Բալաբանյան, դերասանուհի, հեռուստասերիալների աստղ[4]
  • Պեդրո Պետրոսյան, քաղաքական գործիչ
  • Ֆիլիպ Կարտալյան, երգիչ, դերասան
  • Ստեփան Ներսիսյան, քաղաքական գործիչ
  • Անտոնիո ԿԱնդիր, պրոֆեսոր, տնտեսագետ, քաղաքագետ
  • Մարսելո ԿԻրեմիթջյան, ֆուտբոլիստ
  • Ֆաբիո Մաշերեջյան, ֆուտբոլիստ

Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 17-ին։ 1998 թվականի մարտից Սան Պաուլոյում գործում էր Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թվականի օգոստոսից։ 2011 թվականին ԲԴՀ մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվեց Հայաստանի դեսպանությունը։

Նստավայրը՝ Բրազիլիա, Բրազիլիա
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից՝ ուրբաթ, 09։00 – 18։00
Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պարոն Աշոտ Գալոյանը[5], հյուպատոս՝ Հակոբ Սարգսյան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenian Embassy in Brazil: About Community
  2. Vardanian, Yeznig (1948). Rev. – A Comunidade Armenia do Brasil. Buenos Aires: Sipan.
  3. Sapsezian, Aharon (1988). Rev. – Historia da Armenia. Sao Paulo: Paz e Terra.
  4. «Դոննա Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  5. «Ն.Գ. պարոն Աշոտ Գալոյան, Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։