Ալեքսանդրապոլի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդրապոլի պայմանագիր, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։

Ալեքսանդր Խատիսյան՝ ՀՀ երկրորդ վարչապետ

1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։ Երկրորդ՝ որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հզ. ք. կմ.), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։ Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալույի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։

Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4)։ 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղ. ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմնագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմ. միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։ Պայմանագրի մնացած հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։ 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարզի հաշտության կոնֆերանսի տվյալներով այդ գումարը շուրջ 19 մլրդ ֆրանկ էր։ Պայմանագիրը պետք է վավերացվեր մեկ ամսվա ընթացքում՝ ընդունման օրվանից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ հայերեն և թուրքերեն։

Այսպիսով՝ պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին՝ ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

Ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից հայ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խիստ քննադատաբար են մոտենում Դաշնակցական կառավարության կողմից այդ պայմանագրի կնքման փաստին՝ այն որակելով որպես խայտառակ, անօրինական և ամոթալի։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Պապյանի «Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվաւեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մէկը չի ունեցել դրա իրաւասութիւնը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդէն իշխանութիւն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռևս իշխանութիւն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires, այսինքն՝ ակնյայտօրէն գերազանցել են իրենց իրաւասութիւնները: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրւել է միջազգային իրաւունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացայայտ սպառնալիքով»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.