Թուրք-հայկական պատերազմ (1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-թուրքական պատերազմ (1920)
Հայոց Ցեղասպանություն
Armenians fleeing Kars.jpg
Հայ խաղաղ բնակչության փախուստը թուրքերի կողմից գրաված Կարսից
Թվական Սեպտեմբերի 22Դեկտեմբերի 2, 1920
Վայր Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Պատճառ Սևրի պայմանագիր
Հայոց Ցեղասպանություն
Արդյունք Ալեքսանդրապոլի պայմանագիր
Հայաստանի խորհրդայնացում
Տարածքային
փոփոխություններ
Հայաստանի կողմից Կարսի մարզի,
Շիրակի և Սուրմալուի գավառի կորուստ
հրաժարում Սևրի պայմանագրից և Նախիջևանի գավառից
Հակառակորդներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն Թուրքիա Թուրքիա
Հրամանատարներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Դրաստամատ Կանայան (Դրո)
Հայաստանի Առաջին Հանրապետություն Մովսես Սիլիկյան
Թուրքիա Քյազիմ Կարաբեքիր
Կողմերի ուժեր
30-36 հազար զինվոր
56 հրանոթ
184 գնդացիր
50 000 զինվոր
306 հրանոթ
Ռազմական կորուստներ
198 000 հայ խաղաղ բնակիչ

Թուրք-հայկական պատերազմ, 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

Պատճառներ[խմբագրել]

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։

Ուժեր[խմբագրել]

Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Պատերազմի ընթացք[խմբագրել]

Սեպտեմբերի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին ՀՀ տարածք՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Կազմալուծված ու դասալքությունից թուլացած հայկական բանակը նահանջեց։ Ստեղծված ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև Անտանտի երկրներին՝ դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու և Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցույց տալու խնդրանքով։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։ Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի տերությունները, այսպիսով, մերժեցին որևէ օգնություն։

Արարատյան գունդը մեկնում է ռազմաճակատ

1920 թվականի հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 7-ին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 9-ին թուրքերի առաջարկած հաշտության ծանր պայմանները։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։ Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն[1]։

Ալեքսանդրապոլի պայմանագիր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ալեքսանդրապոլի պայմանագիր

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին․ ավերվեց ավելի քան 140 բնակավայր, կոտորվեց 198 000 մարդ, պատճառվեց 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920 թվականի նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Համազասպ Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Սիմոն Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։

Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալեքսանդր Խատիսյանը, իսկ թուրքականը՝ նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։

Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական վերջնագրի պայմանները։ Եվ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդր Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։

Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը, Շիրակը և Սուրմալուի գավառը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ[2]։

Նույն օրը ՀՀ և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանը հայտարարվեց անկախ սոցիալիստական հանրապետություն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png