Կարսի պայմանագիր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ բոլշևիկյան Ռուսաստանի մասնակցությամբ։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատեց վերջինիս դրույթները և սահմանեց ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև: Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում:
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ:
Բովանդակություն |
[խմբագրել] Նախապատմությունը
18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբներին մղված ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունը տիրացավ ժամանակակից Անդրկովկասի տարածքի մեծագույն մասին: 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցան նաև Կարսի, Արդահանի, Արդվինի և Բաթումի շրջանները: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գրավված տարածքները բաժանված էին Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թիֆլիսի ու Քութաիսի նահանգների և Կարսի ու Բաթումի մարզերի միջև:
Ռուսաստանը և Թուրքիան կրկին բախվեցին 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմում:Պարտության մատնելով Էնվերի գլխավորած թուրքական բանակը Սարիղամիշի ճակատամարտում՝ ռուսները տիրեցին ռազմական նախաձեռնությանը: Էնվերն իր պարտության մեջ մեղադրեց հայերին. արդյունքում մերձճակատային գոտուց ռուսամետ հայերի հեռացման պատրվակով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ Մեծ եղեռնը: 1915-16 թվականներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915թ. ապրիլին, Էրզրումը՝ 1916թ. փետրվարին, Բիթլիսը և Մուշը՝ մարտին, Տրապիզոնը՝ ապրիլին, Երզնկան՝ հուլիսին:
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դադարեցրեցին ակտիվ գործողությունները, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լքել իրենց դիրքերը: Նույն տարվա դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարով պատերազմական գործողությունները Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ավարտվեցին, որից հետո ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Կովկասյան ճակատից՝ թողնելով դիրքերը հայկական ջոկատներին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը, որը 1918 թ. փետրվարի 24-ին հռչակեց անկախ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը:
Օգտվելով ռուսական զորքերի հեռացումից՝ թուրքերը 1918թ. փետրվարին անցան հարձակման ճակատի գծի ողջ երկարությամբ` երկու ամսվա ընթացքում հետ գրավելով Արևմտյան Հայաստանի տարածքները: Ապրիլին թուրքերը ներխուժեցին նախկին ռուսական տարածք՝ գրավելով Կարսը և Ալեքսանդրոպոլը: Մինչ այդ, մարտի 3-ին, ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչեց Կարսի, Արդահանի և Բաթումի անցումը Թուրքիային: Մայիսին թուրքական զորքերն անցան նոր հարձակման. նրանց առաջխաղացումը դեպի Երևան կանգնեցվեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայկական զորքերի հաղթանակից հետո, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական բանակը պարտվեց: Մայիսի վերջին Անդրկովկասյան ֆեդերացիան մասնատվեց՝ մայիսի 26-ին Վրաստանի անկախության հայտարարումից հետո: Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Նորաստեղծ հանրապետությունը ստիպված էր կնքել Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում էր 14 հազար քառ. կմ տարածքով՝ կորցնելով ոչ միայն Կարսը և Արդահանը, այլև Շիրակը, Սուրմալուն, Նախիջևանը, Շարուր-Դարալագյազը, Զանգեզուրը, Ղարաբաղը և այլն:
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը լքեցին Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր վերահսկողությունը կորցված տարածքների զգալի մասի նկատմամբ: Սակայն թուրքերի նահանջից հետո դեկտեմբերի 1-ին մուսուլմանները Կարսում հռչակեցին Հարավ Արևմտյան Կովկասյան հանրապետությունը: Վերջինս լուծարվեց 1919-ի ապրիլին անգլիացիների կողմից, որից հետո Կարսի մարզի տարածքի մեծ մասը փոխանցվեց Հայաստանին: Փարիզի կոնֆերանսի մեկամյա բանակցություններից հետո 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլև Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով. 1920 թվականի ապրիլին Մուսթաֆա Քեմալի կողմից ստեղծված թուրքական Մեծ ազգային ժողովը երբևէ չճանաչեց այդ պայմանագիրը և Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշևիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ Լոզանի պայմանագրի ստորագրմանը 1923 թվականին:
1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում: Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա: Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը: Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին: Երկու օր հետո բոլշևիկյան ներկայացուցիչները թուրքերի հետ ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչեցին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից:
1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը: Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:
[խմբագրել] Ստորագրող կողմերը
Պայմանագիրը ստորագրել են
- Թուրքիայի կողմից՝ արևելյան ճակատի հրամանատար Կազիմ Կարաբեքիր փաշան, խորհրդարանի պատգամավոր Վելի բեյը, կառավարության ներկայացուցիչ Մուհտար բեյը և Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչ Մեմդուհ Շևքեթ բեյը,
- Հայաստանի կողմից՝ արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը և ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը,
- Վրաստանի կողմից՝ ռազմական և նավատորմի ժողկոմ Շալվա Էլիավան և արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ Ալեքսանդր Սվանիձեն,
- Ադրբեջանի կողմից՝ պետական վերահսկման ժողկոմ Բեհբութ Շահտատինսկին,
- Ռուսաստանի կողմից՝ դեսպան Յակով Գանեցկին:
[խմբագրել] Պայմանագրի դրույթները
Կարսի պայմանգիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.
- Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի:
- Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով: Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ):
- Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի:
- Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային: