Աբդուլ Համիդ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբդուլ Համիդ Բից)
Աբդուլ Համիդ II
Sultan Abdul Hamid II of the Ottoman Empire.jpg
Սուլթան Աբդուլ Համիդ II, 1868
ԱԱՀ՝ Աբդուլ Համիդ II
Բնագիր
ԱԱՀ՝
Abdü’l-Ḥamīd-i sânî
Ծննդյան օր՝ 1842,
Վախճանի օր՝ 1918,
Օսմանյան հայերի դեմ կոտորածների հրահրիչ Աբդուլ Համիդ II-ը` պատկերված որպես «Կարմիր սուլթան» Le Rire ամսագրի շապիկի վրա, 1897 թ. մայիսի 29

Աբդուլ Համիդ II (1842-1918), Օսմանյան կայսրության սուլթան 1876-1909-ին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ 1876դեկտեմբերի 23-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, Գրիգոր Օտյանի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու եվրոպական պետությունների վստահությունը։ Սակայն 1878-ին Աբդուլ Համիդը ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան գրաքննություն, արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց պանիսլամիզմը և պանօսմանիզմը։

Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ Անգլիան զավթեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, Ռուսաստանին անցան Կարսը, Արդահանն ու Բաթումը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում (Սան Ստեֆանոյի պայմանագիր և Բեռլինի կոնգրես)։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով Օսմանյան կայսրությունում բնաջնջեց ավելի քան 300 հազար հայ (Հայկական կոտորածներ (1895-96))։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին երիտթուրքերի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876-ի սահմանադրությունը։ Սակայն, 1909մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, ապրիլի 28-ին գահազրկվեց և բանտարկվեց Սալոնիկում, ապա փոխադրվեց Ստամբուլ, իսկ 1918-ին՝ Մանիսա (Արևմտյան Փոքր Ասիա), ուր և մահացավ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png