Բաշ-Ապարանի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաշ-Ապարանի հերոսամարտից)
Մայիսյան հերոսամարտեր
Առաջին համաշխարհային պատերազմ
Наступление турок в 1918 году.svg
Կովկասյան ճակատը
Թվական 22—մայիսի 29 1918
Վայր Բաշ-Ապարան, Արևելյան Հայաստան
Պատճառ Թուրքական զորքերի ներխուժում
Արդյունք Թուրքական զորքերի ջախջախում
Տարածքային
փոփոխություններ
Թուրքական զորքերի առաջխաղացման կասեցում
Հակառակորդներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Դրո Էսադ փաշա Քյազիմ փաշա
Կողմերի ուժեր
9.000 13.000
Ռազմական կորուստներ
Թեթև Ծանր

Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թ-ի մայիսի 22-29։

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։ Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երևանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել նրա ողորմածությանը։ Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ։ Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Հերոսամարտն ըստ օրերի[խմբագրել]

  • Մայիսի 17-ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել և ուղարկել են պաշտպանության խորհրդի տրամադրության տակ։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի միջև ձգվող բարձունքներում։ Նորակազմ զորաջոկատներն էլ ուղարկվել են հենց այդ գիծը։
  • Մայիսի 20-ին այդ գծի վրա արդեն եղել է շուրջ 1500 աշխարհազորային։ Գավառում իրավիճակը կայունացել է, Ապարան գյուղից արևելք գտնվող գյուղերի տեղահանությունը կանգնեցվել։
  • Մայիսի 22, կեսօր։ Պաշտպանության առաջին, ինչպես նաև ուղղակի Ապարան գյուղի մոտ ձևավորված երկրորդ գծում աշխարհազորայինների թիվը հասել է 3500-ի։ Փաստորեն, Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ էր, գնդացիրները երկուսն էին, իսկ թնդանոթներ չկային, բայց առկա էին անկոտրում կամքը և սեփական հողը, տունը հարազատներին պաշտպանելու վճռականությունը։ Նույն օրվա երեկո։ Թուրքերի առաջապահ ջոկատները, որոնք ոչ մի դիմադրության չէին սպասում, գնդակոծությունից շփոթվել են և, կորուստներ տալով, հետ քաշվել ու սպասել մայիսի 23-ի լուսաբացին։ Գիշերվա ընթացքում, փաստորեն, ինչպես և Արագած լեռան արևմտյան ստորոտին՝ Սարդարապատում, Արագած լեռան արևելյան ստորոտին ևս ձևավորվել է ռազմաճակատ։ Երևանում ճիշտ է գնահատվել ստեղծված իրավիճակը և նույն գիշեր նոր ձևավորված ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բազմափորձ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը։
  • Մայիսի 23։ Հայաստանում պահեստային զինված ուժեր չկային։ Ամբողջ օրը Ապարանի ռազմաճակատում թշնամուն դիմագրավել են ապարանցի աշխարհազորայինները։ Թուրքերը հրետանու և գնդացրային կրակով ճնշել են մոտ 8 կիլոմետրանոց ռազմաճակատի ամբողջ գիծը պահող աշխարհազորայիններին։ Չնայած համառ դիմադրությանը՝ կորուստները զգալի էին, և մարտական գործողությունները ղեկավարող Արսեն Տեր-Պողոսյանը երեկոյան հրամայել է նահանջել երկրորդ գիծ։ Ապարանի և Աշտարակի գավառակների թիկունքային գյուղերից Սեդրակ Ջալալյանը կարողացել է մարտադաշտ ուղարկել աշխարհազորայինների մի քանի նոր ջոկատ։ Առաջինը մարտադաշտ են հասել 100 դովրեցիներ՝ քահանա Տեր Գևորգի գլխավորությամբ։ Երեկոյան կողմ միայն ապարանցի աշխարհազորայինների թիվը հասել է 4500-ի, աշտարակցիների հետ՝ 5000-ի։ Դրոն ոտքի է հանել ու Ապարանի ճակատ ճանապարհել գրեթե բոլոր զինված խմբերը։ Մինչև կեսգիշեր Ապարանի ռազմաճակատ են հասել գանձակեցի պորուչիկ Զեմլյակի (Հարություն Նանումյան), զանգեզուրցի Յապոնի, գառնեցի Մարտիրոսի, Քաչալ Ղազարի, սասունցի Մանուկի, մակվեցի Մեսրոպի (հին բայազետցիների), բուլանղցի Մուրադի ջոկատները։
  • Մայիսի 24։ Արամ Մանուկյանի գիտությամբ՝ Երևանի զորաբաժնի հրամանատարությունը որոշել է Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։ Օրվա առաջին կեսին Արագածի ստորոտով՝ Արագած - Քուչակ գյուղերի վրայով ճակատ է մտել և ռազմաճակատի ձախ կողմում դիրքավորվել գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը, որը համալրվել էր հիմնականում ապարանցի մարտիկներով։ Նույն օրվա ընթացքում Ապարանի ռազմաճակատ են հասել փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը, կապիտաններ Սակելյարիի և Կլիչի հրետանային մարտկոցները, որոնցից մեկը դիրքավորվել է Ապարան գյուղի "Դեմեր" կոչվող հատվածում։ Աշխարհազորի, զինված խմբերի, զորամիավորումների մարտիկների ընդհանուր թիվը 7000-ից անցել է։
  • Մայիսի 25։ Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք ուղղություններում՝ Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել, և այդ օրը Ապարանի ճակատը դարձել է Հայաստանում ծավալված պատերազմի կենտրոն։ Բավական էր թուրքերն այստեղ ճեղքեին պաշտպանությունը, և անմիջականորեն հարվածի տակ կմնար Սարդարապատը։ Կեսօրին, անձրևի տակ թուրքերը փորձել են Սարալանջ գյուղից արևելք ընկած հատվածում անցնել հորդացած Քասաղ գետը, դուրս գալ աշխարհազորայինների թիկունքը և կոտրել ապարանցիների դիմադրությունը։ Պահը դարձել է օրհասական, բայց տեղ հասած կադրային ջոկատները գրավելով Քասաղի երկու ափերի բարձունքները, կրակի տակ են առել թուրքերին ու ստիպել նրանց անկանոն նահանջել։ Օրվա երկրորդ կեսին թուրքերը կատաղի գրոհ են ձեռնարկել Արագածի փեշին։ Գերակշիռ ուժերով նրանց հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը Ալուջայի ձորի մոտ և ավելի քան մեկ կիլոմետր թափանցել հայերի թիկունքը։ Ճակատը թեև մեծ դժվարությամբ, բայց փակվել է, և թուրքերը հայտնվել են երկկողմ կրակի տակ։ Եղվարդի կողմից մարտադաշտ հասած գնդապետ Զալինյանի 300 զինվորներն ու Արագածի փեշով առաջացող փարպեցի աշխարհազորայինների հարյուրյակը (Տեր Գևորգ քահանայի գլխավորությամբ) փակել են թուրքերի ճանապարհը, և վերջիններս հայտնվելով եռակողմ կրակի տակ՝ գլխովին ոչնչացվել են (միայն քչերին է հաջողվել դեպի Արագածի գագաթը փախչելով՝ փրկվել)։ Կեսօրին Ապարանի ռազմաճակատում նոր վտանգի ուղղություններ են ի հայտ եկել։ Թուրքական հրամանատարության պահանջով Ապարանի գավառի արևելյան կողմից՝ Ձորագլուխ գյուղի ուղղությամբ հարձակման են անցել Հանքավանում բնակվող թուրքերը։ Թշնամու ճանապարհն այս ուղղությամբ փակել է Ձորագլխի, Թթուջրի, Չքնաղի բնակիչներից կազմված միացյալ ջոկատը։ Մարտը տեղի է ունեցել Կարմիր վանք հնավայր-բնակավայրի մատույցներում։ Թուրքերին չի հաջողվել կոտրել ապարանցի աշխարհազորայինների դիմադրությունը և չորսժամյա մարտից հետո հետ են քաշվել՝ մարտադաշտում թողնելով քսանից ավելի դիակ։ Զոհվել է նաև ձորագլխեցի տիրացու Հարությունը։ Գրեթե նույն ժամանակ Բուժական գյուղի կողմից ավելի քան հինգ հարյուր թուրքեր նոր ճակատ են բացել Նորաշեն-Երնջատափ գյուղերի ուղղությամբ։ Հարձակման մասին տեղեկացված հայկական հրամանատարությունը այս ուղղությամբ ևս հասցրել էր պաշտպանական խրամատներ փորել Նորաշեն գյուղից շուրջ երկու կիլոմետր արևելք գտնվող ավերակ բերդից մինչև Երնջատափ գյուղի քարհանքը։ Պաշտպանական այս հատվածում կենտրոնացվել են Նորաշեն և Երնջատափ գյուղերի գրեթե բոլոր տղամարդիկ. շուրջ երեք հարյուր տղամարդ։ Սկսված մարտի լուրն ստանալուն պես հայկական հրամանատարությունը այս ճակատ է ուղարկել Վարդենիս (գյուղ)ից հավաքագրված հարյուրյակը։ Այս ուղղությամբ մարտը շարունակվել է և այդ օրը մինչև մութն ընկնելը, և մինչև հաջորդ օրվա վերջը։ Այս ուղղությամբ ևս թուրքերին չի հաջողվել խուճապ առաջացնել արդեն երեք կողմից կռվող ապարանցիների դեմ և հնարավորություն ստեղծել թուրքական հիմնական ուժերի համար, ճեղքելու ռազմաճակատի կենտրոնական հատվածը։ Թուրքերն այս ուղղությամբ տվել են հարյուրից ավելի զոհ։ Հայկական կողմից զոհվել են 17 նորաշենցի, 3 երնջատափցի, 1 վարդենիսցի։ Ապարանի հերոսամարտի նախորդ ուսումնասիրողներից որևէ մեկը Ձորագլխի և Նորաշեն-Երնջատափի ռազմագործողությունների մասին տեղեկություն չունի, իսկ որոշներն էլ կարծել են, թե թուրքերը ճեղքել են ճակատը և հասել մինչև Քուչակ և Երնջատափ։ Թուրքերն այդ օրը մարտադաշտում թողել են 1000-ից ավելի դիակ, գնդացիրներ, զենք, զինամթերք։
  • Մայիսի 26։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Թուրքերը մի քանի ուղղություններում փորձել են առաջ շարժվել, սակայն չի հաջողվել։ Օրվա վերջին Սարդարապատից Ապարան են փոխադրվել կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը, գնդապետ Հովսեփյանի 5-րդ հրաձգային գունդը։
  • Մայիսի 27։ Ապարանի ռազմաճակատում հայ աշխարհազորայինների, զինված խմբերի, կադրային զինվորների թիվն անցել է 9000-ից։ Թեև թուրքերը դարձյալ թվական գերազանցություն ունեին, բայց հոգեբանական առավելությունն անվերապահորեն անցել էր հայերի կողմը։ Չկարողանալով դիմագրավել հայերի գրոհներին՝ թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։
  • Մայիսի 28։ Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն և ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարևորագույն նորությունը դեռևս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։ Դիրքերը գրավվել են զոհերի գնով։ Այդ օրը զոհվել են սեբաստացի Ազարիկը, գանձակեցի Զեմլյակը, գառնեցի Մարտիրոսի հորեղբորորդին, այլ քաջորդիներ։ Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաև գիշերը։
  • Մայիսի 29։ Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Հերոսամարտի պատմական նշանակությունը[խմբագրել]

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։

Հերոսամարտի հուշարձանը[խմբագրել]

Ապարանցի և հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 1974-1979 թթ., բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թ. մայիսի 28-ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի և ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։ Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թ. ընտրվել է հուշարձանի արևելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է գերեզման-հուշահամալիր։ 2000 թ. մայիսի 28 - ին «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաև ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) և Արսեն Տեր-Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։ Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված և Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։ Ապարանի հերոսամարտի փառահեղ հաղթանակի առթիվ 2005 թ. մայիսի 28-ին "Նիգ-Ապարան (կազմակերպություն)" հայրենակցական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվեց, հիրավի, աննախադեպ միջոցառում՝ "Միասնության շուրջպարը"։

Գրականություն[խմբագրել]