Կարպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարպետ, կարպետ, ձունձ, գործվածք։ Գործում եկ հիմնականում բրդե, շատ դեպքերում՝ մազե, բամբակե, երբեմն՝ մետաքսե, վուշե, ոսկե թելերով կամ դրանց խառնուրդներով։ Ցրտից պաշտպանվելու և դեկորատիվ նպատակներով փռում են հատակին, թախտին, աստիճաններին ու միջանցքներում, կախում պատից, գործածում իբրև վարագույր, վրանի, ձիու թամբի ծածկոց։ Կարպետի գործվածքից պատրաստում են խուրջիններ, անկողնակալներ, պարկեր և այլն։ Կարպետ հնում գործածել են նաև տոնական օրերին պատշգամբը զարդարելու համար։ Կարպետներ գործում են տորքի (հաստոց) վրա։ Հենքի ուղղահայաց ձգված միագույն թելերը ծածկվում են հորիզոնական ուղղությամբ գործող գունավոր միջնաթելերով, որոնցով և ստեղծվում են նախշերն ու ամբողջական հորինվածքը։ Հայաստանի տարածքում ապրող բնակչությանը կարպետը հայտնի է եղել դեռևս մ. թ. ա. II հազարամյակում (կապերտային գործվածքի պատառիկ է հայտնաբերվել Արթիկի բրոնզեդարյան դամբարաններից)։ Ուրարտուի Թեյշեբսփնի (Կարմիր բլուր) բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրդաթելի կծիկներ և լաթի կտոր, որը մասնագետները, համեմատելով ժամանակակից կարպետների հետ, պարզել են, որ եղել է կապերտային գործվածք, իսկ Անի քաղաքի պեղումներով հայտնաբերվել են միջնադարյան կարպետի և կապերտային այլ գործվածքների պատառիկներ։

Կապերտագործության զարգացման համար Հայաստանում կային բոլոր նպաստավոր պայմաններն ու նյութերը (բուրդ, այծի մազ, բամբակ, մետաքս, բուսական, կենդանական, հանքային ներկեր և այլն)։ Միաժամանակ Հայաստանով էին անցնում Արևելքը Արևմուտքի հետ կապող միջազգային առևտրի խոշոր ճանապարհները, որը և նպաստում էր կարպետներ գործելուն և արտահանելուն։ Հայ մատենագրության մեջ կարպետ բառը գործածվել է սկսած V դ., իսկ X—XIII դդ. միջազգային առևտրի շնորհիվ տարածվել է Եվրոպայում (ֆրանս. carpette, անգլ. carpet) և գործածվել գորգ իմաստով։ Կարպետներ գործել են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Առանձնապես հարգի են եղել «Զիլե» կոչվող կարպետները (անվանումն ստացել են Սեբաստիայի կուսակալության համանուն քաղաքից) և օձակապերտները։ Հայաստանից արտագաղթած հայերի միջոցով կարպետների շատ զարդամոտիվներ, ամբողջական հորինվածքներ և կապերտագործության եղանակները տարածվեցին նաև հայկ. գաղթավայրերում (Լվով, Մոլդավիա, Ռումինիա, Լեհաստան և այլն), ուր մինչև XVIII դ. շարունակում էին հայկ. կապերտագործության ավանդույթները։

Կապերտագործությունը, ինչպես Հայաստանում, այնպես Էլ Արևելքի շաա երկրներում, առավելապես տնային արհեստ էր, որով զբաղվում էին հիմնականում կանայք ու աղջիկներ, երբեմն՝ նաև տղամարդիկ։ Կարպետ մեծ մասամբ պատրաստել և գործածել են միջին խավի բնակիչները, իսկ չքավորներն օգտագործել են պարզ նախշերով կամ առանց նախշերի կարպետներ։ Հայկական կարպետների մեջ, ըստ գործելու եղանակների, հայտնի են մեզարը, ջեջիմը, մատնաքաշ, երկու երեսանի մատնաքաշ, շուլալ, ուղիղ օղաճիտ փաթաթովի, թեք օղաճիտ փաթաթովի և ծոպերես կարպետները՝ յուրահատուկ նախշերով ու հորինվածքով։ Հայկական կարպետների զարդամոտիվները, լինելով բարդ ու բազմազան, հիմնականում արտահայտում են բնակչության տնտեսությունը (մանգաղ, հասկ և այլն), առասպելական կենդանիների ու երևույթների վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, կոնկրետ պատմաաշխարհագրական միջավայրի բնակչության գեղագիտական ճաշակը։ Աչքի են ընկնում հավատ և պաշտամունք (տոտեմական և այլն), արև, լուսին և այլ երկնային մարմիններ խորհրդանշող զարդամոտիվները, մարդկանց, կենդանիների ուրվագծային պատկերները, բուսական նախշերը (կենաց ծառ, վարդյակներ, ծաղիկներ և այլն), որոնցից շատերն ունեցել են մոգական (չար աչքից պահպանելու) իմաստ։ Հայկական կարպետների վրա վերարտադրվել են նույնիսկ հնագույն ժայռապատկերների նմանակումներ։ Կարպետներն ու կապերտային գործվածքից իրերը անցյալում եղել են նվիրատվության և նորահարսի օժիտի առարկաներ։

Գրականություն[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png