Հայկական գորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր Հայաստան, 20-րդ դար

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ) չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով[1]։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։

Ծագումնաբանություն[խմբագրել]

Մանրանկար 13-րդ դարի Ավետարանից

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ[2]։

Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ)։ Հայագետներ Ղափանցյանն ու Ջահուկյանը գտնում են, որ գորգ բառը պատկանում է խեթերենի բառաֆոնդին, ուր և հիշատակվում է kurka ձևով[3]։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին ուղղակիորեն գրում է, որ գորգ բառը հայկական ծագում ունի[4]։ Մինչդեռ խեթերենի մասնագետ Է. Սարտիվենտն ու Պ. Ժաանը եզրակացնում են, որ խեթերեն kurka բառը նշանակում է քուռակ կամ ձիու քնփուշ[5]։

Կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով[6]։Դեռևս Հրաչյա Աճառյանն առաջ էր քաշել այն վարկածը, որ կապերտ բառն այլ լեզուներ է անցել հայերենի միջոցով[7]։ Մի շարք այլ լեզվաբաններ նույնպես գտնում են, որ գրաբարյան կապերտ բառը, միջին հայերենում ենթարկվել է հնչյունափոխության (բաղաձայնների դրափոխություն) և անցել այլ եվրոպական լեզուների[8]։ Իսկ Հ. Սուքիասյանը նշում է, որ այս բառը փոխառնվել է հայերենից 13-րդ դարում, քանի որ Կիլիկիայի նավահանգիստներից հայկական գորգերն արտահանվում էին եվրոպական երկրներ[9]։ Այսպիսով, եվրոպական լեզուներն արտացոլում են ոչ թե հայերենի սկզբնական՝ «կապերտ» ձևը, այլ միջին հայերենի «կարպետ» տարբերակը։

Արաբ ժամանակագիրները վկայում են, որ կալի, խալի համ հալի բառը ծագել է Կարին քաղաքի անվանումից, իսկ Կարինը ինքնին արհեստների, հատկապես գորգագործւոոթյան խոշոր կենտրոն էր։ Արաբներն այն, հարմարեցնելով Կարնո քաղաք անվան հետ, կոչել են Քալիքալա[10]։ Աբդ ար Ռաշիդ ալ Բակուվին գրում է, որ իր գորգերով հայտնի Կարին քաղաքից, որը ռազմավարական դիրք էր զբաղեցնում Պարսկաստան և Եվրոպայի միջև, «արտահանում են քալի կոչվող գորգեր»[11]։ Իսկ 13-րդ դարի արաբ գիտնական Յակուտ ալ Համավին նշում է, որ գորգերը Քալիքալա քաղաքի արաբական կրճատված անվանումից՝ Քալի ձևից ստացել են քալի/կալի/խալի անվանումը[12][13]։

Հայ գորգագործության պատմությունը[խմբագրել]

Գորգ Սպահանից՝16-րդ դարի վերջ, 17-րդ դարի սկիզբ: Գորգում օգտագործված են Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատկերները

Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։

Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք[14]։

Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը[15]։

Գորգագործական արվեստը իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից[16]։

Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։

1921 թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո Արցախում սկսվել է հայաթափման լայնածավալ ծրագրի իրականացում, որի շրջանակում կարևոր տեղ ուներ գորգը՝ մասնավորապես դրանց էթնիկական պատկանելիության հարցը։ Դա հատկապաես կանոնավոր ու ծրագրված ընթացք ստացավ 1960-70-ական թվականներից։ Բաքվից հատուկ հրահանգներով ուղարկված առանձին գործակալներ շրջում էին Ղարաբաղի հայկական բոլոր գյուղերով ու բնակչությունից հավաքում հին ձեռագործ գորգերը՝ դրանց դիմաց հանձնելով գործարաններում արտադրած նոր ու առանձնակի արժեք չներկայացնող գորգեր։ Նման «փոխանակություննե ավելի ճիշտ խաբեության և թալանի ակնհայտ դրսևորում էր։ Նաև այդպիսի քաղաքականության շնորհիվ է, որ Բաքվում ստեղծվեց գորգի թանգարան, որով Ադրբեջանն այսօր ներկայանում է աշխարհին որպես թե գորգագործական հին մշակույթ ունեցող ժողովուրդ[17]։

Հիմնականում այս ամենի հետևանքով է, որ հայկական գորգարվեստը տարածում գտավ նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թ. Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ[18]։

Չնայած որ գորգը իրականում հայոց պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրամասերից մեկն է, դրա դերն ու նշանակություն առ այսօր լիարժեքորեն ուսումնասիրված և արժևորված չէ։ Դժբախտաբար, հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավականին երկար ուղի, արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն։

Նախաքրիստոնեական ժամանակաշրջան[խմբագրել]

Գորգագործությունը Հայաստանի հնագույն արհեստներից մեկն է։ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի Ք.ա. 714 թ. արձանագրություններում նշվում է Ուրարտուում գործված կարմիր գործվածքների մասին[19]։ Ուրարտական ժամանակաշրջանին թվագրվող կարպետների պատառիկներ հայտնաբերվել են Արթիկի շրջանում, Կարմիր Բլուրում և Անիում և թվագրվում են Ք.ա. 13-րդ դար։

2007 թ. Արենի 1 քարայրում հայտնաբերվել են էնեոլիթյան և միջնադարյան մի շարք գործվածքներ։ Դրանք ունեն չափազանց լավ պահպանվածություն, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց ծագումն ու զարգացումը[20]։ Հաշվի առնելով Հայաստանի հնագույն բնակատեղիներից (Թեղուտ, Շրեշ բլուր, Շենգավիթ, Արթիկի դամբարանադաշտ և այլն) հայտնաբերված և Ք. ա. 3-2 հազարամյակ թվագրվող ոստայնանկի գործիքները, մանավանդ գորգ գործելու պարզունակ հարմարանքը, օժանդակ գործիքներն ու գործվածքները, մասնավորապես Հառիճի դամբարանադաշտից հայտնաբերված Ք.ա. 13-12 դդ. վերաբերող կարպետի մնացուկները՝ մի շարք ուսումնասիրողներ եկել են այն եզրակացության, որ Հայկական լեռնաշխարհում կային գորրգագործական մշակույթով զբաղվելու տեխնիկական և տեեխնոլոգիական հնարավորություններ, նաև անհրաժեշտ հումքային ռեսուրսներ[21]։

Հայկական լեռնաշխարհը հարուստ էր նաև ներկանյութերով։ Դրանցից հայտնի էր հատկապես «հայկական» կոչված ներկը, որի մասին նշել են Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պրոկոպիոս Կեսարացին և այլք։ Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը նշում է, որ կովկասցիները ներկում էին բուրդը բույսերից ստացված ներկով, այնուհետև դրանից մշակում էին թել և նկարազարդում այն։ Իսկ դրա գույնը չէր խամրում ոչ ջրից, ոչ էլ ժամանակի ընթացքում[22]։

Անտիկ դարաշրջանի հեղինակների վկայություններից պարզ է դառնում նաև, որ հին Հայաստանում գոյություն ունեցող արհեստներից՝ կավագործությունից և հյուսնագործությունից զատ լայնորեն տարածված էր նաև ջուլհակությունը։ Արհեստավորական արտադրությունն ակտիվորեն արտահանվում էին հարևան երկրներ։ Այսպես, օրինակ, Հերոդոտոսն իր աշխատությունում գրում է, որ հայերը առևտուր էին անում Միջագետքի երկրների հետ՝ ապրանքներ փոխադրելով Եփրատ գետով[23]։ Ջուլհակագործությունը Հայաստանում զգալիորեն վերելք ապրեց հաջորդ, այսպես կոչված հելլենիստական ժամանակաշրջանում՝ սկսած Ք.ա. 3 դարից։ Նույն ժամանակաշրջանում զարգանում էին նաև միջազգային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը, որոնք աներևակայելիորեն խթանեցին տարանցիկ առևտրի զարգացումը։ Վերջինս կայուն կերպով զարգանում էր նաև Հայաստանում՝ ներգրավելով երկիրը առևտրի փոխանակման մեջ հարևան և հեռավոր երկրների հետ[24]։ Արհեստավորական ապրանքների արտադրությունը շարունակվեց ընդհուպ մինչև Ք.ա. 4-րդ դարը, երբ հայ բնակչությունը, այդ թվում նաև մեծ թվով արհեստավորներ, պարսից շահ Շապուհ Բ-ի կողմից բռնի կերպով վերաբնակեցվեցին և տեղափոխվեցին Պարսկաստան[25]։ Այսպիսով, կենցաղային կյանքը, արհեստներն ու արվեստը Հայաստանում անկում են ապրում և վերածնվում միայն երկու դար անց։

Պազիրիկ գորգ[խմբագրել]

Պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է: Թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Ներկված է հայկական որդան կարմիրով,[26][27] Ռուսաստան, Էրմիտաժ

Նախաքրիստոնեոկան ժամանակաշրջանի գորգարվեստին վերաբերող ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Դրա ուսումնասիրությունը կարևոր է հատկապես գորգագործության ծագումնաբաական խնդրի առումով։ Ք.ա. 5-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչ մեր ժամանակները։ Գորգն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով, գունային երանգների բազմազանությամբ և ամբողջական պատկերացում է տալիս 2500 տարի առաջ եղած գորգագործական տեխնոլոգիայի մասին։

Ս. Ի. Ռուդենկոն, համեմատելով այդ նմուշի և հարևան Բաշադարի կուրգանից հայտնաբերված գորգերի ու թաղիքների գեղազարդման տարրերը, նկատի ունենալով դրա գունահորինվածքային ներդաշնակ լուծումները, արդեն այն ժամանակ եզրակացրել էր, որ Պազիրիկ գորգն առաջավորասիական ծագում ունի։

Չնայած որ գորգն իր գեղազարդման ոճով լիովին համապատասխանում է ասորաուրարտական և վաղ հայկական ավանդույթներին, տարբեր ուսումնասիրողներ տարբեր կերպ են ներկայացնում դրա ծագումնաբանությունը։

Այսպես, Ուլրիխ Շուրմանն, Ֆոլկմար Գանցհոռնը և այլք գտնում են, որ Պազիրիկ գորգը գործել են Վանի թագավորությունում և որ այն պետք է վերագրել հայկական մշակույթին։ Ֆ. Գանցհոռնն այդ տեսակետը հիմնավորելու համար պատմահամեմատական ումնասիրության է ենթարկել փռյուգիական, ասորաբաբելական, վաղ հայկական կամ ուրարտական կիրառական գեղազարդման արվեստին վերաբերող սկզբնաղբյուրներն ու գորգի տեխնոլոգիական հատկանիշները, հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու փաստը։ Նա հաշվի է առել նաև Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթի վաղ ավանդույթների մասին վկայող գորգի պատառիկների ու համապատասխան աշխատանքային գործիքների առկայությունը։

Այս վարկածի կողմնակից է նաև գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը, ով, հիմնվելով գորգի կառուցվածքի, ձևավորման և մոտիվների վրա, Պազիրիկ գորգը վերագրվում է վաղ ուրարտական կամ վաղ հայկական շրջանին։

Պազիրիկ գորգի ծագումը Հայկական լեռնաշխարհի հետ կապելու հարցում վերը նշված հիմնավորումների հետ միասին կարևոր փաստ է նրա կարմիր ներկանյութում արարատյան դաշտի որդան կարմիրի առկայությունը, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։[26][27]

Միջնադար[խմբագրել]

Միջնադարը համարվում է հայկական գորգագործության ոսկեդարը, քանի որ հենց այս ժամանակաշրջանում են սկսում ի հայտ գալ հայկական գորգի որոշակի ոճային առանձնահատկությունները։ Պահպանվել են վաղ միջնադարմյասն հայկական գորգերի փոքր պատառիկներ, որոնք գտնվել են հայկական մատյանների կազմերում՝ վերականգնման ժամանակ։ Միջնադարյան մատյաններում տեղ գտած պատկերազարդումներն ու մանրանկարները հնարավորություն են ընձեռում նաև պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք ունեին միջնադարյան հայկական գորգերը։ Դրանց ձևերի և ոճերի մեջ հիմնականում կարելի է առանձնացնել հետևյալները՝

18-րդ դարի գորգ՝ խաչերով, Ֆիլադելֆիայի թանգարան
  1. վիշապագորգ – սովորաբար ունենում են վիշապների, կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաև եռանկյունաձև, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր

13-րդ դարում վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով[28]։ Միջնադարում հայերը հայտնի են եղել որպես որդան կարմիրով[29] ներկող վարպետներ (Շահ Աբասը Ջուղայից մոտ 10 000 հայ է տեղահանել Սպահան՝ հիմնելով Նոր Ջուղան։ Նրանց մեջ շատ են եղել որդան կարմիրի վարպետներ)։

  1. արծվագորգ – ուղեկցվում են արծիվների սիմվոլիկ պատկերներով
  2. օձագոր' – ունենում են օձի պատկերներ՝ մեջտեղում արևի սկավառակի նշաններով

Ակադեմիկոս Նիկողայոս Մառը, ով պեղումներ է անցկացրել Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիում, վկայում է, որ քաղաքի հարուստների տներում

բացառությամբ որմնախորշերի, ամեն ինչ հարթ էր, քանի որ ներսից տունն ամբողջությամբ ծածկված էր գորգերով կամ այլ նախշազարդ գործվածքներով: Անիի քարի վարպետների համար, իհարկե, դժվար էր հաջողությամբ մրցել այսպիսի արհեստի հետ: Երբ Անիում գտնում ենք տան պատերին և առաստաղին արված սվաղի և գրությունների հետքեր, հիմք կա կարծելու, որ դրանք շինծու են՝ գորգերով և գործվածքներով սենյակների հարուստ կահավորանքը փոխարինելու մատչելի եղանակ: Որոշ տվյալների համաձայն՝ հայերի մոտ այս արհեստը գտընվում էր զարգացման բարձր մակարդակի վրա: Նման կարծիք կար դեռևս վաղուց, իսկ 1912 թ. պեղումները թույլ են տալիս բարձրաձայնելու այն[30]։

Երբ 645 թ. արաբները ներխուժեցին Հայաստան, հայերը սկսեցին խալիֆայությանը վճարել տուրք, որը ներառում էր նաև ամեն տարի մատուցվող 20 գորգ[31]։ Եվ չնայած արաբական տիրակալությանը, միջնադարում Բագրատունյաց Հայաստանն ապրեց տնտեսական վերելքի շրջան՝ առաջին հերթին խալիֆայության տիրակալության տակ գտնվող այլ երկրների հետ հաստատված լայն առևտրական և տնտեսական հարաբերությունների շնորհիվ[32]։ Այսպիսով, արհեստավորների կողմից պատրաստված հայկական գորգերի և այլ գործվածքների անունը տարածվեց Կամա գետի ափին բնակություն հաստատած բուլղարների թագավորությունից մինչև Թուրքմենստան և Բաղդադից մինչև Պոլիս։ 9-րդ դարի արաբ աշխարհագրագետ և ճանապարհորգ իբն-Յակուբին նշում է, որ Խիշամ խալիֆի պատվերով Հայաստանում պատրաստվում էին գորգեր և գործվածքներ[33]։ Սիմեոն Մագիստրոսի ժամանակագրությունում հիշատակվում է, որ 819 թ. բուլղարները արշավանքներից մեկի ժամանակ բյուզանդացիներից առան հարուստ ավարներ, որոնց մեջ կային հայկական բարձրորակ գորգեր[34][35]։

Հայ վաճառականների միջոցով հայկական գորգերը տարածվել են աշխարհի տարբեր երկրների շուկաներում[36]։ Մի շարք հեղինակների, այդ թվում նաև 10-րդ դարի արաբ ճանապարհորդ Աբու Դուլաֆի հաղորդմամբ՝ Հայաստանում ամեն կիրակի կազմակերպվում էին տոնավաճառներ, ուր այլ ապրանքներից բացի վաճառվում էին բույուններ (ոչխարի բրդից պատրաստված հայկական գործվածք) և գորգեր[37]։[38]։

Գորգագործական արհեստի զարգացմանը որոշ չափով նպաստում էին Հայաստանում ստացվող ներկերը, որոնք հաղորդում էին գորգին եզակիություն և վառ երանգավորում։ Հատկապես օգտագործվում էր կարմիր գույնը, որը ստանում էին Հայաստանում շատ տարածված կարմրորդ կոչվող միաջտից։ 10-րդ դարի արաբ հեղինակ ալ Իստախրին, անդրադառնալով Արտաշատ քաղաքին, պատմում է հետևյալը.

Այս քաղաքում պատրաստում են նբրդյա շրջազգեստներ, գորգեր… և այլ հայկական արտադրանքներ: Այստեղ է պատրաստվում նաև «քըրմըզ» կոչվող հայկական ներկը, որով ներկում են մահուդը: Ես պարզեցի, որ այն պատրաստվում է որդի մի տեսակից, որը, շերամորդի նման, մանում է իր շուրջը[39]։

Հայկական գորգ, քաղաք Սևան, 19-րդ դարի վերջ

Մեկ այլ արաբ աշխարհագրագետ՝ Իբն Խաուկալը, խոսելով Հայաստանի քաղաքների մասին, բնութագրում է հայկական գործվածքներն ու դրանց կարևորությունը Արևելքի միջազգային շուկայում հետևյալ կերպ.

Այս քաղաքներում և դրանց միջև ընկած շրջաններում կան ապրանքներ, զանազան ներմուծվող իրեր, ինչպես նաև անհրաժեշտ կենդանիների տարբեր տեսակներ, ոչխարներ, որոնք արտահանվում են տարբեր երկրներ: Արտահանվող ապրանքների շարքում են նաև Սալմաստում պատրաստված հայկական հարգի գորգերն ու քուղերը, որոնց հատը վաճառվում է 1-10 դինարով: Նման ապրանքներ պարզապես անհնար է գտնել այլ երկրներում[40]։

Վ. Բարտոլդն իր աշխատությունում նշում է, որ հայկական գորգերը շատ մեծ անուն էին ձեռք բերել արևելքում[41], իսկ այդ շրջանի ժամանակակիցները կարծում էին, որ հայկական գորգերն օժտված են յուրահատուկ առանձնահատկություններով[38]։ Գորգեր ու կարպետներ էին գործվում Խոյում, Բերկրիում, Արճեշում, Թավրիզում, Խլաթում, Նախիջևանում, Բիթլիսում, Կեսարիայում, Սեբաստիայում, Ղարաբաղում և այլ հայկական և հայաբնակ քաղաքներում և համայնքներում։ 11-րդ դարի պարսիկ պատմաբան Աբու Սաիդ Դարդիզին, նկարագրելով Քադիր խանի ընդունելությունը, նշում է, որ էմիրը խանին որպես ընծա մատուցում է հայկական թանկարժեք գորգեր[42]։ Հայ ջուլհակների արտադրանքը համաշխարհային հռչակ էր վայելում և բարձր էր գնահատվում տարբեր երկրների արքունիքներում։ Օրինակ, պարսիկ արքունի գիտնական Խալիլ աս Սաբին, նկարագրելով խալիֆի հագուկապն ու սպասքը, նշում է, որ գահի բարձն ու խալիֆին պատկանող այլ շքասենյակների բարձերը գործված են հայկական թելից[43]։ Իսկ արաբ հեղինակ Աբդ ար Ռաշիդ ալ Բակուվին նշում է, որ հայ գորգագործները հմտորեն տիրապետում են գորգագործական արհեստին[11]։

Միջնադարում հայկական գորգերն այնքան հայտնի էին, որ դրանք և, առհասարակ, հայկական ջուլհակագործությունը ստացել էին «հայկական թելեր» բնորոշումը։ Այսպես, 10-րդ դարի արաբ աշխարհագրագետ և ճանապարհորդ Իբն Խաուկալը հիացած նշում է հետևյալը.

Ինչ վերաբերվում է հայկական թելերի արտադրանքին, դրանք են բուտը, նստոցները, գորգերը, ծածկոցներն ու բարձերը, ապա դրանց նմանը չկա աշխարհի ոչ մի ծայրում[44]։

Արաբական խալիֆայության դեսպան Իբն Ֆադլանը, ով ճանապարհորդել է Վոլգա գետի ափին բնակվող բուլղարների երկիրը, իր գրություններում նշում է, որ դեռ 10-րդ դարի 20-ական թվականներին այդտեղ հաստատված հայկական գաղութում զբաղվում էին գորգագործությամբ։ Ըստ նրա՝ կամյան բուլղարների թագավորի վրանը, ուր կարող էր տեղավորվել 1000 հոգի, ամբողջությամբ ծածկված էր հայկական գորգերով[45]։

Հայկական գորգեր էին մատուցվում նաև Բաղդադի խալիֆին՝ իբրև տուրք։ Հայտնի է, որ 10-րդ դարի սկզբին Հայաստանից Բաղդադ էին ուղարկվել 400 ձի, 30000 դինար և 7 հայկական գորգ։ Դրանցից մեկն եղել է 60 x 70 կանգուն (մոտ 18 x 18 մ)։ Նշվում է նաև, որ հայ գորգագործներն աշխատել են այդ գորգի վրա 10 տարի[46]։

9-11-րդ դարերում հայկական գաղութներ են ձևավորվում Եգիպտոսում, Ուկրաինայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և Հունգարիայում։ Այստեղ հայերը կրկին սկսում են զբաղվել արհեստներով, այդ թվում նաև գորգագործությամբ։ Ըստ ռուս պատմաբաններ Կարամզինի և Գլինկայի՝ դեռ 11-րդ դարի 60-ական թվականներին Կիևում ձևավորվել է հայկական գաղութ, որը հաջորդ հարյուրամյակում վերածվում է ինքնուրույն տարրի։ Տեղացի հայերը զբաղվում էին նաև ակնագործությամբ[47]։ Այս ամենի հետևանքով գաղութներ են ձևավորվում նաև Աստրախանում, Նոր Նախիջևանում, Թեոդոսիայում, Մոսկվայում, այնուհետև նաև Սանկտ Պետերբուրգում։ Այս երկրներում գոյություն ունեցող հայկական գաղութների տարածքներում գտնված թելերը, որոնք նման են Անիում պեղված թելերի մնացորդներին, վկայում են վերաբնակիչների՝ իրենց հայրենիքի հետ պահպանած կապի մասին[48]։

Նշանավոր վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ով 13-րդ դարին եղել է Արևմտյան Հայաստանում, իր «Գիրք աշխարհի զանազանության շուրջ» աշխատության 11-րդ գլխում անդրադառնում է հայերի ապրելակերպին և նշում հետևյալը.

Այստեղ, ինչպես գիտեք, արտադրվում են աշխարհի ամենաբարակ և ամենագեղեցիկ գորգերը, հյուսվում են նաև կարմիր և այլ գույների ընտիր և հարուստ գործվածքներ: Պատրաստվում են նաև շատ այլ արտադրանքներ[49]։

XVII—XIX դդ.[խմբագրել]

Ուղեգորգ Լիլիհանից

Պատմական Հայաստանի ողջ տարածքը 13-18-րդ դարերի ընթացքում եղել է թուրքմենական տարբեր ցեղերի, ապա թուրք-պարսկական անընդմեջ պատերազմների թատերաբեմ։ Դրանք ուղեկցվել են համատարած ավարառությամբ, որի արդյունքում էլ հայոց մշակութային արժեքները, այդ թվում նաև գորգերը, դարձել են նվաճողների և նրանց մզկիթների սեփականությունը։

1604 թ. թուրք-պարսկական պատերազմի ընթացքում Պարսկաստանի շահ Աբբաս Ա-ն վերաբնակեցնում է հայերին Պարսկաստանի ներքին շրջաններում՝ Անդրկովկասն իր տիրապետության տակ պահելու և երկրում արհեստն ու առևտուրը զարգացնելու նպատակով։ Վերաբնակեցվածների թվում էին նաև Ջուղայի արհեստավորները։ Հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին վկայում է, որ Ջուղայում շահ Աբբասի հետ հանդիպման ժամանակ նրա ողջ ճանապարհը ծածկված էր գորգերով.

Շահի ճանապարհը զարդարված էր. գետի ափից մինչև հօջա Խաչիկի պալատ տանող ողջ ճանապարհը զարդարված էր գորգերով, թանկարժեք և շքեղ գործվածքներով [50]։

1667 թ. Ռուսաստանի և Նոր Ջուղայի Հայկական առևտրային ընկերության միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի հայ առևտրականներին տրվում էին արտոնություններ. նրանք կարող էին զբաղվել առևտրով ջրային ուղիներով՝ Աստրախանից մինչև Արխանգելսկ և կարող էին բեռներ փոխադրել Ռուսաստանից դեպի արևմտյան Եվրոպա[51]։ 17-րդ դարի չեխ գիտնական Իրժի Դավիդը իր աշխատության մեև նշում է, որ Ռուսաստան ներկրվող այլ ապրանքների շարքում կային գորգեր և մետաքս[52]։

18-րդ դարում Արևելյան Հայաստանը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Այդտեղով էին անցնում Եվրոպան Ասիայի հետ կապող առևտրային ճանապարհները։ Մեծացավ Հայաստանի քաղաքների դերը, ուր սկսեցին կառուցվել պահեստներ Եվրոպայից, Չինաստանից, Հնդկասատանից, Իրանից և Թուրքիայից բերվող ապրանքների համար։ Հայաստանը, բացի այլ ապրանքներից, արտահանում էր ղարաբաղյան թելեր և յուրահատուկ երանգավորում և զարդանախշային ձևավորում ունեցող գորգեր[53]։ Հայկական առևտրային տները, բացի ներկայացուցչություններից, ունեին նաև անձնական շուկաներ այլ երկրներում։ Այսպիսով, իսպանացի ճանապարհորդ Դոն Գոնզալեսը, ով 1730 թ. այցելել էր Լոնդոն, գրում է, որ հայկական շուկան գտնվել է արևելքից Սմիթսոնյան փողոցում, իսկ հյուսիսից Թրեդնիդլ փողոցում[54]։

19-րդ դարի երկրորոդ կեսին գորգագործությունը նոր վերելք է ապրում։ Արևմտյան Հայաստանում գորգեր էին գործվում Կարինում, Բայազետում, Մանազկերտում, Մուշում, Սասունում, Վանում, Ախթամարում, Նորշենում, Վոստանում, Արծկեում, Բերկրիում, Մոկքում, Շատախում, Ակնում և հայկական բնակչություն ունեցող այլ քաղաքներում և շրջաններում։ Արևմտյան Հայաստանում և Անդրկովկասի քաղաքներում, ուր բնակվում էին մեծ քանակությամբ հայեր, գորգագործության կենտրոններն էին Կարինը, Երևանը, Օլթին, Սուրմալուն, Կաղզվանը, Ղարաքիլիսան, Իջևանը, Ղասախը, Խնձորեսկը և Դիզակը (Հադրութ), 16-18-րդ դդ.՝ Ջրաբերդը (Մարտակերտի շրջան) և Ղարաբաղը, 19-րդ դարում՝ Ալեքսանդրապոլը, Ախալքալաքը, Ախլցխան, Թիֆլիսը, Բոռչալուն, Նախիջևանը, Ագուիլսը, Գանձակը, Պարտավը, Շուշին և Լոռու մարզը։

Իրանում հայկական գորգագործությունը հայտնվում է կարճատև ճգնմաժամում, որն առաջին հերթին պայմանավորված Էր Ռուսաստանի կողմից հայաբնակ տարածքների նվաճմամբ։ Սակայն շուտով Իրանում իրականացվում են բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրի ողջ տարածքում բացվում են հայկական առևտրի տներ։ Հայ առևտրականները, օգտվելով շահերի բարեհաճությունից, առևտրական կապեր են հաստատում Հնդկաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ՝ արտահանելով թելեր ու գորգեր[53]։

19-րդ դարում սկիզբ դրվեց արևելյան, այդ թվում նաև հայկական գորգերի ուսումնասիրությանն ու հավաքչական աշխատանքներին։ Հայկական գորգերը սկսեցին ուսումնասիրվել իբրև գեղարվեստի առանձին ճյուղ և արժանացան մի շարք ուսումնասիրողների ու հնաահավաքների ուշադրությանը։

19-րդ դարի վերջում Իրանում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում արտադրված գորգերի հիման վրա ձևավորվեց ակտիվ եվրոպական շուկա։ Որոշ առևտրականներ բացեցին գորգերի խանութներ Անգլիայում՝ վստահելով գնման և փոխադրման ցանցին, որը ստեղծվել էր հիմնականում հայ և թավրիզցի առևտրականների կողմից[55]։

XX դ.[խմբագրել]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության խոշորագույն ջուլհակագործական կենտրոններում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ։ Դարասկզբին Չարլզ Բեյքերը, ով լավ հարաբերություններն ուներ օսմանյան դատարանների հետ, իր հսկողության տակ առավ մի շարք շրջանների հայկական ջուլհակագործական կենտրոնները, այդ թվում նաև Օսմոնյան կայսրության գլխավոր արդյունաբերական տեքստիլի կենտրոնները՝ Բալիքեշիրը, Աքշեհիրը, Կոնիան և Նեյոլին։ Նրա մահից հետո ընկերությունը գլխավորեց Սելիլ Էդվարդսը, ում օրոք այն վերակազմավորեց և վերանվանվեց Արևելյան գորգագործական ֆաբրիկա։ Ընկերության գործունեությունը, որ մեծապես կախված էր հայ ջուլհակներից, ընթացավ հաջողությամբ մինչև օսմանյան իշխանությունների քաղաքականության խստացումը քրիստոնյա հպատակների հանդեպ[56]։

Հայկական գորգագործական կենտրոններ կային նաև Իրանում։ Դրանք հիմնականում կենտրոնացված էին հայաբնակ քաղաքներում, ինչպիսիք էին Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ուրմիան, Արակը, Շահնշահրը, Ահվազը և Լիլիհանը։ Իրանի առավել հայտնի հայ գորգագործներն էին Է. Բենլյանը, Ս. Թայրյակյանն ու Կ. Թաուշաջյանը։ Վերջին երկուսը դարձան գորգագործության հիմնադիրները ԱՄՆ-ում և ստեղծեցին գորգի մի նոր տեսակ, որ կոչվեց «հայկական սարուկ»[57]։ 1904 թ. Նյու Ջերսի քաղաքում հիմնադրվեց A & M Karagheusian գորգագործական մեծ ֆաբրիկան, որի հիմնադիրներն էին 1896 թ. Թուրքիայից գաղթած Արշակ և Միրան Կարագյոզյան եղբայրները։ Նրանց ընտանիքում զբաղվել են գորգագործությամբ սկսած 1818 թվականից։ Ֆաբրիկան գործել է 60 տարի և ունեցել մինչև 1700 աշխատակից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվել է Մանհեթենում։

20-րդ դարի առաջին կեսին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի հանդեպ իրականացված [[Հայոց Ցեղասպանություն]|ցեղասպանություն]]ը հիմնովին ավերեցին Արևմտյան Հայաստանի տնտեսությունը։ Հարյուր հազարավոր հայ գաղթականներ, մազապուրծ լինելով թուրքական յաթաղանից, ապաստանեցին Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իրանում և Ռուսաստանում։ Հայ բնակչությանը ոչնչացնում կամ տեղահանության էին ենթարկում, իսկ նրանց ունեցվածքն ամբողջությամբ առգրավվում կամ ոչնչացվում էր։ Այսպիսով, Թուրքիայում քրիստոնյա բնակչության ոչնչացումից հետո հայկական ավանդական արհեստները գրեթե ամբողջապես դադարեցին գոյություն ունենալ այն կենտրոններում, ուր սրի էր քաշվել հայ բնակչությունը։ Սրա հետ մեկտեղ Թուրքիայի տարբեր շրջաններում ստեղծված բազմաթիվ հայկական որբանոցներում որբացած հայ մանուկները դեռ շարունակում էին գործել գորգեր։

Առաջին համաշխարհային պատերազմի, գաղթականության մեծ հոսքերի և ապա հաջորդած սովի արդյունքում Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայկական գորգագործությունն անկում ապրեց։ Այն որոշ չափով վերականգնվեց Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ 20-րդ դարի սկզբին սկսեցին հիմնադրվել գորգագործական արտելներ։

20-րդ դարի 20-ական թվականներին 150 հայ, փրկվելով Ցեղասպանությունից, Իտալիայի Բարի քաղաքի մոտակայքում Հրանտ Նազարյանի գլխավորությամբ հիմնադրում են Նոր Արաքս գյուղը, ուր շուտով բացվում է ոչ մեծ գորգագործական գործարան։ Այնտեղ պատրաստված հայկական գորգերը շատ հայտնի էին ինչպես Իտալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Գործարանից գորգեր են գնել մասնավորախպես թագավոր Ֆարուկը, Հռոմի Պապ Պիոս 11-րդը և թագուհի Ելենան։ Նոր Արաքսի գործարանում պատրաստված գորգերով են ծածկված նաև Իտալիայի պետական բանկի պատերը։ Նոր Արաքս գյուղն այսօր էլ գոյություն ունի և շարունակում է զբաղվել հայկական գորգերի արտադրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի Կալաբրիա շրջանում ձևավորվեց երկրորդ հայկական գորգագործական գյուղը[58]։

Սովետական իշխանության հաստատումից հետո տարածաշրջանում ստեղծվում են գորգագործության զարգացման նախադրյալներ։ Սակայն 1929 թ. գարնանից գյուղերում սկսվեց իրականացվել «ակտիվ կոլեկտիվացման» քաղաքականությունը, որն ուղղված էր կոլեկտիվ տնտեսությունների ավելացմանը։ Զգալիորեն աճեց կոլտնտեսությունների թիվը, իսկ արհեստավորները, այդ թվում և գորգագործները, համախմբվեցին արտելներում։ Արտադրության մեջ սկսեցին ներմուծվել հաստոցներ ու մեքենայացված սարքավորումներ, ինչը նպաստեց ձեռագործ գորգերի արտադրության անկմանը։

1958 թ. Հայկական ՍՍՀ-ի 22 շրջաններում սկսվեց գորգագործական արտադրություն։ Գորգագործական արտելներում պատրաստված գորգերը ցուցադրվում էին բազմաթիվ միջազգային ցուցադրություննեերում և տոնավաճառներում՝ արժանանալով բարձր գնահատանքի և մրցանակների։ Այսպես, 1937 թ.Փարիզի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում հայկական գորգերն արժանանում են Մեծ ոսկե մեդալի, 1949 թ. Նյու Յորքում՝ Մեծ մրցանակի, 1958 թ. Բրյուսելում՝ երկրորդ ոսկե մեդալի, 1965 թ. Լայպցիգում՝ Մեծ ոսկե մեդալի, իսկ 1984 թ. Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում՝ չորս ոսկե մեդալի[59]։ 1984 թ. հայ գիտնականների ակտիվ գործունեության արդյունքում Հայկական ՍՍՀ-ում պաշտոնապես գրանցվեց ոչխարի նոր տեսակ՝ հայկական կիսակոպիտ կաշի ունեցող ոչխարը, որի բացառապես սպիտակ և ձիգ բուրդը սկսվեց օգտագործվել գորգագործության մեջ[60]։

2009 թ. ձեռագործ գորգերի աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց որոշում, ըստ որի ձեռագործ գորգերի վաճառքն իրականացվելու է առանց եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի[61]։

Գորգագործությունն այսօր[խմբագրել]

Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թ. Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։

Գորգագործական ձեռնարկություններ[խմբագրել]

  • «Թուֆենկյան Թրանս Կավկազուս»
  • «Մեգերյան կարպետ»
  • «Ղարաբաղ կարպետ»
  • «Աիդա Սիմոնյան»

Հայկական գորգը կերպարվեստում[խմբագրել]

Յան Վան Էյկ, Տիրամայրը մանուկ Հիսուսի, սրբերի և կանոնիկոս Պալեի հետ, 1436, Խրունինգե թանգարան, Բրյուգգե

17-րդ դարի հայկական գորգերը մեծապես պատկերվել է նաև կերպարվեստում, ինչպես օրինակ, Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բարձրաքանդակներում և միջնադարյան հայկական մանրանկարչության մեջ։ Հաճախ գորգերի և տեքստիլի փոքր պատառիկներն օգտագործվում էին մատյաններ կազմելու համար։ Հենց այս պատճառով է, որ այսօր մեզ են հասել այդպիսի մի քանի հազար պատառիկներ[62]։

Հայկական մանրանկարչությունում և որմնանկարներում հաճախ կարելի է հանդիպել Աստվածամորը, Քրիստոսին, ավետարանիչների և սրբերի՝ պատկերված գորգերով, բարձերով կամ ձեռագործ ծածկոցներով։ Եկեղեցու խորանները, խաչքարների բարդ հյուսվածքները, միջնադարյան հայկական ձեռագրերում հանդիպող վարդյակները կրկնում են գորգերի և կարպետների զարդանախշերը։ Հայկական գորգեր պատկերվել են նաև 13-14-րդ դարի եկեղեցիների շքամուտքերին[63]։

Գորգերի և կարպետների մասին բազմաթիվ հիշաատակություններ են պահպանվում հայկական բանավոր ավանդազրույցներում, հեքիաթներում, երգերում և Սասունցի Դավիթ էպոսում։ Այսպես օրինակ, «Անահիտ» հեքիաթի հերոսուհին ասում է, որ կհամաձայնի ամուսնանալ արքայազնի հետ այն պայմանով, որ նա սովորեցնի իրեն որևէ արհեստ՝ նախապատվությունը տալով գորգագործությանը[64]։ Ղարաբաղում պատմվող մի հայկական ավանդազրույցի համաձայն՝ սատանան սովորեցրել է մարդկանց զբաղվել գորգագործությամբ, որպեսզի գայթակղի նրանց շքեղությամբ և նյերգրավի ծանր աշխատանքի մեջ[65]։

Հայկական գորգերի պատկերումներ կարելի է հանդիպել նաև եվրոպական գեղանկարչության մեջ, ուր այն պատկերվել է սկսած Վերածննդի դարաշրջանից՝ դեռևս 13-14-րդ դդ.։ Այսպես, առաջին օրինակներից մի քանիսն են Ջոտտոյի «Մոգերի երկրպագությունը» որմնանկարը, Լորենցետի Ամբրոջիոյի «Աստվածամայրը գահի վրա» նկարը, հետագայում Անդրէա Մանտենեայի «Աստվածամայրն ու Սուրբ Զենոնը» որմնանկարները,Յակոբո Բասանոյի «Քրիստոսն Էմմաուսում», «Յովհաննէս Մկրտչի գլխատումը», «Աստվածամայրը մանկան հետ գահի վրա, Սուրբ Մարտինի և Անտոնի վանահոր հետ», Միք. դա Կարավաջոյի «Նախաճաշ Էմմաուսում» կտավները և այլն։

Նիդերլանդացի նկարիչների ստեղծագործություններում հայկական գորգը յուրահատուկ կոլորիտ է հաղորդել կտավին։ Այս առումով հատկանշական են Յան Վան Էյկի, ֆլամանդացիներ Ռուբենսի, Վան Դեյկի, Հանս Մեմլինգի, հոլանդացիներ Ռեմբրանդտի, Վերմեր Դելֆտացու, Տերբորխի, իսպանացի Վելասկեսի կտավները[66]։

Ավստրիացի արվեստագետ Ալոիս Ռիեգլը գտնում է, որ Իտալիա և ապա Հոլանդիա ներմուծված հայկական գորգերի յուրահատուկ երանգավորումը ազդել է ողջ եվրոպական գեղանկարչության վրա[67]։ Ամերիկացի հայտնի հեղինակ Ռեյ Բրեդբերիի «Ելակի պատուհանը» (Strawberry Window) պատմվածքում իրենց տունը կարոտող հերոսները տնային պարագաների շարքում հիշատակում են նաև հայկական գորգը[68]։

Գորգը հաճախ է պատկերվում նաև հայ նկարիչների կտավներում։ Հատկանշական են Ս. Աղաջանյանի, Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Մ. Ավետիսյանի և այլոց գործերը։

Հայոց գորգերի տիպաբանությունը[խմբագրել]

Ստորև ներկայացվող տիպաբանական համակարգում տիպն աշխարհագրական անվանումով տարբերակված է միայն զանազան աղբյուրների համադրությամբ առավելագույնս հիմնավորված լինելու պարագայում։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս խուսափելու ծագումնաբանական բնույթի լուրջ սխալներից, հատկապես որ անվանումների համակարգում կարևորվում է նաև տվյալ տիպին բնորոշ գլխավոր հորինվածքը։ Առաջարկվող համակարգում տեղ են գտել նաև Վերածննդի նկարիչների անուններին, ինչպես նաև տվյալ գորգի գործառնական բնույթին ու գեղազարդման համակարգի թեմատիկային առնչվող բառեզրեր, որոնք արժանացել են մասնագետների համընդհանուր ճանաչմանը։ Նման դեպքերում առհասարակ բացառվում են տվյալ տիպի ծագումնաբանությանն ու տարածման արեալներին վերաբերող կանխակալ տեսակետները, քանի որ միևնույն տիպում կարող են ընդգրկվել էթնիկական տարբեր միավորների վերաբերող, սակայն միևնույն հորինվածքներով գեղազարդված և միևնույն գործառնական նշանակությունն ունեցող գորգեր ու կարպետներ[69]։ Այսպիսով, ստորև ներկայացվող տիպաբանության համակարգում որպես տիպերի անվանումներ ընդունված են.

Ղարաբաղյան գորգ՝ հայերեն գրություններով, 1896 թ.
  1. այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը,
  1. գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը,
  1. գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Տիպերն իրենց հերթին ընդգրկված են առանձին խմբերում։ Այս դեպքում կարևորված են տիպերի թեմատիկ, հորինվածքային, ինչպես նաև դրանց մատուցման աղերսները։ Ըստ այդմ առանձնացված են ներքոհիշյալ խմբերը.

  1. Բուսածաղկային
  2. Խաչազարդով կամ խաչաձև հորինվածքով
  3. Բազմանիստ խոշոր հորինվածքով
  4. Շեղանկյունազարդով
  5. Աստղազարդով
  6. Խորանավոր
  7. Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով։
  8. Նախշաշերտով
  9. Վիշապապատկերով
  10. Ջրաբերդ
  11. Թեմատիկ-Պատկերային։

Վերոհիշյալ խմբերում ընդգրկված տիպերի հորինվածքային հիմնական բնորոշիչներից զատ, հնարավորնս փորձել ենք ներկայացնել նաև դրանց տարածաշրջանները։ Հաշվի առնելով, որ տարածաշրջանների անունները բազմիցս ենթարկվել են տարաբնույթ փոփոխությունների, տիպը տարածաշրջանով անվանելու դեպքում նախապատվությունը տվել ենք հիմնականում Մեծ Հայքի վաղ միջնադարյան տեղանուններին։ Հարկ է շեշտել, որ Արևմտյան Հայաստանի երբեմնի գորգագործական կենտրոններին վերաբերող պատմազգագրական սկզբնաղբյուրների սակավության պատճառով սույն աշխատանքում նկատելիորեն թերի է արտահայտված դրանց բնորոշ գորգերի տեսականին։

Այդուհանդերձ, առաջարկվող տիպաբանությունը, համապարփակ է և ունի նկատելի առավելություններ եղածների նկատմամբ, քանի որ.


  • այն համընդհանուր է գորգագործական բոլոր կենտրոնների համար և չունի ժամանակագրական սահմանափակում
  • հիմնականում չշոշափելով ծագումնաբանական հարցեր, լուրջ տարաձայնությունների առիթ չի դառնա
  • ուսումնասիրողներին հնարավորություններ է ընձեռում, առանց սույն հայեցակետը խախտելու, տիպերի համակարգում լրացումներ ու շտկումներ անելու, նաև ստեղծելու ենթատիպային համակարգ

Բուսածաղկային[խմբագրել]

Այս խմբում առաջարկվում է ներառել այն գորգերն, որոնց գեղազարդման համակարգում առանցքային նշանակություն ունեն բուսածաղկային բնույթի նախշերը՝ ծառանախշերն ու ծաղկանախշերն ու դրանցով կազմված հորինվածքները։ Ներառված են նաև այն տիպերը, որոնց գեղազարդման համակարգի հիմնական հորինվածքը վարդակ է՝ բուսանախշ հորինվածք, որը բազմաթերթ է, և ունենում է շրջանաձև ուրվագիծ։ Կարող է լինի իրական կամ երկրաչափականացված տեսքի։ Հարկ է ընդգծել, որ հայոց գորգարվեստում հատկապես նշանակալից է այս խմբին դասվող «Կենաց ծառ» նախշը, որն աչքի է ընկնում տարբերակների արտակարգ հարստությամբ ու, մանավանդ, տարածվածությամբ։ Ընդ որում, այս խմբին պատկանող գորգերի գեղազարդման համակարգում այն ունենում է ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական տարրի նշանակություն։ Ընդհանուր առմամբ, բուսածաղկային հորինվածքները լինում են իրական կամ երկրաչափականացված։ Մեծ մասամբ համադրվում են զարդերի ու պատկերների հետ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բուսածաղկային հորինվածքներից մեկի՝ վարդակով ու դրա տարբերակներով գեղազարդված գորգերի տիպերը իրենց հերթին բավականին մեծ թիվ են կազմում, նպատակահարմար ենք գտել դրանց առանձնացնել այս խմբից ու ներկայացնել առանձին խմբով։

Նշանախշով գորգ, 19-րդ դար, Ղարաբաղ

1. «Նշանախշ» - Նշաձև նախշերով ու դրանց ոճավորումներով։ Կենտրոնում լինում է ծաղիկ կամ «կենաց ծառ»։ Լինում են վանդակում կամ առանց դրան՝ կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ գորգադաշտը։ Ունի համահայաստանյան տարածում։

2. «Կենաց ծառ» - Բնորոշվում է ծառանման հավասարաչափ նախշերով ու հորինվածքներով։ Լինում են իրական կամ երկրաչափականացված տեսքով։ Դրանց գագաթներին կամ երկու կողմերում կարող են լինեն խաչ, կենդանապատկեր կամ որևէ զարդ։ Այս տիպի կազմում եղած մի տարբերակի գորգերն էլ բնորոշվում են «կենաց» ծառի ճյուղին փաթաթված օձապատկերով։ Լինում են վանդակում կամ առանց դրան, որոշ տարբերակներում՝ նաև սափորում կամ ծաղկամանում։ Հիմնականում ներկայացվում են, կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ գորգադաշտը։ Բացառություն են կազմում խոշոր՝ մասնավորապես օձապատկերի հետ համադրված հորինվածքներով բնորոշվող տարբերակները, որոնք գեղազարդվուն են մեկ կամ մի քանի այդօրինակ հորինվածքով։ Ունի համահայաստանյան տարածում։

3. «Արմավենյակ» - Հիմնական հորինվածքը ծառաձև, նոճիանման սլացիկ նախշ է։ Լինում է վանդակում կամ առանց դրա։ Սովորաբար, գեղազարդման համակարգը լրացվում է զարդանածշերով ու կենդանապատկերներով։ Առավել բնորոշ է Վասպուրականի արևմտյան և հյուսիս-արևմտյան գավառների, պարսկահայոց, մասամբ նաև Սյունիքի, Արցախի, գորգագործական կենտրոններին։

4.«Ուտիք» - Բնորոշվում է տափաշշի ուրվածով ու սլաքաձև գագաթով վանդակում ամփոփված «Կենաց ծառ» նախշով։ Այն պատկերվում է դաշտի եզրամասերում։ Դաշտի կենտրոնում լինում է մեծավ մասամբ բուսանախշերով ու կենդանապատկերներով գեղազարդված շեղանկյունաձև ուրվագծով մեկ շրջանակ։ Հիմնականում բնորոշ է Ուտիքի, Արցախի, ինչպես նաև Զանգեզուրի, Վայքի, Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառների ու Պարսկաստանի հյուսիս-արևմտյան գորգագործական կենտրոններին։ Մեզ հայտնի բոլոր տարբերակները առավելապես բնորոշ են պատմական Հայաստանի Ուտիք նահանգի գորգագործական կենտրոններին՝ մասնավորապես ներկայիս Շամխոր-Քարհատ տարածաշրջանին։ Այդ հանգամանքից ելնելով էլ, իբրև այս տիպի անվանում, նպատակակահարմար է գտնվել «Ուտիք» տեղանունը։

5.«Ծաղկանախշ» - Վարդերի և այլ ծաղիկների փնջերով գեղազարդված։ Գորգագործական որոշ կենտրոններում հիմնական հորինվածքը կարող է լրացված լինի կենդանակերպ ու թռչնակերպ իրական պատկերներով։ Ծաղկային նախշերի գերակշիռ պարագան ի նկատի ունենալով, հարմար ենք գտնում կիրարկում առաջարկել վերոհիշյալ անվանումը։ Ունի համահայաստանյան տարածում։

6.«Լիլահան» - Բնորոշվում է գորգադաշտը ծածկող ճյուղատարած խոշոր ծաղկանախշերով ու դրանցից կազմված հորինվածքներով։ Դրանք լինում են նաև խաչաձև՝ ողջ դաշտն ընդգրկող։ Որոշ տարբերակների բնորոշ է դաշտի կենտրոնում խոշոր վարդակի առկայությունը։ Տարածված է պատմական Հայաստանի գորգագործական բոլոր կենտրոններում, սակայն, առավել հատուկ է Վասպուրականի արևելյան գավառների և պարսկահայոց՝ մասնավորապես Նոր Ջուղայի մերձակա գորգագործական կենտրոններին (Շուրիշկան, Փերիա, Չարմահալ և այլն), Ուրմիա լճի ավազան-Համադան ընդգրկող բնակավայրերին և դրանց թվում՝ հատկապես Լիլահան քաղաքին։ Դրանով ենք հիմնավորում այս տիպի գորգերին «Լիլահան» անվանելու առաջարկը։

7.«Պարտեզային» - Քառակուսի կամ շեղանկյունաձև հավասարաչափ վանդակների բաժանված դաշտով։ Սովորաբար գեղազարդվում են բուսանախշերով ու կենդանապատկերներով և ունենում են տարբեր հիմնագույն։ Մի շարք ուսումնասիրողների կարծիքով, գեղազարդման այդպիսի համակարգ ուներ «Խոսրովի այգի» կոչված նշանավոր գորգը (6-րդ դար)։ Դրանք մասնագիտական շրջաններում հայտնի են «պարտեզ» կամ «պարտեզային» անվանումով։ Առավելապես բնորոշ է Վասպուրականի և պարսկահայոց՝ մասնավորապես Նոր Ջուղայի մերձակա տարածքներին, Համադանի ու Ուրմիա լճի ավազանում եղած գորգագործական կենտրոններոին։

8. «Սավոնիր» - Գեղազարդման համակարգում հիմնականը բուսածաղկային՝ առավելապես ծաղկաշղթաներից կազմված, խոշոր, շրջանաձև ուվագծով հորինվածքներ են։ Դրանք սովորաբար լրացվում են նաև կենդանակերպ ու թռչնակերպ իրական պատկերներով։ Այդ ոճը բնորոշ է 18-19-րդ դարի արևմտաեվրոպական գործվածքին։ 19-րդ դարի երկրորդ կեսից այն լայն տարածում գտավ Անդրկովկասի գորգագործական կենտրոններում, հատկապես Լոռիում, Արցախում, Ղուբա-Դերբենտ տարածաշրջանում։ Անվանումը կապված է XVII դ.սկզբից Փարիզի մերձակայքում գործող գորգագործական նույնանուն մանուֆակտուրայի հետ։

9. «Բերդաձոր» - Բնորոշվում են ծաղկանախշ, անկանոն հորինվածքներով, որոնք սովորաբար, լրացվում են նաև «Խնձորեսկ» գորգերին բնորոշ վիշապապատկերները հիշեցնող կենդանակերպ ոճավորումներով։ Համեմատաբար քիչ է տարածված։ Այս տիպի գորգերին բնորոշ է նաև միայն մեկ նեղ գոտի ունենալը։ Հիմնականում հայտնի է Արցախում, մասնավորապես Վարանդա, Դիզակ և Քաշաթաղ գավառների մասամբ, նաև Ատրպատականի Ահար քաղաքի ու դրա մերձակայքի գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային հետազոտությունների ու թանգարաններում պահվող նմուշների ուսումնասիրումից բացահայտվել է, որ այս տիպը առավել բնորոշ էր գորգագործության ավանդական կենտրոն Արցախի Քաշաթաղ գավառի Բերդաձոր գյուղին և դրա մերձակա տարածաշրջանի բնակավայրերին։ Այս իմաստով էլ հիմնավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը։

Ակնի որբանոցի որբերի կողմից գործված գորգ, 1898 թ.

10. «Կուսապատ» - Գեղազարդման հիմնական տարրը խաչաձև առանցքով քառաթերթ վարդակն է, որի կենտրոնում լինում է քառակուսի կամ շեղանկյուն զարդ։ Հայտնի է, որ դա «Ջրաբերդ» տիպի գորգերի հիմնական հորինվածքի բաղադրամասերից է։ Լինում է վանդակում և առանց դրան, պատկերվում մեկ և ավելին շարքով։ Տարածված է հիմնականում Ջրաբերդի, Գարդմանի, Տավուշի գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններն ու թանգարաններում եղած այդ տիպի գորգերին վերաբերող փաստագրված տեղեկությունները թույլ են տվել եզրակացնելու, որ դրանք առավելապես տիպիկ են Արցախի Ջրաբերդ գավառի և հատկապես այդ տարածաշրջանում գորգագործությամբ ավանդաբար հայտնի Կուսապատ գյուղի և մերձակա բնակավայրերի գորգագործներին։ Դրանից ելնելով էլ, իբրև այդ տիպի գորգերի անվանում, կիրարկման ենք առաջադրում «Կուսապատ» տերմինը։

12.«Ամարաս»- Գեղազարդման համակարգում հիմնականը ութ թերթանի վարդակ է։ Դրա ուղղաձիգ ու հորիզոնական թերթերը խոշոր են՝ միանման ու հավասարաչափ։ Միջանկյալ չորս թերթերը նույնպես հավասարաչափ ու միանման են, բայց ավելի փոքր։ Այս վարդյակն իր մեջ ամփոփում է զարդի շուրջ պատկերված դարձյալ ութ թերթանի, երկրաչափականացված մեկ այլ՝ շատ ավելի փոքր վարդակ։ Սովորաբար երիզվում է ատամներով։ Լինում է վանդակում կամ առանց դրան։ Գորգագործական որոշ կենտրոններում այս տիպի գորգերի գեղազարդման համակարգը լրացվում է գորգադաշտի եզրերում պատկերված թռչնակերպ խոշոր ոճավորումներով։ Ունի տարբերակներ։ Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Ղարաբաղ», «Լամպա Ղարաբաղ», «Լամպա» և այլ անվանումներով։ Իր բոլոր տարբերակներով էլ ավանդական է Արցախի Դիզակ և Վարանդա գավառներում՝ մասնավորապես Ամարասի հովտում ու մերձակայքի գյուղերում։ Վերոհիշյալով էլ հիմնավորվում ենք այս տիպին «Ամարաս» անվանելը։

13. «Աղբակ» - Բնորոշվում է բազմաթերթ շրջանաձև վարդակով։ Դասական նմուշների գեղազարդման համակարգում, որպես կանոն, պատկերվում են նաև ոճավորված զույգ թռչնագլուխներից կազմված հորինվածքներ։Պատկերվում են կանոնավոր շարքերով և ծածկում են ողջ գորգադաշտը։ Հայտնի է Աղձնիքի հարավային շրջաններում (Տիգրանակերտի և Սղերդի գավառներ), Վասպուրականի, Պարսկահայքի, Սյունիքի գորգագործական կենտրոններում, Անդրկովկասի հյուսիս-արևելքում։ Մեր կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ գորգի գեղազարդման այս ավանդույթը Անդրկովկաս մուտք է գործել հիմնականում 1828-30-ական թթ, Խոյ-Սալմաստից և Պարսկահայքից Արևելյան Հայաստան վերաբնակեցված ավելի քան վաթսուն հազար հայ ընտանիքների հետ միասին։ Նշված հանգամանքից ելնելով էլ նպատակահարմար է այս տիպի գորգերի համար կիրարկել միջնադարյան Հայաստանի գորգագործության նշանավոր կենտրոններից մեկի Վասպուրականի Աղբակ՝ Արծրունյաց տոհմական գավառի անունը, որը ներառում էր ներկայիս Խոյ-Սալմաստ տարածաշրջանը։

Խաչազարդով կամ խաչաձև հորինվածքով[խմբագրել]

Խաչաձև հորինվածքով գորգ, Հակոբ Մանոյանի հավաքածու, Նյու Յորք, ԱՄՆ

Խմբի բնորոշիչ զարդը խաչն է, որը հայոց գորգարվետում ունի առանձնակի տեղ ու ներկայանում է բազմաբնույթ տարբերակների տեսքով։ Համադրվում է այլ զարդաձևերով, նախշերով, հորինվածքներով ու պատկերներով։ Լինում է մեկը կամ մի քանիսը, վանդակում ու առանց դրան։ Խմբում ներառված են նաև «ծաղկած» կամ ծաղկանախշած խաչերով գեղազարդվածները։ Այս վերջիններս բնորոշվում են խաչաթևերը լրացնող կամ եզրափակող կոկոնաձև, վարսանդաձև կամ վարդակաձև բուսածաղկային նախշերով։ Սրանց առհասարակ հատուկ է բարդ կառուցվածքն ու բաղադրամասերի բազմազանությունը։

1. «Խաչերով»- Գեղազարդման հիմնական տարրը խաչի իրական պատկերն է՝ ներկայացված կանոնավոր շարքերի տեսքով։ Այս տիպի տարբերակներից մեկում խաչի թևերը ունեն սլաքաձև ծայր։ Լինում են վանդակում և առանց դրան։ Տիպի վաղագույն նմուշների պատկերներ հայտնի են 11-12-րդ դարերի հայկական մանրանկարներից։ Ունի համահայաստանյան տարածում։

2. «Կեռխաչ» - Բնորոշվում է կեռխաչ նախշով։ Լինում է մեկ և ավելին, պատկերվում մեկ և ավելին կանոնավոր շարքի տեսքով, համադրվում վարդակներով ու պատկերներով։ Այս հորինվածքով գեղազարվարդված գորգի մեզ հայտնի վաղ նմուշը պատկերված է 14-րդ դարի երկրորդ կեսով թվագրված, Վասպուրականի գրչության կենտրոններից մեկում կատարված մանրանկարում։ Բնորոշ է Ուտիքի, Գուգարքի, Արցախի, Սյունիքի գորգագործական կենտրոններին։

Հիթիթների (խեթերի) ժայռաքանդակ, ցուցադրված է հիթիթների նշանով (SS սվաստիկայով) զարդանախշը։
Ասիական տեսակի գորգ, որի զարդանախշում օգտագործված է հիթիթների նշանը (սվաստիկան)։
Վիշապագորգ, 19-րդ դար, Կցաբերդ գյուղ, Դիզակ, Արցախ
Վիշապագորգ, Արցախ
Վիշապագորգ, Արցախ

3. «Ծաղկած խաչ» - Գեղազարդման հիմնական տարրը ծաղկած կամ հայկական խաչն է՝ վարսանդաձև, կոկոնաձև կամ վարդակաձև չորս նախշից կազմված մեկ ամբողջական հորինվածք, որը մասնագիտական շրջաններում հայտնի է հենց «Ծաղկած խաչ» անվանումով։ Լինում է մեկ կամ մի քանի հատ։ Դասական նմուշներից է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում պահվող 17-րդ դարի առաջին քառորդով թվագրվող գորգը։ «Ծաղկած խաչ» տիպի գորգերը Ֆ. Գանցհորնը առանձնացրել է մի խմբում։ Ունի համահայաստանյան տարածում։

4. «Լոռի-Փամբակ» - Բնորոշվում է խաչաձև հորինվածքով։ Դրա հորիզոնական թևերը ավարտվում են կոկոնաձև նախշով։ Ուղղաձիգները՝ դիմահայաց դիրքով պատկերված կենդանակերպ երկուական ոճավորումով են ու դրանց միջնամասում էլ լինում է եռանկյունաձև ելուստ։ Հորինվածքի կենտրոնում սովորաբար լինում է զարդ, որը կրկնվում է նաև ուղղաձիգ թևերի կենտրոնում։ Այս ամբողջությունը ունենում է միևնույն հիմնագույն, լինում է բազմանիստ շրջանակում, կամ առանց դրան։ Բնորոշ է Գուգարքի, Արցախի, Սյունիքի, ինչպես նաև Վանանդի ու Ջավախքի գորգագործական կենտրոններին։ Բայց առավելապես բնորոշ է Լոռուն ու Փամբակին։ Այդ իսկ պատճառով էլ հիմնավորված ենք համարում ուսումնասիրողների կողմից այս տիպի գորգերին տրված «Լոռի-Փամբակ» անունը։

5. «Լոռի» - Բնորոշվում է խաչաձև բարդ հորինվածքով, որը կազմված է քառակող կամ բազմակող շրջանակում ամփոփված զարդից և այդ շրջանակի կողերի կենտրոններից սկզբնավորվող, ուղղաձիգ, հավասարաչափ երկարությամբ մեկական զարդանախշերից։ Կառուցվածքով «Լոռի -Փամբակ» հորինվածքի երկրաչափականացված տարբերակ է։ Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում, բացի հիմնական հորինվածքից, լինում են նաև աստիճանավոր եզրերով ու շեղանկյունաձև ուրվագծով շրջանակում ամփոփված զարդեր կամ ծաղկանախշեր։ Բնորոշ է «Լոռի-Փամբակ» տիպի տարածման շրջաններին։ Իր բոլոր տարբերակներով հանդերձ, առավելապես հայտնի է Լոռվա գորգագործական կենտրոններում, որի պատճառով էլ նպատակահարմար է գտնվել «Լոռի» անվանումը։

6. «Հաղպատ» - Բնորոշվում է քառակուսի զարդից ու դրա յուրաքանչյուր գագաթից սկզբնավորած մեկական «կենաց ծառ» նախշից կազմված խաչաձև հորինվածքով։ Նախշերը լինում են հավասարաչափ, ընդգծված ճյուղերով ու սլաքաձև գագաթով։ Այդ ամբողջությունը «ծաղկած խաչ» է, ու սովորաբար ամփոփվում է ուղղանկյուն շրջանակում, որի յուրաքանչյուր կողի կենտրոնական մասում կենաց ծառի գագաթը ընդգծվում է եռանկյունաձև ելուստի տեսքով։ Շրջանակում՝ «կենաց ծառեր»-ին մեկընդմեջ լինում է կեռիկներով երիզված զարդ։ Նշված հորինվածքը հայոց գեղազարդման արվեստի համակարգում հայտնի է վաղ ժամանակներից։ Միջնադարում բնորոշ էր հատկապես Շիրակի ու Լոռվա մշակութային կենտրոններին, այդ թվում՝ հատկապես Հաղպատի մանրանկարչության դպրոցին։ Լոռվա գորգագործության այդ հանրահայտ կենտրոնում ու դրա մերձակա բնակավայրերում այս տիպի գորգեր գործելու ավանդույթի գոյության փաստը, և վերը նշվածը ի նկատի ունենալով էլ, կիրարկման է առաջադրվում «Հաղպատ» անունը։ Տարածված է Ուտիքի, Արցախի, Սյունիքի, Գուգարքի, ինչպես նաև Շիրակի, Ջավախքի, Վանանդի ու Բագրևանդի գորգագործական կենտրոններում։ Մասնագիտական շրջաններում հայտնի է «Աղստաֆա» անունով։

7. «Մեծ խաչ» - Գեղազարդման համակարգում հիմնականը խաչաձև զարդանախշ է։ Խաչի թևերի ծայրերը ունենում են ուղիղ կամ սլաքաձև կտրվածք։ Լինում է մեկը կամ մի քանիսը՝ շրջանակում կամ առանց դրան։ Խաչի թևերն ու կենտրոնական մասը սովորաբար գեղազարդվում են վարդակով, զարդով ու ոճավորված պատկերով։ Մասնագիտական շրջաններում հայտնի է «Ղազախ», «Ղարաբաղ» «Շիրվան» և այլ անուններով։ Աղբյուրագիտական պրպտումներից պարզվել է, որ նշված տիպի գորգերի վաղ ավանդույթները արտահայտված են Անիի մերձակա գրչության կենտրոններում կատարված մանրանկարներում։ Այդպիսի հորինվածքներով է գեղազարդված նաև Անիի եկեղեցիներից մեկի 1371 թվականին պատրաստված դուռը, որը այժմ պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Ունի համահայաստանյան տարածում։

Բազմանիստ խոշոր հորինվածքներով[խմբագրել]

Հայկական գորգ Խնձորեսկից, Սյունիք, 19-րդ դար

Հայոց գորգերի գեղազարդման համակարգում հատկապես մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները։ Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ։ Այդօրինակ հորինվածքներին բնորոշ է նաև գաղափարա-իմաստային որոշակի բովանդակություն, որով էլ դրանք նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների շրջանում։ Հորինվածքային ու իմաստային տարաբնույթ արտահայտություններուվ հանդերձ, դրանք աղերսվում են երկրաչափական ձևերի ընդհանրություններով՝ խոշոր ու բազմանիստ շրջանակների առկայությամբ։ Այդ պարագան նկատի ունենալով է որ հարմար ենք գտել մի խմբում այդ բոլորին ընդգրկելը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ առանձին խմբով ենք ներկայացնում շեղանկյունազարդերով գեղազարդված գորգերի տիպերը, որը ի թիվս այլ պատճառների, հիմնավորված է դրանց բազմազանությամբ ու ձևա-իմաստային առավել սերտ աղերսների առկայությամբ։

«Փառակա» - Գեղազարդման հիմնական հորինվածքը բաղկացած է խոյեղջյուր պատկերներ ամփոփող, ներսից ու դրսից կեռիկներով երիզված հատած անկյուններով ուղղանկյուն վանդակից ու այդ ամբողջությունը պարփակող մի խոշոր ութակող շրջանակից, որը ներսի շրջանակին եղած կեռիկների ուղղությամբ նույնպես երիզվում է նույնքան ուղղաձիգ կեռիկներով։ Լինում է մեկ և ավելին, և սովորաբար պատկերվում են քառակուսի շրջանակով ընդգծված մակերեսի վրա։ Այս տիպի գորգերի դաշտի անկյուններում սովորաբար լինում են նաև ուղղանկյուն շրջանակում ամփոփված աստղազարդեր։ Տիպը, ըստ հավաքված դաշտային ազգագրական նյութերի, առավելապես բնորորոշ էր Գողթան, Երնջակ ու Զանգեզուր գավառների գորգագործական կենտրոններին և հատկապես՝ ուշ միջնադարյան Հայաստանի գորգագործության հայտնի կենտրոն Փառակա գյուղին։ Այս հանգամանքից ելնելով էլ, իբրև տիպի անվանում, առաջարկվում է «Փառակա» տեղանունը։ Տարածված է նաև Արցախում, Ուտիքում, Գուգարքում։

«Մեղրի» - Բնորոշվում է անկյունները հատած քառակուսի մակերեսով, որի կենտրոնում լինում է միևնույն ձևի՝ բայց շատ ավելի փոքր շրջանակում ամփոփված զարդանախշ։ Մակերեսի մնացած ողջ տարածքը գեղազարդված է լինում կենդանակերպ ոճավորումներով, կենաց ծառի տարբերակների նախշերով։ Այդ բոլորից սովորաբար լինում է չորսական հատ, ներկայացված կենտրոնի փոքր զարդանախշի շուրջ բոլորը, սիմետրիկ դիրքով։ Մատուցման ներդաշնակության ու իմաստային միևնույն սիմվոլիկ նշանակության շնորհիվ դրանք կազմում են մի կուռ ամբողջություն։ Արտաքին շրջանակը սովորաբար երիզվում է կեռիկներով։ Ընդհանուր առմամբ, գեղազարդման համակարգի տարրերը ծայրահեղ արխաիկ են, և խորհրդանշում են բնության և կյանքի հավերժության գաղափարը։ Բնորոշ է Սյունիքին ու Արցախին մասամբ նաև Վասպուրականի արևելյան ու հյուսիս-արևելյան գավառների, Բագրևանդի, Կոգովիտի գորգագործական կենտրոններին։ Մեր ուսումնասիրություններով, այս տիպը առավելապես բնորոշ է Զանգեզուրի՝ մասնավորապես Կապան-Մեղրի-Ագուլիսը ներառող տարածաշրջանի գորգագործական կենտրոններին, որով էլ պայմանավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը։

«Մեմլինգ» - Գեղազարդման համակարգում առանցքայինը քառակող ուրվագծով, աստիճանաձև եզրերով խոշոր շրջանակ է։ Սովորաբար, եզրերը լրացվում են այս տիպի բնորոշ ծնկաձև կեռիկներով։ Կենտրոնում լինում է աստղազարդ։ Լինում է մեկ և ավելին։ Պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով։ Անվանումը կապված է 15-րդ դարի գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի հետ, որի կտավներում պատկերված են այս հորինվածքով գեղազարդված գորգեր։ Ունի համահայաստանյան տարածում։

«Կոգովիտ» - Բնորոշվում է գորգադաշտի մի ծայրից մյուսը ձգվող, երկայնաձիգ բազմանիստ հորինվածքով։ Դրա երկու հակադիր ծայրերը լինում են կոնաձև, եզրերը՝ ուղիղ ու կեռիկազարդ։ Դրանք գեղազարդվում են երկրաչափականացված վարդակներով, աստղազարդերով, կենդանակերպ ոճավորումներով։ Լինում է մեկ կամ ավելին։ Հիմնականում բնորոշ է Մասիսներին մերձակա գորգագործական կենտրոններին, Գեղարքունիքին ու Սոդքին։ Հայտնի է, որ գորգերի այս տիպը Սևանի ավազանում արմատավորվեց 1870-80-ական թթ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի պատմական Կոգովիտ գավառի հայ բնակչության մի մասը վերաբնակվեց Գեղարքունիքում։ Այս պարագան ի նկատի ունենալով էլ, կիրարկման է առաջադրվում «Կոգովիտ» տեղանունը։

«Տավուշ» - Բնորոշվում մի հորինվածքով, որի կենտրոնում լինում է քառակուսաձև զարդ։ Ուղղաձիգ առանցքի ուղղությամբ, երկու կողմից այն լրացվում է երկրաչափականացված երկու «կենաց ծառ» նախշով։ Հորիզոնական կողմերը գեղազարդվում են «խոյեղջյուր» պատկերներով։ Այս ամբողջությունը ունենում մի հիմնագույն, ընդգծվում է հորինվածքի ուրվագծին համապատասխանող բազմակող շրջանակով, ու «կենաց ծառերի» հատվածում ունենում է եռանկյունաձև ելուստ։ Շրջանակի լայն կողմերը երիզված են լինում կեռիկներով, իսկ նեղերը՝ «օձագալար» և «խոյեղջյուր» պատկերներով։ Լինում է մեկ և ավելին։ Այս հորինվածքը, իբրև գորգի գեղազարդման համակագի լրացուցիչ՝ երկրորդական տարր, ունի համահայաստանյան տարածում։ Որպես հիմնական հորինվածք՝ առավելապես բնորոշ է Տավուշի գորգագործական կենտրոններին, որով էլ հիմնավորվում է մեր կողմից առաջարկվող անվանման կիրարկումը։ Հայտնի է «Ֆահրալո» անունով գյուղ պատմական Գարդման գավառում։

«Գանձակ» - Բնորոշվում է իրար կցված բազմանիստ շրջանակներով ու դաշտի երկու ծայրում դրանք եզրափակող անկանոն, ատամնազարդ հորինվածքով։ Այն նմանվում ու հիշեցնում է սավառնող թռչնի պոչի։ Բազմանիստներն ունենում են շեղանկյունաձև ուրվագիծ, գեղազարդվում են հիմնականում զարդով ու զարդանախշով։ Լինում են մեկ և ավելին ու սովորաբար պատկերվում են մեկ շարքով։ Հիմնականում բնորոշ է Ուտիքի, մասամբ նաև Արցախի, Սյունիքի ինչպես նաև Շաքի-Շամախի տարածաշրջանի գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Շահնազարլու», «Գյանջա» և այլ անվանումներով։ Նկատի ունենալով, որ այս տիպի գորգերը իրենց տարատեսակներով հանդերձ առավելապես բնորոշ են Ուտիքի գորգագործական կենտրոններին, նպատակահարմար ենք գտնում այն կոչել պատմական Հայաստանի այդ նահանգի կենտրոն Գանձակ քաղաքի անունով։

«Դիզակ» - Գեղազարդման համակարգը բնորոշվում է հարթ եզրերով, բազմանիստ ուրվագծով շրջանակում ամփոփված, խաչաձև առանցքով դասավորված զարդերով ու վարդակներով կազմված խոշոր հորինվածքով։ Շրջանակները լայն ու չնդհատվող գունաժապավենի են նմանվում ու սովորաբար գեղազարդված են լինում մանր զարդերով։ Բնորոշ է հիմնականում Արցախի, Ուտիքի, Սյունիքի, մասամբ նաև Գողթան գավառի, Շամախու, Շաքիի գորգագործական կենտրոններին։ Մեր ունեցած դաշտային ազգագրական նյութերի համաձայն, այս տիպի գորգերը հատկապես հատուկ են Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոններին, մասնավորապես Մեծ Թաղեր, Շեխեր, Տող, Տումի, Խծաբերդ գյուղերին։ Այսքանը ի նկատի ունենալով էլ նպատակահարմար ենք համարում կիրարկման առաջադրել «Դիզակ» տեղանունը։

«Վարանդա» - Բնորոշվում է խաչաձև, բուսածաղկային բնույթի խոշոր հորինվածքով։ Այն լրացվում է չորս անկյուններից սկզբնավորված թիակաձև մեկական զարդանախշով։ Ունի երկրաչափականացված տարբերակներ, որոնք հիմնական հորինվածքի կենտրոնում ունենում են զարդ կամ «Կուսապատ» գորգերին բնորոշ վարդակ։ Հիմնական հորինվածքը այդ դեպքերում ունենում է թիթեռի կամ թիակաձև տեսք։ Այս վերջին տարբերակով գեղազարդված գորգերի գեղազարդման համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում նաև հիմնական հորինվածքի երկու ծայրերում պատկերվող երկուական հավասարակող ութանիստ, որոնցից յուրաքանչյուրում պատկերվում է կենդանակերպ չորս ոճավորում։ Տարածված է Լոռվա, Տավուշի, Գարդմանի, Սոդքի, Վարանդայի, Գողթանի և Անդրկովկասի հյուսիս-արևելյան ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններից ու թանգարանային նմուշներին վերաբերող տվյալներից պարզվել է որ այս տիպը իր բոլոր տարբերակներով առավելապես բնորոշ է Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին, ինչից ելնելով էլ՝ կիրարկման է առաջադրվում Վարանդա տեղանունը։

«Ջրաբերդ» խումբ[խմբագրել]

Գորգ «Ջրաբերդ», Արցախ, 1860-1900

Խմբում ներառված են «Ջրաբերդ» հորինվածքով ու դրա տարբերակներով գեղազարդված գորգերը։ Հիմնական հորինվածքը թեև անմիջական կապ ունի դասական վիշապագորգերի հետ ու կազմում է դրանց կարևոր տարրեից մեկը, սակայն նկատի ունենալով, որ առանձին ներկայացվելուց այն դադարում է կապ ունենալ վիշապագորգերի հետ, նպատակահարմար ենք համարում այդօրինակ գորգերը միավորել մի ամփոփ խմբում ու այն կոչել հիմնական հորինվածքի անունով։

«Ջրաբերդ» - Բնորոշվում է ծաղկած խաչ հիշեցնող նախշով, որը ամբողջովին երիզված է կեռիկաձև պատկերներով ու դրանցից սկզբնավորած երկար և ուղիղ, կոկոններով ավարտվող ցողուններով։ Վերջիններս նմանվում են նաև արևի ճառագայթների։ Այդ ամբողջությունը լինում է մեկ կամ մի քանիսը, մեկ կամ երկու շարքով։ Հայտնի են XVII-XVIII դդ թվագրվող նմուշներ։ Իր տարածման արեալներով հիմնականում համապատասխանում է «Ջրաբերդ» վիշապագարգերի տարածման արեալներին։

«Ջրաբերդ-Դիզակ» - Բնորոշվում է բարդ՝ գծայնացված կենդանապատկերներից կազմված հորինվածքով, որի կենտրոնում լինում է երկայնաձիգ ութանիստ զարդ։ Դրա ուղղաձիգ գագաթներին մեկական խոյեղջյուր պատկեր է, իսկ վերջինիս երկու կողմերին՝ մեկական թռչնակերպ ոճավորում։ Երիզվում է նույնատիպ՝ հորիզոնական ուղղվածությամբ պատկերներով։ Արտաքուստ հիշեցնում է «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքը։ Գեղազարդման համակարգի բաղադրամասերից է նաև «Կենաց ծառ» զարդանախշը, որը սովորաբար պատկերվում է հիմնական հորինվածքի եզրերին։ Հիմնականում բնորոշ է Զանգեզուրի և Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոններին։

«Ջրաբերդ-Վարանդա» - Բնորոշվում է խաչաձև, բուսածաղկային բնույթի խոշոր հորինվածքով։ Այն լրացվում է չորս անկյուններից սկզբնավորված թիակաձև մեկական զարդանախշով։ Այդ ամբողջությունը «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքի համեմատաբար պարզ տարբերակ է։ Գորգի այս տիպն ունի մի քանի տարբերակ՝ այդ թվում «Գյոլլու չիչի» կամ «Զեյխուր» կոչվածը։ Տարածված է Լոռվա, Տավուշի, Գարդմանի, Սոդքի, Վարանդայի, Գողթանի և Անդրկովկասի հյուսիս-արևելյան ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններից ու թանգարանային նմուշներին վերաբերող տվյալներից պարզվել է, որ «Ջրաբերդ» խմբի այս տիպը իր բոլոր տարբերակներով առավելապես բնորոշ է Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին, ինչից ելնելով էլ՝ կիրարկման է առաջադրվում «Ջրաբերդ-Վարանդա» անվանումը։

Թեմատիկ պատկերային[խմբագրել]

Այս խմբում ներառված են այն գորգերը, որոնց գեղազարդման համակարգում հիմնականն ու առանցքայինը կենդանիների՝ ըստ այդմ նաև թռչունների ու ձկների իրական կամ ոճավորված պատկերներն են, կամ դրանցով կազմված հորինվածքները։ Սովորաբար համադրվում են բուսանախշերի ու մասնավորապես «կենաց ծառ»-ի հետ։

«Ձկնավոր» - Բնորոշվում է ձկնապատկերներից կազմված հորինվածքով։ Ձկնապատկերները լինում են , ուղղաձիգ դիրքով, զույգ առ զույգ ու կանոնավոր շարքերով։ Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում մեծ տեղ են ունենում նաև երկրաչափական մանր զարդերը, ինչպես նաև «Գլաձոր» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքը։ Հիմնականում բնորոշ է Վասպուրականի արևելյան գավառների, Զանգեզուրի, Վայքի, ինչպես նաև պարսկահայոց գորգագործական կենտրոններին։ Առանձնապես կարևորվում ենք Վասպուրականի պատմական Սալմաստ գավառը, որտեղից էլ 1829-30 թթ կատարված զանգվածային տեղաշարժից հետո, ըստ իս, այս տիպի գորգերը վերաբնակիչ հայերի հետ լայն տարածում գտան նաև Զանգեզուրում և Վայքում։ Այսքանով էլ հիմնավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը։

«Հորադիզ» - Գեղազարդման հիմնական տարրը ձկնապատկերներ են, որոնցում հստակ ներկայացված են խռիկներն ու թեփուկները։ Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով։ Մեր ունեցած տվյալների համաձայն բնորոշ են Բարգուշատի, Վարանդայի, Դիզակի, Ղարադաղի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական կենտրոններին։

«Փամբակ» - Հիմնական հորինվածքը կազմված է քառակուսի զարդի երկու կողմում ներկայացված հանդիպակած զույգ կենդանապատկերից և դրանք միացնող սլաքաձև ելուստի գագաթից սկզբնավորվող խոյեղջյուր պատկերից։ Կառուցվածքով «Լոռի-Փամբակ» խաչաձև հորինվածքի ուղղաձիգ առանցքի տարբերակ է։ Հայոց գորգերի հնամենի տիպերից է։ Հիմնականում հայտնի է Լոռվա և հատկապես Փամբակի գորգագործական կենտրոններում, որի պատճառով էլ նպատակահարմար ենք համարում առաջարկված տերմինի կիրարկումը։

«Ծնող զույգ» - Տիպում ներառված են ծնող զույգի և կամ մեկ մի քանի կենդանապատկերով գեղազարդված գորգերը։ Այս տիպի գորգերի որոշ տարբերակների գեղազարդման համակարգի հիմնական տարրերից է նաև «կենաց ծառ» զարդանախշը։ Դա ներկայացվում է դիմահայաց զույգ կենդանապատկերի կենտրոնում ու խորհրդանշում է կյանքի ու բնության հավերժության գաղափարը։ Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, Պարսկահայքի գորգագործական կենտրոններին։

«Մայր Հայաստան» - Պատմական Հայաստանի քաղաքների ավերակները սգացող կնոջ պատկերով։ Հիմնականում բնորոշ է Բարձր Հայքի, Վանանդի, Շիրակի, Ջավախքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ Ունի համահայաստանյան տարածում։ Հայտնի է նաև «Անիի ավերակները»,«Ողբ Հայաստանի» և այլ անվանումներով։

«Կենդանապատկերով» - տարբերակվում է ոճավորված իրական կենդանապատկերներով ու թռչնապատկերներով։ Բնորոշ է հիմնականում Գուգարքի, Արցախի, Սյունիքի, Պարսկահայքի գորգագործական կենտրոններին։

Շեղանկյունազարդով[խմբագրել]

Հայոց բնորոշ գորգերի գեղազարդման արվեստում առանձնակի տեղ է գրավում այս հորինվածքը։ Շեղանկյունազարդը ներկայացված է տարաբնույթ նախշերի, պատկերների ու զարդերի համադրությամբ։ Երիզվում է կեռիկներով, սղոցի ատամնանաշարի նմանվող նախշով ու լինում է նաև առանց դրանց։ Հորինվածքը մեծավ մասամբ կազմված է լինում մեկմեկում ամփոփված ու համակենտրոն մի քանի շեղանկյունազարդից, որոնք իրենց հերթին լինում են նաև քառակուսի վանդակով շրջանակած։ Շեղանկյունազարդեր ստեղծվում են նաև գունաժապավեններուվ։ Խմբում ներառված տիպերի գեղազարդման համակարգում լինում են մեկ կամ մի քանի շեղանկյունազարդ հորինվածք, պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով։

«Բանանց» - Բնորոշվում է նեղ կենտրոնական դաշտով ու դրա գեղազարդման հիմնական տարրը հանդիացող շեղանկյունազարդով։ Վերջիններս լինում են նաև քառակուսի շրջանակում ամփոփված։ Այս տիպի գորգերին բնորոշ է նաև չափազանց լայն գոտին։ Հատուկ է հիմնականում Գարդմանի, Տավուշի, Ջրաբերդի, մասամբ նաև Զանգեզուրի գորգագործական կենտրոններին։ Մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ այն հատկապես տարածված է Գարդմանում։ Ի նկատի ունենալով այս հանգամանքը, իբրև տիպի անուն առաջադրվում է այդ գավառի և առհասարակ պատմական Հայաստանի գորգագործության հանրահայտ կենտրոն Բանանց գյուղի անունը։

«Բագրևանդ» - Բնորոշվում է մեկմեկում ամփոփված համակենտրոն, կեռիկներով երիզված շեղանկյունազարդերով։ Լինում է շրջանակում, կամ առանց դրան։ Պատկերվում են մեկ կամ երկու շարքով։ Տիպը ունի համահայաստանյան տարածում, սակայն առավելապես բնորոշ է պատմական Հայաստանի Բագրևանդ, ինչպես նաև Բասեն, Ճակատք գավառների գորգագործական կենտրոններին։ Այս ամենն էլ հաշվի առնելով, նպատակահարմար ենք գտնում տիպին պատկանող գորգերըի համար կիրարկել «Բագրևանդ» տեղանունը։

«Քաշաթաղ» - Բնորոշվում Է շեղանկյունաձև խոշոր շրջանակում ամփոփված խաչաձև հորինվածքով։ Դրա դրա կենտրոնում լինում է զարդ ու դրա նիստերի ուղղությամբ ձգվող գունաշերտեր, որոնցով տարանջատվում են խաչի թևերը։ Այս վերջիններիս հորիզոնականները ներկայացնում են երկրաչափականացված «կենաց» ծառ, իսկ ուղղահայացները մեկական աստղազարդ։ Բնորոշ է հիմնականում Դիզակի, Վարանդայի, Զանգեզուրի գորգագործական կենտրոններին։ Դաշտային ազգագրական նյութերից ու Հայաստանի թանգարաններում պահվող նմուշներին վերաբերող տվյալներից պարզվում է, որ այս տիպի գորգերը առավելապես հատուկ էին Դիզակի ու Զանգեզուրի միջանկյալ տարածքին՝ Սյունիքի պատմական Քաշաթաղ գավառին։ Մասնավոր հավաքածույի կազմում պահվող այդօրինակ մի գորգ, որը մեզ հայտնիներից հնագույնն է, ունի հայերեն արձանագրություն, ըստ որի այն գործել են 1824 թվականին, այդ գավառի նախկինում ամբողջովին հայաբնակ Մինքենդ գյուղում։ Այդքանից ելնելով էլ կիրարկման է առաջադրվում «Քաշաթաղ» անվանումը։

«Ճարտար» - Գեղազարդման համակարգում առանցքայինը դաշտի երկայնքով ձգվող երկու զիգզակ, ատամնազարդ կամ սղոցատիպ երիզված գունաժապավեններով ստեղծված շեղանկյունատիպ վանդակներն են։ Դրանցում սովորաբար պատկերվում են վարդակներ, նախշեր ու կենդանապատկերներ։ Այս վերջիններս մեծավ մասամբ ունենում են երկրորդական նշանակություն։ Տիպին պատկանողները հիմնականում ուղեգորգեր են։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի ինչպես նաև Ջավախքի, Վասպուրականի հյուսիս-արևմտյան գավառների ու Ատրպատականի գորգագործական կենտրոններին։ Իր տարբերակներով առավելապես հատուկ է Արցախի գորգագործության խոշոր ու ավանդական կենտրոններից մեկին՝ Ճարտար գյուղին, որի անունով էլ անվանակոչվում է գորգերի այս տիպը։

«Գլաձոր» - Բնորոշվում է շեղանկյունաձև զարդից, դրա գագաթներին եղած մեկական ծաղկանախշից և կողային մեկական պատկերից կազմված հորինվածքով։ Այն պատկերվում է կանոնավոր շարքերի տեսքով։ Գորգի այս տիպը հայտնի է «Ֆերահան», «Սենեհ», «Հերաթ» և այլ անվանումներով։ Ունի համահայաստանյան տարածում։ Այդ հորինվածքը բնորոշ էր Արցախի ու Սյունիքի մանրանկարչության կենտրոններին և հատկապես Գլաձորի մանրանկարչության դպրոցին, որտեղ 13-14-րդ դարերում, Թորոս Տարոնացու և Մոմիկի կատարած մանրանկարներում, պատկերված են նմանատիպ գորգապատկերներ։ Պարսկաստանի գորգագործական կենտրոններում այս տիպի տարածում ունենալը կարելի է բացատրել 1604 թվականին Շահ Աբաս առաջինի կատարած արևելահայոց զանգվածային բռնագաղթով, երբ տաասնյակ հազարավոր հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին հիմնականում Ֆերահանի, Շիրազի, Իսպահանի, Լուրիստանի տարածաշրջաններում և զարգացրին ու տեղայնացրին հայոց գորգարվեստին բնորոշ այս և այլ մի շարք ավանդույթներ։ Հիմնական հորինվածքում լինում են առանձին տարրերի ձևափոխություններ, բայց դրա առանցքը հանդիսացող շեղանկյունազարդը մնում է անփոփոխ։ Այս հանգամանքի պատճառով էլ առաջին հայացքից բուսածաղկային կամ կենդանապատկերային տպավորություն թողնող այս տիպի գորգերը ընդգրկել ենք շեղանկյունազարդով բնորոշվող խմբում։

«Բարգուշատ» - Տարբերակվում է խաչաձև առանցքով բարդ բուսանախշ հորինվածքով ու ձկնակերպ ոճավորումներով։ Որոշ տարբերակներում դրանց հետ միասին ներկայացվում են նաև բազմաթերթ բարդ վարդակներ։ Հիմնականում բնորոշ է Արցախի հարավային, Զանգեզուրի, Վասպուրական հյուսիս-արևելյան գավառների, Ղարադաղի, Ուրմիա լիճ-Համադան տարածաշրջանի գորգագործական կենտրոններին, Նոր Ջուղային ու մերձակայքին։

Աստղազարդով[խմբագրել]

Խմբում ընդգրկված բոլոր տիպերը բնորոշվում են գեղազարդման համակարգում աստղազարդի՝ որպես հիմնական տարրի ներկայությամբ։ Դրանք սովորաբար լրացվում են բուսա-ծաղկային նախշերով, ոճավորված կենդանապատկերներով, և կամ լինում են միայն պարզ աստղազարդերի տեսքով, առանց որևէ լրացուցիչ հարդարանքի։ Սովորաբար վեց թևանի են։ Պատկերվում են վանդակում կամ առանց դրա, կանոնավոր շարքով։ Առանձնակի բարդությամբ ու գեղազարդման համակարգի արտակարգ հարստությամբ նշանավոր են այս խմբին դասվող «Աստղազարդ» տիպի գորգերը։

«Աստղավոր» - Բնորոշվում է գորգադաշտի կենտրոնում պատկերված մեկ խոշոր աստղազարդով, որի միջթևային իջվածքները մեկ ընդ մեջ երիզված են կեռիկներով ու լրացված են «կենաց ծառ» նախշով։ Դաշտի եզրային մասերը գեղազարդվում են դրա հատվածներով։ Մասնագիտական շրջանակներում հայտնի է «Աստղ Ղազախ» (Star Kazak) անունով։ Այս տիպի ծագումնաբանությունը դեռևս ուսումնասիրված չէ։ Հայտնի նմուշները վերագրվում են Գարդմանին, Տավուշին, Լոռուն։ Ենթադրում ենք, որ այն բնորոշ էր նաև Սյունիքի հարավային գորգագործական կենտրոններին, Գողթան գավառին, Վասպուրականի հյուսիս-արևելյան և Բարձր Հայքի արևելյան գավառներին, Բագրևանդին, Ճակատքին ու մերձակա գորգագործական կենտրոններին։

Գորգ «Աստղեր և խաչեր», Երևան, 1815

«Որոտան» - Բնորոշվում է վեց թևանի աստղազարդով, որի թևերը ավարտվում են մեկական դիմահայաց կեռիկաձև ելուստով։ Թևերի միջնամասում, մեկընդմեջ, լինում է մեկական սլաքաձև նախշ։ Այդ ամբողջությունը ունենում է եզրագծված հիմնագույն։ Լավագույն նմուշներից է հայատառ արձանագրությամբ, 1815 թ գործված գորգը, որը պահվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում։ Պատկերվում են վանդակում կամ առանց դրան, մեկ կամ մի քանի շարքով։ Հայտնի է «Զեյվա» անունով, որը Սյունիքի ամրոցներից մեկին՝ Որոտանի կիրճում կառուցված Որոտնաբերդին մուսուլմանական, եկվոր ցեղերի կողմից տրված «Զեվու» անվանման աղավաղված ձևն է։ Կարևորելով այս հանգամանքը և տիպի գորգերի Սյունիքում առանձնակի տարածում ունենալու փաստը, «Զեյվա»-ի փոխարեն կիրարկման է առաջադրվում այդ բնակավայրի պատմական «Որոտան» անունը։

«Փայլող աստղ» - Գեղազարդման համակարգում հիմնականը պարզ աստղանախշեր են, որոնցով էլ ծածկվում է ողջ գորգադաշտը։ Լինում են վանդակում ու առանց դրան։ Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով։ Գեղազարդման համակարգի հիմնական զարդի անվանումը հիմք ընդունելով էլ առաջարկվում է սույն տերմինի կիրարկման գաղափարը։

Խորանավոր[խմբագրել]

Ներառված են խորանաձև կամ գմբեթաձև կտրվածքով ու սյունազարդ հորինվածքով բնորոշվող գորգերը։ Սրանք հայոց գորգարվետում առանձնակի են հնագույն ավանդույթներով։ Այս խմբին է պատկանում նշանավոր «Եռախորան» գորգը։ Հիմնական հորինվածքները՝ ըստ այդմ նաև խորանները, լինում են մեկ և ավելին։ Խմբի գորգերը մեծավ մասամբ առնչվում են եկեղեցու, ինչպես նաև կրոնական արարողակարգի ու ծիսակարգի հետ։ Դրանով պայմանավորված էլ, դրանց գեղազարդման համակարգում կարևորված են եկեղեցական առարկաների՝ ջահի կամ կանթեղի պատկերները, ինչպես նաև բուսածաղկային նախշերն ու հորինվածքները, մասնավորապես՝ «կենաց ծառ»-ը։

«Գանձասար» - Բնորոշվում է գորգադաշտի մեկ կամ երկու ծայրում եղած «կենաց» ծառ զարդանախշի մեկական շարքով։ Զարդանախշը լինում է երկայնաձիգ, հավասարաչափ ճյուղերով և ավարտվում է կոկոնով։ Դաշտի կենտրոնական մասը սովորաբար գեղազարդվում է երկու և ավելին սյունաձև հորինվածքներով։ Դասական նմուշներից է 1731 թվականին, Աղվանից Ներսես կաթողիկոսի պատվերով Արցախի Ջրաբերդ գավառի սուրբ Չարեքի անապատում գործված, այժմ Երուսաղեմի սուրբ Հակոբեկեղեցում պահվող հայատառ արձանագրությամբ գորգը։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, «Գանձասար» բառը առաջարկվում է որպես այդ տիպի գորգերի անվանում։ Լայնորեն տարածված է նաև Բարձր Հայքի ու Փոքր Ասիայի գորգագործական կետրոններում։ Հայտնի է «Լադիկ» և այլ անվանումներով։

«Սյունազարդ» - Բնորոշվում է դաշտի երկայնքով ձգված սյուներով, որոնց միջոցով գորգադաշտը բաժանվում է խորանների։ Խորանները լինում են մեկ և ավելին։ Սյուները լինում են խոյակով և հիմքով։ Խորանագագաթների և դաշտի վերին ծայրի միջև ընկած մակերեսը գեղազարդվում է զարդանախշերով ու հորինվածքներով, ինչպես նաև կենդանապատկերներով։ Բնորոշ օրինակ է ուսումնասիրողների կողմից(Վ. Թեմուրճյան, Մ. Ղազարյան) «Եռախորան» անվանակոչված նշանավոր գորգը։ Այն մինչև մեր ժամանակները պահպանված հնագույն գորգերից մեկն է, և ունի հայատառ արձանագրություն՝ ըստ որի գործվել է 1202 թվականին, պատմական Հայաստանի Գարդման գավառի գորգագործության ավանդական կենտրոններից մեկում՝ Բանանց գյուղում։ Գործել են Արցախի, Ուտիքի և Արևմտյան Հայաստանի գորգագործական մի շարք տարածաշրջաններում։

«Աղոթագորգ» - Դաշտի վերին մասը լինում է գմբեթաձև կամ կոնաձև։ Որոշ տարբերակներ բնորոշվում են այդ նույն մասում նմանատիպ ուրվագծի գունաժապավենով։ Վերջինս լինում է նաև դաշտի երկու ծայրերում։ Սովորաբար, գունաժապավեննի երկու կողմերում պատկերվում է մեկական ձեռքի դաստակ։ Դաշտի ազատ մնացած տարածքը կարող է լինի գեղազարդված ինչպես մանր նախշերով, այնպես էլ խոշոր հորինվածքներով։ Օգտագործում են հիմնականում մուսուլմանները՝ աղոթքի ժամանակ ծնրադրելու համար։ Բնորոշ է գորգագործական բոլոր կենտրոններին։ Հայտնի են միջնադարյան Հայաստանում գործված աղոթքի գորգերը, որոնք լայն պահանջարկ էին վայելում Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում։

Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով[խմբագրել]

«Վահան», Սևանի ավազան, 1860-1900 թթ.

Հայոց բնորոշ գորգերի թվում զգալի մաս են կազմում մեկ ընդհանուր շրջանակում ամփոփված հորինվածքներով գեղազարդվածները։ Շրջանակը կարող է ներառի ողջ գորգադաշտը՝ սկսած ներքին եզրագոտուց անմիջապես հետո, կամ ողջ գորգադաշտը՝ առանց անկյունների։ Առավել տիպական է գորգադաշտի կենտրոնական հատվածը ընդրկող շրջանակը։ Այս դեպքում գորգադաշտի եզրամասերը մնում են դրանից դուրս ու գեղազարդվում են գորգի գեղազարդման համակարգում երկրորդական կամ լրացուցիչ դեր խաղացող այլ զարդանախշերով, հորինվածքներով կամ պատկերներով։ Զարդաշրջանակում ամփոփված հորինվածքները լինում են միատեսակ ու բազմատեսակ՝ շեղանկյունազարդ, բուսածաղկային, բազմանիստ և այլն։ Բոլոր դեպքերում էլ դրանց գեղազարդման համակարգում բնորոշիչը ընդհանուր զարդաշրջանակ ունենալն է, որով էլ նպատակարմար է գտնված դրանց այս խմբում առանձնացնելը։

«Վահան» - Բնորոշվում է երկայնաձիգ ու խաչաձև մի շրջանակով, որը նմանվում է վահանի։ Դրա կենտրոնում լինում է ուղղանկյունաձև զարդ, որի երկու կողմերին՝ հորինվածքի երկայնքով լինում է մեկական ելուստ ու դրանից սկզբնավորված ոճավորված կենաց ծառ։ Ինքը շրջանակը լայն գունաժապավենով է, ու սովորաբար գեղազարդվում է զարդերով ու ոճավորված պատկերներով։ Դասական են համարվում վահանի արտաքին ելուստներին «կենաց ծառ» գծայնացված ու սլացիկ զարդանախշերով գեղազարդվածները։ Բնորոշ է հիմնականում Գարդմանին, Արցախին, Սյունիքին, Տավուշին, Բասենին, Բագրևանդին, Վանանդին, Ջավախքին։ Մեկ հորինվածքով տարբերակը առավելապես բնորոշ է Արևելյան Հայաստանի գորգագործական կենտրոններին։ Առաջարկված անվանումը կապված է հորինվածքային ամբողջությունը ամփոփող գունաժապավեն-շրջանակի ձևի հետ։

«Երկայնաձիգ ուղղանկյունաձև շրջանակով» - Բնորոշվում է ողջ դաշտն ընդգրկող երկայնաձիգ, ուղղանկյունաձև շրջանակով։ Դրա նեղ կողերին լինում է գմբեթաձև ելուստ։ Երկայնակի կողերը ուղղաձիգ են։ Այս տիպին ենք դասում նաև միայն մեկ կողմում ելուստ ունեցող գորգերը։ Շրջանակում լինում են բուսածաղկային հորինվածքներ, զարդեր։ Դրանցից յուրաքանչյուրը իր հերթին լինում է վանդակում կամ առանց դրան։ Ընդհանուր առմամբ, ունի համահայաստանյան տարածում։ Առավել բնորոշ է Վանանդի, Ջավախքի, Բագրևանդի ու Բասենի գորգագործական կենտրոններին՝ մասնավորապես Կաղզվանին։ Այս հանգամանքով էլ պայմանավորված է առաջարկված տերմինի կիրարկման գաղափարը։

«Տաշիր» – Իբրև զարդաշրջանակ, այս տիպի գորգերում ներկայանում է ներքին գոտին։ Դաշտը սովորաբար լինում է առանց հորինվածքների։ Որոշ գորգագործական կենտրոններում էլ այն գեղազարդվում է միայն մեկ կամ մի քանի «կենաց ծառ» նախշով, ինչպես նաև աստղաձև զարդով կամ վարդակով։ Դաշտի հիմնագույնը սովորաբար մատուցվում է մասնակի երանգափոխումներով, որով էլ ստեղծվում է գունային որոշակի էֆեկտ։ Հիմնականում բնորոշ են Տաշիրի, Տավուշի, Գարդմանի, Ջրաբերդի գորգագործական կենտրոններին։ Դաշտային ազգագրական ուսումնասիրություններն ու Հայաստանի թանգարաններում պահվող նմուշներին վերաբերող նյութերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ այս տիպի դասական՝ առանց որևէ զարդի, նախշի կամ պատկերի գորգադաշտով նմուշները հիմնականում վերաբերում են Արցախի Ջրաբերդ գավառի Աբովյան իշխանների աթոռանիստ հինավուրց Թալիշ գյուղին ու դրա մերձակա գորգագործական կենտրոններին։ Ուսումնասիրողների մեծ մասը, ըստ իս, միանգամայն հիմնավորված, այդ անվանումով էլ տարբերակում է խնդրո առարկա գորգերը։

«Ոսկանապատ» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը մի խոշոր շրջանակով։ Վերջինս լինում է երկարավուն և ունենում է գմբեթաձև գագաթներ։ Երկարավուն կողերում՝ հավասար հեռավորությամբ ունենում է ներս ուղղված՝ դիմահայաց, հավասարաչափ կտրվածքներ։ Առաջացած ուղղանկյուն վանդակներում սովորաբար պատկերվում են «Տավուշ» կամ «Մեմլինգ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքներ։ Շրջանակը սովորաբար գեղազարդվում է «կենաց Ծառ» նախշի պարզ տարատեսակներով կամ «օձագալար» պատկերներով։ Տարածված է Սյունիքի, Արցախի, Ուտիքի գորգագործական կենտրոններում։ Հատկապես բնորոշ է Գարդման ու Ջրաբերդ գավառների գորգագործական կենտրոններին և մասնավորապես գորգագործության հարուստ ավանդույթներով Ոսկանապատ գյուղին, որի անունով էլ առաջարկվում է անվանակոչել այս տիպը։

Գորգ «Իջևան»

«Վայոց ձոր» - Բնորոշվում է, կենտրոնական դաշտը ընդգծող բազմանիստ շրջանակով։ Դրա երկարավուն կողերը ատամնավոր են, խոշոր ու հավասարաչափ, իսկ մյուսները՝ սղոցատիպ ատամնաշարով։ Այդ շրջանակով պարփակված ուղղանկյուն մակերեսը գեղազարդվում է այլ գորգատիպերի բնորոշ երկրաչափական խոշոր հորինվածքներով և վարդակներով։ Տարածված է Սյունիքի, Արցախի, Գուգարքի մասնավորապես՝ Տավուշի, Գարդմանի, Վայքի ինչպես նաև Երնջակի, Գողթան գավառի ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում։ Հատկապես բնորոշ է Նախիջևան-Վայք տարածաշրջանին՝ Խաչիկ, Շոռոթ, Նորաշեն, Աստապատ, Ազնաբերդ գյուղերին։ Մեր տվյալներով, Վայոց ձորին է վերաբերում 1767 թվականին գործված այս տիպի մի գորգ, որը այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ տիպի համար առաջարկվում է «Վայոց ձոր» անունը։

«Իջևան» - Բնորոշվում են գորգադաշտի անկյունների ընդգծվածությամբ ու մեծավ մասամբ դրանք դեղին հիմնագույնի լինեով։ Դաշտի կենտրոնական հատվածում լինում են մեկմեկում ամփոփված խոշոր բազմանիստներ, որոնց մակերեսի գեղազարդման համակարգի հիմնական տարր «Գլաձոր» հորինվածքն է։ Լինում են նաև բուսածաղկային հորինվածքներով ու զարդերով գեղազարդվածներ։ Տարածված է հատկապես Տավուշի և Լոռվա գորգագործական կենտրոններում։ Սկսել են գործել 1901-1905 թթ, Իջևանում։ Համարվում է տեղի նշանավոր գորգագործուհի Նունուֆար Էդիլյանի ստեղծագործությունը։ Հայտնի է նաև «Դեղնաքյունջ» ու «Քարվանսարա» անուններով, ըստ որում վերջինս Իջևանի նախկին անվանումներից է։

Գունաշերտերով[խմբագրել]

Այս խմբում ներառել ենք հավասարաչափ, բազմագույն գունաշերտերով գորգեր։ Գունաշերտերը ծածկում են ողջ գորգադաշտն ու լինում են շեղակի, ուղղաձիգ, կամ հասկաձև դասավորվածությամբ։ Դրանք հիմնականում գեղազարդվում են բուսածաղկային նախշերով ու երկրաչափական զարդերով։ Լայնորեն հայտնի ու տարածված է ուղղաձիգ գունաշերտերում գալարանախշի պատկերման ավանդույթը։ Այդ դեպքում դրանք մեծավ մասամբ լրացվում են նշանախշով, ինչպես նաև կենդանակերպ ոճավորումներով։ Խմբին պատկանող գորգերը իրենց բոլոր տիպերով ու տարբերակներով հանդերձ ունեն համահայաստանյան տարածում։

«Շեղակի» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ծածկող շեղակի, հավասարաչափ գունաշերտերով, որոնք գեղազարդվում են նախշերով, զարդանախշերով ու կենդանապատկերներով։ Ունի համահայաստանյան տարածում, բայց առավել բնորոշ է Բարձր Հայքի ու Տայքի հյուսիս-արևելյան գավառների, Վանանդի ու Ջավախքի գորգագործական կենտրոններին։ Դաշտային ազգագրական հետազոտություններից պարզվել է, որ այս տիպի գորգերը առավելապես բնորոշ են Ջավախքին, որի պատճառով էլ կիրարկման է ներկայացված «Ջավախք» տեղանունը։

«Ուղաձիգ» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ծածկող ուղղաձիգ, հավասարաչափ գունաշերտերով։ Սովորաբար դրանք գեղազարդվում են գալարավուն գծանախշով և այն լրացնող նշանախշերով ու ոճավորված կենդանապատկերներով։ Ունի համահայաստանյան տարածում։ Մեր կողմից կատարված հետազոտություններն ու թանգարաններում եղած նմուշներին վերաբերող տվյալները վկայում են, որ պատմական Հայաստանի հարավ-արևմտյան գորգագործական կենտրոններում, մասնավորապես Խարբերդի գավառում և մերձակայքում տարածված էին այս տիպի մեզ հայտնի բոլոր տարբերակները։ Դրանից ելնելով է, որ կիրարկման է առաջադրվում «Խարբերդ» տեղանունը։

«Հասկաձև» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ընդգրկող հասկաձև՝ շեղակի գունաշերտերի երկու հավասար շարքով։ Գունաշերտերը սովորաբար գեղազարդվում են նախշերով, զարդանախշերով, կենդանապատկերներով։ Ունի համահայաստանյան տարածում։ Առավելապես բնորոշ է Վանանդի ու Շիրակի, մասամբ նաև Սևանի ավազանի գորգագործական կենտրոններին։

Վիշապագորգեր[խմբագրել]

Գորգ՝ վիշապի և փյունիկի պատկերով, 15-րդ դար

Այս խմբում ընդգրկվածների գեղազարդման համակարգում առանցքայինը առասպելական վիշապի ոճավորված ու երկրաչափականացված պատկերն է։ Այն աչքի է ընկնում պատկերագրման ձևի ու մատուցման բազմազանությամբ, որով էլ պայմանավորված է նաև տիպերի ու դրանց տարբերակների բազմազանությունը։ Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մթա III-II հազ։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով էլ այդ ավանդույթը Հայաստան ներմուծվել է սելջուկ-թուրքմենական արշավանքների ու տարածաշրջանում դրանց հաստատվելու շնորհիվ։ Վիշապագորգերի մեզ հայտնի բոլոր տարբերակները հայտնի են պատմական Հայաստանի գորգագործաության ավանդական կենտրոններում՝ Սյունիքում ու Արցախում, որն ըստ իս, հիմք է տալիս դրանց համարելու խնդրո առարկա գորգերի նախատիպերի ստեղծման հավանական բնօրրաններից մեկը[70]։

«Գուհար» - Բնորոշվում է մի կետից սկզբնավորող վիշապի երկու ոճավորումից կազմված հորինվածքով։ Այն քնարաձև տեսքի է՝ վիշապի ոճավորումները պատկերվում են ուղղաձիգ, ասիմետրիկ դիրքով, ունենում են հստակորեն ընդգծված իրան, գլուխ ու նաև եղջյուրներ։ Լինում է մեկ և ավելին, պատկերվում են մեկ կամ մի քանի շարքերով։ Բնորոշ է Արցախին, Սյունիքին, Ուտիքին, ինչպես նաև Վասպուրականի և Անդրկովկասի հյուսիս -արևելյան ու Պարսկաստանի հյուսիս-արևմտյան գորգագործական կենտրոններին։ Այս տիպի դասական ու մինչև մեր ժամանակները պահպանված ամենավաղ նմուշը 1680 թ. գործված, հայատառ արձանագրությամբ, (Ես Գուհարս մեղօք լի, ես նորհաս ձեռամբ զսա գործեսցի, օվ կարդա մեկ բերան օղորմի թող ասի, թվին ՌՃ) նշանավոր «Գուհար» գորգն է, որը այդպես է անվանակոչված գործողի՝ գորգագործուհի Գուհարի պատվին։ Հաշվի առնելով այս ամենն, իբրև այս տիպի գորգերի տարբերակիչ, նպատակահարմար ենք գտնում կիրարկել «Գուհար» անունը։

«Սիսական» - Գեղազարդման առանցքը կազմում է երկգլուխ վիշապի երկու ոճավորված պատկերներից կազմված հորինվածքը։ Վիշապապատկերները լինում են աղեղնաձև, ողնաշարի ու գլուխների հստակ ընդգծվածությամբ ու պատկերվում են ասիմետրիկ դիրքով, որի արդյունքում դրանց միջնամասում ձևավորվում է բազմանիստ շրջանակ։ Սովորաբար այդ շրջանակում ներկայացվում է կեռիկազարդ հորինվածք։ Բնորոշ է մեծավ մասամբ Զանգեզուրի, Սիսականի, Արցախի մի շարք գավառների գորգագործական կենտրոններին։ Այս տիպի գորգեր մասամբ գործել են նաև Ղարադաղում ու Վասպուրականի հյուսիս -արևելյան գորգագործական կենտրոններում։ Գորգերի գեղազարդման այս համակարգը տարածված է նաև Տրանսիլվանիայում։ Իր բոլոր տարատեսակներով հայտնի է Սիսականում, որով էլ պատճառաբանված է առաջակված տերմինի կիրարկումը։

«Գարդման» - Գեղազարդման առանցքը կազմում է վիշապի երկու ոճավորումից կազմված հորինվածքը։ Վիշապի ոճավորումները լինում են աղեղնաձև, պատկերվում են դեմ-դիմաց՝ կոր ծայրերը մեկ-մեկու ուղղված դիրքով։ Դրանք իրարից բացազատվում են տարաբնույթ պատկերներով գեղազարդված մակերեսով՝ երիզված ատամնազարդ եզրերով, երկայնաձիգ ձևավոր շրջանակով։ Այս տիպի 17-18-րդ դդ վերաբերող նմուշների վրա այդ մակերեսը գեղազարդված է կենաց ծառի սլացիկ, նոճիանման հորինվածքով։ Պատկանում է վիշապագորգերի «Գուհար» ենթախմբին։ Հիմնականում տարածված է Գարդմանում։

«Մասյացոտն» - Բնորոշվում է քառակուսի կամ շեղանկյուն զարդի չորս գագագաթներից սկզբնավորած մեկական կենաց ծառ նախշով, որոնցից յուրաքանչյուրի երկու կողմում պատկերվում է վիշապի երկու՝ դիմահայաց ոճավորում։ Ունենում է շեղանկյունաձև ուրվագիծ ու յուրաքանչյուր գագաթից սկզբնավորող վիշապի երկու ոճավորված պատկեր։ Լինում է մեկ և ավելին՝ շրջանակում կամ առանց դրան։ Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգի բաղադրատարրերից են շրջանակի գագաթներին պատկերվող վիշապի երկրաչափականացված տարբերակի երկուական պատկերներ։ Հայոց գորգարվեստը ուսումնասիրողները հիմնականում օգտագործում են «Միքայել» տերմինը, որը շրջանառության մեջ է դրվել 1920-ական թվականներին, հայագետ, արվեստաբան Արմենակ Սակզյանի կողմից և կապված է նմանատիպ մի գորգի վրա եղած նվիրատվական հայատառ արձանագրությունում հիշատակված ոմն Միքայելի անվան հետ։ Կիրարկվում են նաև «Ղարաբաղ», «Կասմ Ուշակ» տերմինները։ Բնորոշ է Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառների ինչպես նաև Բագրևանդի ու Կոգովիտի գորգագործական կենտրոններին, որոնք հիմնականում տեղաբախշված են Մասիս սարի շուրջ բոլորը։ Ավելացնենք, որ հայոց հնագույն առասպելաշարում հենց այդ տարածքներն էլ հիշատակվում են որպես վիշապազունների բնակավայրեր։ Վերոհիշյալները հաշվի առնելով էլ կիրարկման է ներկայացվում ժամանակակից Խոյ -Մակու մասամբ նաև Բայազետ տարածքը ներառող Պատմական Հայաստանի Մասյացոտն գավառի անունը։

«Փյունիկ» - Գեղազարդման առանցքը կազմում է ոճավորված զույգ վիշապապատկերով և «կենաց» ծառ նախշով, կամ դրա տարբերակով կազմված բարդ հորինվածքը։ Լինում է մեկ և ավելին։ Վիշապի ոճավորման այս տարբերակը առավել հնամենի է։ Այն աղեսվում է Բեռլինի Իսլամական արվեստի թանգարանում պահվող 13-14-րդ դդ. թվագրվող վիշապի և առասպելական փյունիկի պայքարը ներկայացնող գորգին պատկերված վիշապի ոճավորումին։ Համեմատաբար քիչ տարածված տիպ է։ Հիմնականում բնորոշ է Արցախին, Սյունիքին, ինչպես նաև Անդրկովկասի հյուսիս-արևելյան գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Ղուբա» և «Բիջով» անուններով։ Այս վերջինս կապված է Շամախի քաղաքի մերձակայքում գտնվող Բիջով՝ նախկինում հայաբնակ գյուղի անվան հետ։ Առաջարկված տերմինի կիրարկումը հիմնավորում ենք գորգի գեղազարդման համակարգի հիմնական հորինվածքի արտահայտած կյանքի ու բնության հավերժության գաղափարով՝ որի խորհրդանշաններից մեկն էլ առասպելական փյունիկն է։ Հաշվի է առնված նաև այս տիպի գորգերի վերը հիշատակված վաղ տարբերակի գեղազարդման համակարգում փյունիկի ներկայությունը։

Օձագորգ, 1860 թ., Խնձորեսկ, Ալբերտո Լևի պատկերասրահ

«Ջրաբերդ» - Բնորոշվում է ծաղկած խաչ հիշեցնող նախշով, որը ամբողջովին երիզված է կեռիկաձև պատկերներով ու դրանցից սկզբնավորած երկար և ուղիղ, կոկոններով ավարտվող ցողուններով։ Վերջիններս նմանվում են նաև արևի ճառագայթների։ Այս տիպի գորգերի մի տարբերակ է պատկանում է վիշապագորգերի խմբին։ Դրա գեղազարդման համակարգում խաչաձև ու ճառագայթազարդ հորինվածքը լրացվում է վարից ու վերից այն երիզող «Գուհար» տիպին բնորոշ մեկական վիշապապատկերով։ Այդ ամբողջությունը լինում է մեկ կամ մի քանիսը, մեկ կամ երկու շարքով։ Հայտնի են XVII-XVIII դդ թվագրվող նմուշներ։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի, Գուգարքի, Վասպուրականի արևելյան, Ղարադաղի ու Շաքի-Դերբենտի տարածաշրջանների, ինչպես նաև Փոքր Ասիայի արևմտյան մասերի գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Չարաբերդ», «Չալաբերդ», «Չելեբի», «Ղազախ», «Ղարաբաղ», «Արծվագորգ» և այլ անվանումներով։ Հաշվի առնելով առաջին երկու տեղանունների Արցախի պատմական «Ջրաբերդ» գավառի ու համանուն ամրոցի անվանման տարբերակ լինելու փաստը, և այն, որ այդ տարածաշրջանին բնորոշ են տիպի բոլոր տարբերակները, հիմնավորված ենք համարում առաջարկված տերմինի կիրարկումը։

«Խնձորեսկ» - Բնորոշվում է քառակուսի զարդի մեջ ամփոփված արևի ու հավերժության որևէ խորհրդանշանից և այն բոլորող վիշապի ութ ոճավորումներից կազմված հորինվածքով։ Հորինվածքի բաղկացուցիչ մաս են նաև զարդի անկյուններից սկզբնավորված նախշերը։ Զարդի ուղղաձիգ առանցքի ուղղությամբ լինում է մեկական «Կենաց ծառ»։ Ներկայացվում է բազմանիստ վանդակում կամ առանց դրան, պատկերվում մեկ կամ երկու շարքով։ Կան նաև մեկ հորինվածքով գեղազարդվածներ։ «Խնձորեսկ» տերմինը միջազգայնացված և ընդունված է ուսումնասիրողների գերակշիռ մասի կողմից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ Խնձորեսկ գյուղը գորգագործության, և մասնավորապես, գորգերի այս տիպի ավանդական կենտրոն լինելու փաստը, միանգամայն հիմնավորված ու նպատակահարմար ենք համարում տերմինի հետագա կիրարկումը։ Հիմնականում բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։

«Գետաշեն» - Բնորոշվում է երկայնաձիգ, զիգզագ երկու գունաժապավենով կազմված շեղանկյունաձև կամ բազմանիստ շրջանակներում պատկերված գծայնացված ու ոճավորված ութ վիշապապատկերով ու դրանց հետ մի ամբողջություն կազմող բուսածաղկային նախշերով։ Կենտրոնում լինում է զարդ, որի շուրջ բոլորն էլ, զույգ առ զույգ՝ մեկմեկու դիմահայաց պատկերվում են վիշապի ոճավորւմները։ Որոշ կենտրոններում, մասնավորապես Գետաշենում ու մերձակա գորգագործական կենտրոններում գորգադաշտի անկյուններում պատկերվում է մեկական թամբած ձի։ Հատուկ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառների գորգագործական կենտրոններին։ Հատկապես հանրահայտ են գորգագործության ճանաչված կենտրոն Արցախի Ջրաբերդ գավառի Գետաշեն գյուղում գործված նմուշները, որն էլ թույլ է տալիս մեզ տիպը անվանակոչել հայկական այդ գյուղի անունով։

«Վայք» - Գեղազարդման հիմնական տարրը բազմանիստ շրջանակի շուրջ ամփոփված վիշապի պարզունակ՝«Տ»-աձև ութ ոճավորումներ են։ Դրանք իրարից տարանջատված են շրջանակից սկզբնավորող հավասարաչափ, զարդանախշված, գունաժապավեններով։ Շրջանակի կենտրոնում սովորաբար լինում է «Կուսապատ» տիպի գորգերին բնորոշ վարդակ։ Լինում է մեկ և ավելին։ Վիշապի ոճավորումները այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում հնամենի են ու հարում են պատկերագրման ժայռապատկերային ոճին։ Սերտորեն աղեսվում է «Խնձորեսկ» տիպին։ Բնորոշ է Սյունիքի, Արցախի ինչպես նաև Վասպուրականի հյուսիսային գորգագործական կենտրոններին։ Առավել տարածված է Վայքում, որտեղ այն հայտնի է մի շարք տարբերակներով։ Դրանցով էլ պայմանավորված է «Վայք» տերմինի կիրարկման առաջարկը։

Գորգագործական կոմբինատները և արտելները Խորհրդային Հայաստանում[խմբագրել]

Հայկական գորգերն աշխարհի թանգարաններում[խմբագրել]

Հայաստանում[խմբագրել]

Արտերկրում[խմբագրել]

Օգտագործված հիմնական հասկացությունների համառոտ բացատրություններ[խմբագրել]

  • Արմավենակ (նոճի, կիպարիս) - Նախշ՝ սլացիկ կենաց ծառ, համադրվում է նաև բուսածացկային այլ նախշերով։ Լինում է նաև երկրաչափականացված։
  • Գեղազարդման համակարգ - Մակերեսի գեղազարդման կանոնակարգված ամբողջություն։
  • Գունաշերտ - Եզրագոտիներն իրարից բացազատող գունավոր մակերեսի նեղ, հավասար լայնությամբ շերտ։ Գեղազարդված գունաշերտեր լինում են նաև գորգադաշտում։
  • Դաշտ՝ գորգի - Մեկ կամ մի քանի եզրագոտիներով երիզված գեղազարդված մակերես, գորգադաշտ։ Լինում են գորգադաշտը երիզող ներքին, արտաքին, կենտրոնակն գոտիներ։
  • Դասական վիշապապատկեր - առասպելական վիշապի պատկերագրման ձև՝ բնորոշ 15-18-րդ դդ կովկասյան վիշապագորգերին։ Լինում են ուղղաձիգ դիրքով, ընդգծված եղջյուրակիր գլխով ու պոչով։
  • Եզրագոտի - Առարկայի մակերեսն ամբողջությամբ երիզող, գեղազարդված շրջանակ։ Լինում է ներքին, կենտրոնական և արտաքին։
  • Երկրաչափականացում - Նախշի ու պատկերի բնական ձևերի /թեք, գալարուն, ալիքաձև և այլն/ ուղղագծում, պարզեցում։
  • Զարդ - Բնության չորս տարրերի կարգավորված համակարգ խորհրդանշող երկրաչափական ձևեր՝ քառակուսի, եռանկյունի ու միայն դրանցից կազմված միացություններ։
  • Զարդանախշ – Նախշով կամ նախշերով լրացված զարդ։
  • Հիմնական հորինվածք - Գորգի գեղազա հորինվածքադրման համակարգի առանցքը կազմող հորինվածք՝ որով բնորոշվում է տվյալ գորգը։
  • Հորինվածք - Նախշից, զարդից, զարդանախշից, պատկերից կազմված կամ նախշերից, զարդերից, զարդանախշերից, պատկերներից կազմված մի ամբողջություն։
  • Նախշ - Բուսական աշխարհը ներկայացնող գեղազարդման տարր՝ ճյուղ, տերև, ծաղիկ և այլն։
  • Վարդակ - Բացված՝ բազմաթերթ, շրջանաձև կամ ձվաձև ուրվագծով ամբողջություն։ Լինում է նաև երկրաչափականացված։
  • Պատկեր – Կենդանի օրգանիզմի գծային կամ գունային ռեալիստական կամ ոճավորված վերարտադրություն։
  • Օձագալար - Պատկեր՝ բնորոշվում է հայերեն մեծատառ «Տ»-ի նմանությամբ։ Ներկայացնում է ոճավորված օձապատկեր։ Հայտնի է բազմաթիվ տարբերակների տեսքով։ Դրանցից մեկը «Վայք» տիպի հիմնական հորինվածքն է։

Օգտակար հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական սովետական հանրագիտարան , հատոր 3, ՀՍՍՀ ԳԱ, 1977
  2. [Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հատոր առաջին, 1976, Երևան, էջ 254]
  3. Գ. Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն, 1961, Երևան, Գ. Ջահուկյան, «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան», 1987, Երևան
  4. М. В. Бабенчиков. Народное декоративное искусство Закавказья и его мастера. Госархитектуриздательство, 1948. 173 с. С. 67
  5. Puhvel, Jaan, Hittite etymological dictionary. vol. 4. Berlin, New York, Amsterdam: Mouton, pp. 267-268
  6. Ոչ ոք արկանէ կապերտ անթափ՝ ի վերայ հնացեակ ձորձոյ (Ավետարան ըստ Մատթեոսի 9:16)
  7. Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Բ, Երևան, 1973, էջ 523-524
  8. Հ. Մարտիրոսյան, «Մանածագործությունը և գորգագործությունը պատմական Հայաստանում, մասնավորապես՝ Արցախում»
  9. Ա. Սուքիասյան, «Կիլիկիայի հայկական պետության և իրավունքի պատմություն», Երևան, 1978, էջ 100
  10. David Tsitsishvili, Գերիմով, Ստեփանյան Rugs and Carpets from the Caucasus, 1984, Leningrad, № 672(7-20); p. 100
  11. 11,0 11,1 Абд ар-Рашид ал-Бакуви «Книги о памятниках и чудеса царя могучего» Пятый климат
  12. Ա. Տեր-Ղևոնդյան, «Արմենիա ի արաբսկիյ խալիֆատ», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 205-206
  13. Deutscher Kaliverein, “Kali,” Brill Archive, 1907, p. 109
  14. Արթուր Թելֆեյան, «Բնական կարմիր ներկանյութերի օգտագործումը տեքստիլ արվեստում. հայկական որդան կարմիր», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 32
  15. Հրաչ Կոզիբեյոկյան, «Զարդանախշերի փոխկապակցվածությունը հայոց գորգերի գեղազարդման համակարգում», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 47
  16. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան, Աշխունջ Պողոսյան, «Մայր աթոռի թանգարաններում պահվող գորգերի հավաքածուն», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 77
  17. Մելանյա Բալայան, «Արցախի գորգագործական մշակույթի ուսումնասիրման հարցի շուրջ», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 17
  18. Ստեֆանո Իոնեսկու, «Ռումինիայի հայ գորգագործները», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 35
  19. Ջանիս Բեդուկյան, «Հայկական կարպետներ եվ կարպետագործ գործվածքներ. կառուցվածքի ու զարդահորինվածքի համեմատական ուսումնասիրություն», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 23
  20. Լուսինե Մարգարյան, «Արենի 1 քարայրի նորահայտ գործվածքները որպես հայկական մանածագործության ուսումնասիրության սկզբնաղբյուր», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 56
  21. Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ գորգի ծագումնաբանության մասին»,«Էջմիածին», ԺԲ, 2008, էջ 63-79
  22. Геродот, Книга 1, глава 203, русский перевод Мищенко, Москва, 1888, т. 1, стр. 106
  23. Геродот, Книга I Клио, пункт 194
  24. Я. Манандян, “О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен (V в. до н. э. — XV в. н. э.)”, Ереван, 1954
  25. Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», Երևան, 1987, էջ 133
  26. 26,0 26,1 Л. С. Гавриленко, Р. Б. Румянцева, Д. Н. Глебовская, Применение тонкослойной хромотографии и электронной спектроскопии для анализа красителей древних тканей. Исследование, консервация и реставрация этнографических предметов. Тезисы докладов, СССР, Рига, 1987, стр. 17-18. (PDF) (ռուսերեն)

    В ковре нити темно-синего и голубого цвета окрашены индиго по карминоносным червецам, нити красного цвета - аналогичными червецами типа араратской кошенили.

  27. 27,0 27,1 Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ» գորգի ծագումնաբանության մասին, Երևան, 2013, էջ 1-21 (հայերեն), էջ 22-37 (անգլերեն) (PDF)
  28. Յ. Քիւրտեան, Որդան (կարմիր) կամ Kirmiz, Վենետիկ-Սբ. Ղազար, 1932։
  29. [: http://www.jstor.org/stable/594255 H. Kurdian, Kirmiz,- "Journal of the American Oriental Society", Vol. 61, No. 2 (Jun., 1941), pp. 105-107.]
  30. Նիկողայոս Մառ, «Անի», 1939, Երևան, էջ 197
  31. Всемирная история. Армения. Между арабами и Византией
  32. «Повествование вардапета Аристакэса Ластиверци» М. 1968.Юзбашян К. Н. предисловие
  33. Ա. Տեր-Ղևոնդյան, «Հայաստանն ու Արաբական խալիֆայությունը», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 205-206
  34. Ա. Տեր-Ղևոնդյան, «Հայաստանն ու Արաբական խալիֆայությունը», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 206
  35. Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., Երևան, 1958, էջ 146
  36. Յ. Քիւրտեան, Գորգը Հայոց մօտ, Վենետիկ-Սբ. Ղազար, 1947։
  37. Абу Дулаф «Вторая записка» Булгаков П. Г.; Халидов. А. Б. Москва Наука.1960 страница 41, տես 138-139 ծանոթագրությունները http://www.vostlit.info/Texts/rus8/Dulaf/primtext.phtml#139
  38. 38,0 38,1 Сведения арабских писателей о Кавказе, Армении и Адербейджане: VII. Ал-Мукаддасий // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. 38. Тифлис. 1908
  39. КАРАУЛОВ Н. А. «Сведения арабских писателей X и XI веков по Р. Хр. о Кавказе, Армении и Адербейджане»
  40. Ա. Տեր-Ղևոնդյան, «Հայաստանն ու Արաբական խալիֆայությունը», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 250
  41. В. Бартольд, "Историко-географический обзор Ирана," СПб, 1903, стр. 150
  42. Абу Саид Гардизи «Украшение известий», глава LXVIII Описания собрания и приема гостя
  43. Хилал ас-Саби «Установления и обычаи двора халифов» перевод И. Б. Михайловой, Москва, Наука, 1983, глава 6, стр. 66
  44. Сведения арабских писателей о Кавказе, Армении и Адербейджане: IX. Ибн-Хаукаль // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. 38. Тифлис. 1908
  45. Путешествие Ибн-Фадлана на Волгу. Перевод и комментарий под редакцией академика Крачковского И. Ю. М.-Л. 1939, стр. 73
  46. David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus,” Ленинград, 1984, № 672(7-20), стр. 100
  47. Древнее золото Крыма. Армяне
  48. «Древняя Русь. Город, замок, село» Издательство «Наука», 1985, стр. 391
  49. Марко Поло, «Книга о разнообразии мира», глава XXI
  50. [Առաքել Դավրիժեցի, «Գիրք պատմութեանց», տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, Ամստերդամ, 1669]
  51. Российская Федерация. Этнография
  52. Иржи Давид, "Современное состояние Великой России, или Московии," Вопросы истории, № 4, Москва, 1968
  53. 53,0 53,1 Armenians in Iran (ca. 1500—1994)
  54. Խաչատուր Դադայան, «Հայոց առևտրատնտեսական ներկայությունն աշխարհում», «Բելգիա», թիվ (14), 2007թ.
  55. Leonard Helfgott, Carpet Collecting in Iran, 1873—1883: Robert Murdoch Smith and the Formation of the Modern Persian Carpet Industry, p.177
  56. Arak Rugs: Guide to Sarouk/Sarough Rugs and Carpets
  57. P.R.J Ford «Oriental Carpet Design» London:Thames and Hudson, 1981 стр-ца 281 the American Sarouk was originally produced by Mr. S. Tyriakian, the Arak representative of K. S. Taushandjian of New York in the early 1920s
  58. Marco Brando."Gli Armeni e la Puglia. Una storia millenaria
  59. [1]
  60. Вестник высшей школы“ выпуски 1-5 // Министерство высшего и среднего специального образования, 1984
  61. Հ. Միրզոյան. Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է հանրապետությունում թեթև արդյունաբերության ոլորտի զարդացումը
  62. Armenia Textiles: An Overview
  63. Շ. Ազատյան, «Հայկական շքամուտքեր», Երևան, 1987
  64. David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus,” Ленинград, 1984, № 672(7-20), стр. 103-104
  65. Российский Этнографический Музей. Армяне конец. XIX — начало XX в.
  66. Հայկական գորգի պատմությունից
  67. David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus,” Ленинград, 1984, № 672(7-20), стр 101
  68. The Stories of Ray Bradbury, Everyman Publishing, 2010
  69. Աշխունջ Պողոսյան, Հայոց գորգագործական մշակույթը (պատմազգագրական ուսումնասիրություն), սեղմագիր, Երևան, 2003
  70. Յ. Քիւրտեան, Վիշապը հայկական գորգերուն մէջ, Վենետիկ-Սբ. Ղազար, 1932։

Տես նաև[խմբագրել]