Տիրան Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիրանից)

Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Բ Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։ Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ֆեոդալական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։

Տիրանի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված պարսկա–հռոմեական նոր հակամարտությունների հետ։ 345 թվականի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350 թվականին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։