Արշակ Գ
| Արշակ Գ | |
| Մեծ Հայքի Արքա | |
|---|---|
| Իշխանություն | 378–390 թթ. |
| Հաջորդող | Խոսրով Դ |
| Տոհմ | Արշակունիներ |
| Հայր | Պապ |
Արշակ Գ (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։
Կառավարումը [խմբագրել]
Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ II Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |