Լևոն Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ե
LevonV.jpg
Իշխանություն 1320 - 1342
Թագադրում 1320
Մահացել է՝ 1342
Ազգություն հայ
Տոհմ Հեթումյաններ
Հայր Օշին Ա


Լևոն Ե (1310-1342), Հայոց թագավոր Կիլիկիայում 1320–ից։ Հաջորդել է հորը՝ Օշին Ա–ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։ 1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոնի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335–ին և 1336–ին վերստին ասպատակեցին Կիլիկիան։ 1337–ին Լևոնի խնդրանքով ստորագրվեց հաշտություն. Կիլիկիայի հարավ–արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։ Լևոնը հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ