Սարդուրի Բ
Սարդուրի Բ (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), Ուրարտուի թագավոր մոտ մ.թ.ա. 764 թվականից: Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը: Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն):
Բովանդակություն |
Տարեգրություն[խմբագրել]
Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ): Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի): Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թգլատպալասար III թագավորի արձանագրություններում:
Գործունեությունը[խմբագրել]
Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուրնիրարի VI թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից: Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիասային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ: Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը:
Սարդուրի Բ-ն մեծարվել է«մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով: Ասորեստանի դեմ պայքարումնա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավ-արևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն): Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով: Մ.թ.ա. 735 թվականին Թգլարպալասար III-ը ներխուժել է Ուրարտու և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ: Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Ուրարտուի հզորությունը: Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն: Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում: Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ վահաններ, սաղավարտներ, կաթսաներ, թասեր և այլն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։
Գրականություն[խմբագրել]
- Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
- Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
- Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
- Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван5 Петербург 1922
- Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
- Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва 1960
- Бациева С. М., Борьба между Ассирией и Урарту за Сирию, «естник древней истории», 1953 № 2
Տես նաև[խմբագրել]
| Նախորդող Արգիշտի Ա |
Ուրարտական արքա Սարդուրի Բ մ.թ.ա. 764-735 |
Հաջորդող Ռուսա Ա |
