Գագիկ Բ
| Գագիկ Բ | |
| Հայոց Թագավոր | |
|---|---|
| Իշխանություն | 1042–1045 |
| Մահացել է՝ | 1045 |
| Նախորդ | Հովհաննես-Սմբատ |
| Տոհմ | Բագրատունիներ |
| Հայր | Աշոտ Դ |
Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-1045 թթ–ին։ Բագրատունիների հարստությունից։
[խմբագրել] Գահակալում
Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Բագրատունյաց Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023 թ–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու։ Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045 թ–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Բագրատունյաց Հայաստան, գրավել Անին, կործանելով հայ Բագրատունիների թագավորությունը։ Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է Կնդռոսկավիս բերդի երեք հույն եղբայրների կողմից: Գագիկի մահվան վրեժը լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը` սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |