Կոստանդին IX Մոնոմախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին IX Մոնոմախոս
հուն․՝ Κωνσταντίνος Θ΄ Μονομάχος
Դիմանկար
Ծնվել է1000[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 11, 1055
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԶոյա Ծիրանածին և Q124729168?
Ծնողներհայր՝ Theodosios Monomachos?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
Երեխաներենթդ․ Monomahinya?
 Konstantinos IX Monomachos Վիքիպահեստում

Կոստանդին IX Մոնոմախոս (1000[1], Կոստանդնուպոլիս - հունվարի 11, 1055, Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսր 1042 թվականից։ Նրա օրոք կայսրության ներքին և արտաքին դրությունը ծանր էր։ Ճնշել է Գևորգ Մանիակի (1043), Կոստանդնուպոլսի բնակչության (1044) և Լեոն Թոռնիկի (1047) ապստամբությունները, ծանրացրել հարկերը։ Ուժեղացել են սելջուկ-թուրքերի արշավանքները, որոնց հետ բյուգանդական զորքերը ընդհարվել են Բասենի ճակատամարտում։ Արևմուտքում կայսրությունը կորցրել է Սիկիլիան, Հարավային Իտալիայի քաղաքները նվաճել են նորմանները։ 1054 թվականին տեղի է ունեցել Արևելյան և Արևմտյան եկեղեցիների բաժանումը։ 1045 թվականին Կոստանդին IX Մոնոմախոսը խաբեությամբ Բյուզանդիա է հրավիրել Հայոց թագավոր Գագիկ Բ-ին և վերացրել Բագրատունիների թագավորությունը, ստեղծել է «Անիի և Իբերիայի» կատապանությունը։ Ուժեղացրել է քաղաքական, տնտեսական և կրոնական ճնշումը, փակել է Անիի կաթողիկոսարանը, սկսել է հայադավանների հալածանքը։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Մոնոմախոսը Թեոդոսիոս Մոնոմախոսի որդին էր, և սերում էր Հայկական (Մակեդոնական) հարստությունից։ «Մոնոմախոս» տոհմանունը հունական բառ է և նշանակում է «մենամարտող»։ Այս տոհմից դուրս են եկել մի քանի նշանավոր զորավարներ։ Նրա կյանքի վաղ շրջանի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, եթե չհաշվենք մի աննշան տեղեկություն, որ պահպանվել է բյուզանդական մատենագիր Միքայել Պսելլոսի մոտ։ Կոստանդին Մոնոմախոսը թագադրվել է մոտ 40 տարեկան հասակում, որին նախորդել է զինվորական երկար ծառայություն՝ մայրաքաղաքում և պրովինցիաներում։

Միքայել Պսելլոսը հիշատակում է այն մասին, որ Թեոդոս Մոնոմախոսը (Կոստանդինի հայրը) մասնակցություն է ունեցել Վասիլ Բ-ի դեմ նախապատրաստվող դավադրությանը, ինչը, հավանաբար տեղի է ունեցել 1020-ական թվականներին։ Երբ դավադրությունը բացվեց, Թեոդոսը հատուցեց կյանքով (կախաղան բարձրացվեց), իսկ որդու՝ Կոստանդինի համար բազմաթիվ խոչընդոտներ առաջացան հետագա գործունեության ճանապարհին։ Միքայել Պսելլան գրում է, որ ապստամբություն ծրագրող հորից Կոստանդինը ժառանգել է ատելություն կայսրերի հանդեպ։ Հենց այդ պատճառով Վասիլ Բ-ն և գահին նրան հաջորդած կրտսեր եղբայրը՝ Կոստանդին Ը-ն Կոստանդին Մոնոմախին պաշտոնների չէին նշանակում մայրաքաղաքում՝ նրան հեռու պահելով իրենցից։ Սակայն Կոստանդինը դրա պատճառով նեղություններ չէր կրում, քանի որ հոր մահից հետո նա սինկլիտի անդամ էր, իսկ դա նշանակում էր, որ արքունի տիտղոս ուներ պրոտոսպափարիոսից ոչ ցածր։ Կոստանդինի դիրքը փոխվեց, երբ երկրորդ անգամ ամուսնացավ՝ կնության առնելով կայրս Ռոմանոս Գ Արգիրոսի զարմուհուն։ Այդպիսով, նա մուտք գործեց արքունիք, որտեղ դուր եկավ պալատականներից մեկի կնոջը՝ Զոեին, և դարձավ նրա ֆավորիտը։ Վերջինիս ամուսինը, որ Ռոմանոս կայսեր մահից հետո դարձավ կայսերական գահի հավակնորդ, և շուտով իշխեց որպես Միքայել IV Պափլագոնացի (1034-1041 թթ.), Կոստանդինին աքսորեց Լեսբոս կղզու Միտիլենե քաղաքը։ Այստեղ նա ապրեց Միքայել IV-ի և Միքայել V-ի թագավորության տարիներին։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդինի և Զոեի հարսանիքը. Հովհաննես Սկիլիցեսի մանրանկարներից, XII դար::
Զոե Պորփյուրյանը

Միքայել V-ի տապալումից հետո Կոստանդին Մոնոմախոսը կանչվեց Կոստանդնուպոլիս, որտեղ ամուսնացավ Զոեի հետ և թագադրվեց որպես կայսր։ Կոստանդինը մոտ 20 տարի փոքր էր Զոեից, որն այս ամուսնության պահին արդեն շուրջ 60 տարեկան էր։ Երկուսի համար էլ սա երրորդ ամուսնությունն էր։ Այդպիսի ամուսնությունը եկեղեցին չէր կարող հաստատել, ուստի հարսանիքը, թեկուզև հանդիսավոր, բայց կնքեց ոչ թե պատրիարքը, այլ Սուրբ Սոֆիայի տաճարի ավագ քահանաներից մեկը։ Հարսանիքից հետո հրապարակած մանիֆեստում կայսրուհի Զոեն հայտնում էր, որ այս ամուսնությունն իր համար անպատվաբեր է, և կնքվել է միայն հանուն կայսերական շահերի։

Ընդդիմություն ու ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կայսրը հաճույքներին տրվող էր, միաժամանակ հակված էր դաժանությունների դիմել՝ դավադրության մասին կասկածների պատճառով։ Նրա վրա մեծ ազդեցություն ուներ սիրուհին՝ Մարիա Սկլերաինան՝ իր երկրորդ կնոջ զարմուհին, ինչպես և վերջինիս հարազատները։ Հենց Սկլերոսների ազդեցությամբ կայսրը 1052 թ. օգոստոսին Իտալիայի զորքերի հրամանատարությունից ազատեց Գևորգ Մանիակին։ Դրա արդյունքում Մանիակը, որ զինվորների մոտ բարձր հեղինակություն ուներ, ապստամբություն բարձրացրեց և սեպտեմբեր ամսին իրեն կայսր հռչակեց։ Նա իր զորքերը փոխադրեց Բալկաններ և ճակատամարտ սկսեց Կոստանդինի զորքերի դեմ։ Հաղթանակը համարյա թե Մանիակի կողմն էր, երբ հանկարծ ծանր վիրավորվեց և վախճանվեց մարտի դաշտում՝ վերջ դնելով կայսրության ճգնաժամային դրությանը։ Այս հաղթանակից անմիջապես հետո, 1043 թ. Կոստանդինի վրա հարձակվեց Կիևյան Ռուսիայի նավատորմը, որի հրամանատարն էր իշխան Յարոսլավի որդի Վլադիմիրը։ Աղբյուրներն անվիճելի են համարում, որ նա Մանիակի ապստամբության մասնակից էր։ Կայսերական զորքերը ռուսներին ևս պարտության մատնեցին՝ հունական կրակի շնորհիվ։ Շուտով ռուսների հետ հաշտություն կնքվեց, որն ամրապնդելու համար Մոնոմախն իր Անաստասիա դստերն ամուսնացրեց Կիևի ապագա իշխան Վսեվոլոդ Ա-ի հետ, ով իր ամենաոխերիմ թշնամու՝ Յարոսլավ Իմաստունի ամենասիրելի որդին էր։

Հայաստանի բռնակցում և սելջուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1045 թվականին Կոստանդին Մոնոմախը, ըստ 1023 թվականի Տրապիզոնի պայմանագրի, որ կնքվել էր Վասիլ Բ-ի և Հայոց արքա Հովհաննես-Սմբատի միջև, կայսրությանը բռնակցեց Բագրատունիների թագավորությունը՝ նախօրոք, իբր թե բանակցությունների հրավիրելով Հայոց արքա Գագիկ Բ-ին և արգելելով նրան վերադառնալ Անի։ Սակայն այս նոր ընդլայնումը պարզապես կայսրության սահմանները մոտեցնում է նոր թշնամիների։ 1046 թվականին Բյուզանդական կայսրությունն առաջին անգամ առնչվում է սելջուկների հետ։ Հայոց պետականությունը վերացնելը և նրա տարածքը կայսրությանը միացնելը անհեռատես քայլ էր, քանի որ հակառակ դեպքում սելջուկների արշավանքների ժամանակ նրանց դեմ առաջինը կանգնելու էր Հայոց բանակը և առաջին հարվածն իր վրա էր ընդունելու Բագրատունյաց թագավորությունը։ Իսկ այժմ առաջին հարվածը միշտ բաժին էր ընկնելու կայսերական զորքերին։ Բյուզանդական զորքերի և սելջուկ թուրքերի առաջին ճակատամարտը տեղի ունեցավ 1048 թվականին Արծն քաղաքի մոտ, որից հետո կնքված զինադադարը լուծվեց հաջորդ տարում։ Այսպիսով, Կոստանդինը թուլացրեց կայսրության ուժերը, ինչը հետագայում հանգեցրեց ճակատագրական պարտության Մանազկերտի ճակատամարտում։

Լևոն Թոռնիկի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Թոռնիկը հարձակվում է Կոստանդնուպոլսի վրա. Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից

1047 թվականին ապստամբեց Կոստանդին Մոնոմախի եղբորորդի Լևոն Թոռնիկը։ Նա ստացավ թրակացիների մեծ մասի աջակցությունը և ապարդյուն փորձեց գրավել Կոստանդնուպոլիսը։

Թոռնիկը վերացրեց մեկ ուրիշ պաշարում և ստիպված լինելով նահանջել, ճանապարհին գերի ընկավ։ Սակայն այս ապստամբությունը թուլացրեց Բյուզանդիայի սահմանների պաշտպանությունը Բալկաններում և 1048 թվականին այդ կողմից կայսրության սահմանները ներխուժեցին պեչենեգները, որոնք իրենց ասպատակություններն ու կողոպուտը շարունակեցին հաջորդ հինգ տարիներին ևս։ Դիվանագիտական ճանապարհով թշնամուն զսպելու ջանքերն ավելի են սրում իրավիճակը, քանզի պեչենեգ առաջնորդների մեջ երկպառակություն ընկավ, և նրանք բախվեցին բյուզանդական հողում և պեչենեգ եկվորները հաստատվեցին Բալկաններում։ Դա դժվարացրեց նրանց հարձակումների ճնշումը։

Գահակալության և կյանքի վերջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոմախի թագը (ձախից երկրորդում պատկերված է ինքը՝ կայսրը)

Մինչև 1050 թվականը Կոստանդին Մոնոմախն իշխեց կայսրուհի Զոեի և վերջինիս քրոջ՝ Թեոդորայի հետ համատեղ, արքունիքից հեռացնելով Միքայել V-ի հարազատներին։ Զոեի մահից հետո շարունակեց իշխել Թեոդորայի հետ։ Թեթևամիտ և ագահ Մոնոմախը քիչ էր զբաղվում կայսրության գործերով, որոնք չէին տապալվում միայն բյուզանդական պետական համակարգի ամրության շնորհիվ։ Նրա բացասական կողմերը ծաղրող բազմաթիվ երգիծական զրույցներ են պահպանվել մատենագիր Միքայել Պսելլայի գրքում։ Մոնոմախի իշխանության վերջին տարիներին Հունական և Լատինական եկեղեցիների միջև առկա հակասությունները չափազանց սրվեցին և 1054 թվականին ի վերջո հանգեցրին վերջնական անջատման։ Հռոմի Լևոն IX պապի նվիրակները վտարեցին Կոստանդնուպոլսի պատրիարք Միքայել Կերուլարիոսին, ով մինչ այդ կայսրության մայրաքաղաքում արդեն փակել էր լատինական վանքերն ու եկեղեցիները։ Կոստանդին Մոնոմախը փորձեց միջամտել և հաշտեցնել երկու եկեղեցիներին, սակայն այդ ընթացքում հիվանդացավ թոքերի բորբոքումով և մահացավ 1055 թվականի հունվարի 11-ին։ Մոնոմախի մահից հետո կայսերական գահն անցավ Թեոդորային, ով, փաստորեն, գահի միակ ժառանգն էր։

Ընդհանուր առմամբ, Կոստանդին Մոնոմախի թագավորության շրջանն աղետաբեր եղավ Բյուզանդիայի համար։ Նրա վատ և անհեռատես քաղաքականության պատճառով կայսրությունը կորցրեց իր դիրքը միջազգային հարաբերություններում, թուլացավ ռազմական առումով և տնտեսապես, ինչն էլ պատճառ դարձավ Մանազկերտի ճակատամարտից հետո տարածքների կորստի՝ հօգուտ թուրքերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615