Բարսեղ Ա Մակեդոնացի
| Բարսեղ Ա Մակեդոնացի | |
|---|---|
բյուզանդական կայսր |
|
| ԱԱՀ՝ | Բարսեղ Ա Մակեդոնացի |
| Ծննդյան օր՝ | 830-ական թթ. սկիզբ |
| Ծննդավայր՝ | Թրակիա |
| Վախճանի օր՝ | 886 |
| Վախճանի վայր՝ | Կոստանդնուպոլիս |
Բարսեղ Ա Մակեդոնացի (հունարեն` Βασίλειος ὁ Μακεδών, 830-ական թթ սկիզբ – 29 օգոստոս 886) Բյուզանդական կայսր (867- 886), ծագումով հայ, Մակեդոնական (Հայկական) հարստության հիմնադիր:
Բովանդակություն |
Ճանապարհ դեպի գահ [խմբագրել]
Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի Մակեդոնիա թեմ (վարչական միավոր, համապատասխանում է ներկայիս Ադիրանապոլիս քաղաքի շրջակայքի տարածքին) գաղթած հայ ընտանիքում շուրջ 811 թ.: Ըստ պատմիչների Բարսեղի առաջին լեզուն հայերենն էր, և նա հունարեն էր խոսում ծանր ակցենտով:
շնորհիվ իր ֆիզիկական տվյալների Բարսեղն ընդունվում է ծառայության Միքայել Գ կայսեր ազգական Թեոփիլիտեսի մոտ: Գրավում է Միքայել Գ կայսեր, որը նույնպես ծագումով հայ էր, ուշադրությունը` հաղթանակ տանելով բուլղարացի հայտնի ըմբիշի նկատմամբ` շուտով դառնալով կայսեր թիկնապահը (պարակոիմոմենոս) ու հոմանին:
Միքայելի հրամանով ամուսնալուծվում է իր կնոջ` Մարիայից և ամուսնանում կայսեր սիրուհու` Եվդոկիա Ինգերինայի հետ: Ըստ վարկածի` նրա երկրորդ կնոջից ծնված որդին, հետագայում Լևոն Զ կայսրը, իրականում Միքայելի որդին էր:
Արաբների դեմ արշավանքի ժամանակ Բարսեղը կարողանում է համոզել Միքայել Գ-ին, որ նրա քեռի Բարդասը (Վարդան) դավեր է հյութում գահին տիրանալու համար և ստանալով կայսեր թույլտվությունը` սպանում Բարդասին 866թ ապրիլի 21-ին: Բարսեղը դառնում է կայսրից հետո երկրորդ անձը` ստանալով «կեսարի» տիտղոս, այնուհետև ձեռնադրվելով կայսրին գահակից (866թ. մայիսի 26): Այս առաջխաղացումն իր մեջ էր ներառում նաև Բարսեղի որդեգրումը Միքայել Գ-ի կողմից, որն ինքը տարիքով ավելի փոքր էր իր նորաթուխ «որդուց»: Երբ Միքայել Գ-ն սկսեց Բարսեղի նկատմամբ սառեցման նշաններ ցույց տալ Բարսեղը որոշեց կանխարգելել իր անկումը գահընկեց անելով կայսրին: Դավադրության արդյունքում 867թ. սեպտեմբերի 23 լույս 24-ի գիշերը Միքայել Գ-ն սպանվեց, գահն անցավ Բարսեղին:
Իշխանության տարիները [խմբագրել]
Տիրանալով գահին Բարսեղ Ա սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները, վարչական համակարգը և բանակը, կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանք, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը :
Բարսեղը բարձրացրեց զինվորների ռոճիկը, մեծացրեց բանակի թվաքանակը: Փոփոխական հաջողությամբ պատերազմել է արաբների հետ Փոքր Ասիայում, կարողացել է հետ գրավել Բյուզանցիայի կողմից նախկինում կորսված որոշ տարածքներ (Շամշատ, Մելիտենե և Լուլ քաղաքները շրջակայքով):
Արաբների դեմ պայքարում փորձել է գտնել դաշնակիցներ Եվրոպայում՝ ի դեմս գերմանական կայսրի և պապական իշխանության:
Մահացել է 886թ. որսի ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով:
Հայ-բյուզանդական հարաբերությունները Բարսեղ Ա օրոք [խմբագրել]
Հայ պատմիչ Վարդանը վկայում է, որ Բարսեղը, դառնալով բյուզանդական կայսր, դիմում է Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն` թագ խնդրելով: Իրեն Արշակունի համարելով` Բարսեղն ուզում էր թագն ստանալ թագադրից, որպիսին հայոց դարավոր ավանդության համաձայն կարող էր միայն Բագրատունի լինել:[1] Հովհաննես Դրասխանակերտցու համաձայն «Հունաց Բարսեղ մեծ կայսրը խաղաղության, նվաճման ևու սիրո փոքր դաշինք չի հաստատում մեր Աշոտ արքայի հետ` նրան սիրելի որդի անվանելով և հաղորդակից դարձնելով իր տերության ու թագավորության ամեն ինչին: Եվ այսպես հետագայում առաքինի գործերի բոլոր կարգ ու կանոնները ամբողջությամբ դառնում են կատարյալ ըստ այն պարծանքի կարգի, որն ընդունված էր»:[2]
Ընտանիքը [խմբագրել]
Իր առաջին կնոջից ունեցել է մի քանի երեխա, այդ թվում` Բարդաս (Վարդան), Անաստասիա
Իր երկրորդ` Եվդոկիա Ինգերինա կնոջից ունեցել է յոթ երեխա`
- Սմբատ (Կոնստանդին)` 865 - 3 սեպտեմբեր 879
- Լևոն Զ Իմաստասեր
- Ստեփան Ա, Կ. Պոլսի պատրիարք
- Ալեքսանդր, կայսր 912թ.
- Աննա Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
- Հեղինե Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
- Մարիա Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
Հղումներ [խմբագրել]
- ↑ Բյուզանդական աղբյուրներ, Բ. Կոստանդին Ծիրանածին, Երևան, 1970, էջ 270:
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996, էջ 143:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Բյուզանդիայի կայսեր` հայ Վասիլի պատմությունը, մաս Ա («Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթ)
- Բյուզանդիայի կայսեր` հայ Վասիլի պատմությունը, մաս Բ («Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթ)
- Արտյոմ Սարգսյան, Հայ-բյուզանդական առնչությունների շուրջ
Գրականություն [խմբագրել]
Բյուզանդական աղբյուրներ, Կոնստանդին Ծիրանածին, Երևան, 1970: