Պավլիկյան շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլիկյան շարժման տարածումը Եվրոպայում
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Աղանդավորական շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերածվեց անազատի, որոշակի իրավունքներ ստանալով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան։ Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջից ու 5-րդ դարի սկզբից սկսած, երբ հաստատվեց օտար տիրապետություն։ Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ։ Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ։ Առաջինը անապատականների շարժումն էր, որն առաջացել էր 4-5-րդ դարերոմ։ Հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ։ Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար։

Հաջորդ նշանավոր սոցիալական շարժումը հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի)։ Այն առաջացել էր 5-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, չուներ պետականություն՝ ոչ արևելյան (428), ոչ արևմտյան հատվածներում (389)։ Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443 թվականի Շահապիվանի ժողովը։ Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում։ Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները[1]։

Պավլիկյան շարժման սկզբնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում։ Սկզբում նրանց հարում էին գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, ավելի ուշ շրջանում՝ ազնվականների և հոգևորականների մի մասը։ Այս դարաշրջանում աղանդավորական շարժումների պատմության մեջ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Վերջինս հզոր և նշանակալի մի շարժում էր, որ իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։

Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 719 թվականին գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս։ Շարժումն գործնականում մարեց։

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ։ Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը։ Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք[2]։

Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրության հայկական երկրամասերում՝ Փոքր Հայքում, Մեծ Հայքի Աղձնիք, Ծոփք ու Բարձր Հայք նահանգներում աղանդավորական շարժման լայն տարածումն առաջ բերեց բյուզանդական արքունիքի անհանգստությունը։ Արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով։ Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա։

Շարժումը, հակառակ սպասվածի, ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց կայսրության ասիական տարածքում՝ Փոքր Ասիա թերակղզու հունաբնակ, հայաբնակ ու ասորաբնակ գավառներում՝ իր մեջ առնելով մեծաթիվ հավատացյալների։ Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով։ 8-րդ դարի կեսերին պավլիկյանների գլուխ անցան նշանավոր գործիչներ Հովսեփը, Վահանը և Սերգիոսը։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։

Նրանք յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ։ Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը։ Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից[3]։

Պավլիկյան աղանդավորները իրենց գաղափարներով ու ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Բյուզանդական արքունիքի ճնշման տակ 9-րդ դարի կեսերին նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։

Հայ իրականության մեջ հասարակական հավասարության հաստատումը եղել է Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից։

Շարժման պարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակելով պավլիկյանների հալածման քաղաքականությունը՝ Բյուզանդիայի կայսրերը հրամայում էին անխնա ոչնչացնել պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով Բարձր Հայքում գտնվող Տևրիկ ամրոցը՝ աղանդավորները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ Խրիսոխիրը, ապա՝ տաղանդավոր զորավար Կարբեասը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։

Պավլիկյանների սպանդը 843-844 թվականներին

9-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսում գահ էր բարձրացել ծնունդով մակեդոնացի հայազգի կայսր Վասիլը, ով փոխեց կայսեր՝ ընտրվելու կարգը և իշխանությունը դարձրեց ժառանգական։ Նա դիմեց վճռական գործողությունների։ Վասիլի բանակները 872 թվականին պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին վերջին հենակետ Տևրիկ ամրոցը։ Դրանից հետո պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները։ Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]