Հուլիանոս Ուրացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Solidus Julian.jpg

Հուլիանոս Ուրացող (լատ.՝ Iulianus Apostata, պաշտոնական անունը` Ֆլավիոս Կլավդիոս Հուլիանոս (լատ.՝ Flavius Claudius Iulianus), 331 կամ 332363թ. հունիսի 26 ), Հռոմի կայսր 361—363թթ. Կոստանդիանոսի հարստությունից, հռետոր և հույն փիլիսոփա: Անտիկ գիտության և մշակույթի երկրպագու, նորպլատոնականության փիլիսոփայական դպրոցի հետևորդ: Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը: Նրա գրական ստեղծագործություններից պահպանվել է 8 ճառ, 2 երգիծական երկ և նամակների հավաքածու:

Ծնվել է Կոստանդնուպոլսում, Կոստանդիանոս Մեծ կայսեր եղբոր` Հուլիոս Կոստանցիոսի որդին է: Հոր մահից հետո դաստիարակվել է եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացու կողմից: 339 թվականից ուսումնասիրել է հունական փիլիսոփայություն Մարդոնիոսի ղեկավարությամբ, որը արթնացրել է նրա մեջ սերն առ հելլենական աշխարհայացքը: 344-45թթ. ապրել է Նիկոմեդիայում, որտեղ ծանոթացել է նշանավոր հեռտոր Լիբանիոսի հետ, որը հեթանոսական կրոնի և ավանդույթների ջերմեռանդ ջատագով էր: 351-52թթ. Պերգամոսում և Եփեսոսում բնակվելու ժամանակ ուսումնասիրել է նորպլատոնականություն փիլիսոփա Մաքսիմոս Եփեսացու մոտ: 352-54թթ. Հուլիանոսը կրկին անցկացրել է Նկոմեդիայում` խորացնելով իր գիտելիքները նորպլատոնական ուսմունքի մեջ: 355թ. մեկնել է ուսանելու Աթենք նույն հռետորական դպրոց, որտեղ այդ ժամանակ սովորում էին Գրիգոր Աստվածաբանը և Բարսեղ Կեսարացին:

355թ. Կոստանցիոս Բ կայսրը հռչակում է Հուլիանոսին իր աթոռակից` կնության տալով նրան իր քրոջը: Հուլիանոսն ուղարկվում է պաշտպանելու Գերմանիայի հետ սահմանակից հռոմեական նահանգները: Մինչև 360թ. վարած մի շարք պատերազմներում Հուլիանոսին հաջողվում է հետ մղել գերմանական ցեղերի բոլոր հարձակումները և առժամանակ խաղաղեցնել սահմանը: Կոստանցիոսը, երկյուղելով Հուլիանոսի հաջողություններից, 361թ. պահանջում է նրանից իրեն ուղարկել իր ենթակայության տակ գտնվող զորքերի մի մասը: Սակայն Հուլիանոսի լեգեոնները հրաժարվում են ենթարկվել այդ հրամանին և հռչակում են նրան կայսր: Քաղաքացիական պատերազմը կասեցվում է միայն Կոստանցիոսի անսպասելի մահով (361թ. նոյեմբերի 3):

Ստանձնելով միանձնյա կառավարումը` Հուլիանոսը մի շարք հրովարտակներով հայտարարել է կրոնական հանդուրժողականություն և վերականգնել հեթանոսական ծեսերը: Չեղյալ են հայտարարվել հեթանոսական կրոնի և ծեսերի դեմ նախորդ կայսրերի կողմից ընդունված բոլոր հրովարտակները: Հուլիանոսը չի հալածել քրիստոնյաներին, սակայն պայքարել է քրիստոնեության դեմ` արգելելով կորնավորներին դասավանդել և ձգտելով ստեղծել ուժեղ հեթանոսական եկեղեցի քրիստոնյա եկեղեցու օրինակով:

Իր իշխանության առաջին իսկ օրվանից ստիպված է եղել շարունակել Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմի պատրաստությունները: Արշավանքը մեկնարկել է 363թ. գարնանը: Հուլիանոսի գլխավորությամբ հռոմեական զորքն անցել է Եփրատը և մի շարք ճակատամարտերում ձախջախել պարսիկներին` հասնելով մինչև Տիզբոն: Ոգևորված լինելով այդ հաջողություններից` Հուլիանոսը զորքով անցել է Տիգրիսը և հրամայել հրկիզել գետի վրա կանգնած հռոմեական նավատորմը, որպեսզի զորքի մեջ առավել ուժեղացնի հաղթելու ձգտումը: Սակայն քանի որ հռոմեացիները ծանոթ չէին տեղանքին, պարսիկներին հաջողվել է կտրել Հուլիանոսին սննդի և ջրի պաշարներից, ինչի հետևանքով Հուլիանոսը ստիպված է եղել նահանջել հյուսիս: Պարսկական զորքերը հետապնդել են նահանջող հռոմեական զորքին` հյուծելով նրան անսպասելի գիշերային հարձակումներով: 363թ. հունիսի 26-ին Մարանգայի մտ տեղի ունեցած ճակատամարտում Հուլիանոսը վերքեր է ստացել, որոնցից և նույն օրը մահացել է: Ըստ ավանդության մահից առաջ նա բացականչել է. «Դու հաղթեցիր, Հալիլեացի»` այդ խոսքերով ակնարկելով քրիստոնեության դեմ իր պայքարի պարտությունը:

Թաղվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, հետագայում վերաթաղվել Կոստանդնուպոլսում:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Античные писатели, словарь, СПб, 1999.