Անտոնինոս Պիոս
Անտոնինոս Պիոս (Antoninus Pius, 86–161թթ.), Հռոմի կայսր: Լրիվ անունը՝ Տիտոս Ավրելիոս Ֆուլվիոս Բոյոնիոս Արիոս Անտոնինոս: Պիոս՝ «Բարեպաշտ» է հորջորջվել իրեն որդեգրած Հադրիանոս կայսեր հիշատակի նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու համար: Անտոնինոսն իր քաղաքական կարիերան սկսել է որպես սենատոր, 120թ. ընտրվել է կոնսուլ և դարձել Հադրիանոսի վստահելի անձանցից մեկը: Որդեգրվել է կայսրի կողմից 138թ.: Ընդ որում, ըստ որդեգրման պայմանի ինքը՝ Անտոնինոսը պարտավոր եղավ իր հերթին որդեգրել Մարկոս Ավրելիոսին և Մարկոս Անիոս Վերոսին, որոնք նրա մահից հետո ժառանգեցին հռոմեական գահը: Անտոնինոսի կառավարման ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ էր, սակավաթիվ ընդվզումները հռոմեական նահանգներում (Մավրիտանիա, Դակիա, Եգիպտոս և Գերմանիա) հաջողությամբ ճնշվեցին: Բրիտանիայում Հադրիանոսի պատնեշից շուրջ 150 կմ հյուսիս կառուցվեց նոր պատնեշ, որը կոչվեց Անտոնինոսի անունով: Անտոնինոսի կնոջ՝ Ֆաուստինայի մահից հետո (140 կամ 141թ.) կայսրը ստեղծեց ալիմենտար հիմնադրամ՝ աղքատ ընտանիքներից պարմանուհիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: