Տիտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Titus.jpg

Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոս (լատիներեն՝ Titus Flavius Vespasianus, 41-81թթ ), Հռոմի կայսր (79—81թթ.), Վեսպասիանոս կայսեր որդին: Զինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայում և Բրիտանիայում, 66թ. հոր հետ մեկնել է Պաղեստին՝ այնտեղ ծագած հրեական պաստամբությունը ճնշելու նպատակով: 69թ. Վեսպասիանոսը դառնում է կայսր՝ թողնելով Պաղեստինում պատերազմական գործողությունների վարումը որդու վրա: 70թ. Տիտոսը հաջողությամբ ավարտում է ռազմարշավը՝ գրավելով ու քարուքանդ անելով Երուսաղեմը:

Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ տրիումֆի է արժանանում, որից հետո փաստորեն կիսում է իշխանությունը հոր հետ՝ ստանալով պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, միանձնյա ղեկավարելով պրետորիական գվարդիան: 79թ. հոր մահից հետո առանց որևէ բարդության ժառանգում է գահը:

Իշխանության տարիներին վայելել է ժողովրդի հարգանքն ու սերը, անձամբ օգնել Վեզուվի ժայթքման (79թ. ) և Հռոմում հրդեհի ու համաճարակի (80թ.) հետևանքով տուժած մարդկանց: Մահից հետո անմիջապես աստվածացվել է սենատի կողմից: Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվեց որպես «ոսկեդար», իսկ նրա մահը համընդհանուր վիշտ առաջացրեց: