Դոմիցիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bust Domitian Musei Capitolini MC1156.jpg

Տիտոս Ֆլավիոս Դոմիցիանոս (լատիներեն՝ Titus Flavius Domitianus, մ.թ. 51–96), Հռոմի կայսր (81–96թթ.), Վեսպասիանոս կայսեր կրտսեր որդին: Դոմիցիանոսը ժառանգել է իշխանությունը Տիտոսի մահից հետո 81թ.: Նրա օրոք շարունակվում է կայսրի ձեռքը իշխանության կենտրոնացման գործընթացը: Դոմիցիանոսը ընդլայնում է սենատի կազմը՝ ներառելով դրա մեջ հեծյալների դասին պատկանող անձանց և պրովինցիաների ազնվականներին՝ դրանով ուժեղացնելով սենատի նկատմամբ իր վերահսկողությունը: Երկրի փաստացի կառավարումը կենտրոնացնում է պրինցեպսի խորհրդի (consilium principis) ձեռքում, որը կազմված էր Դոմիցիանոսի անձնական օգնականներից ու ազատարձակներից:

Դոմիցիանոսի կողմից սենատի արհամարհումը առաջացրեց Հռոմի հին ազնվականության դժգոհությունը, որը վերաճեց ատելության, չնայած նրան, որ նա բավականին շրջահայաց և խելացի էր վարում կառավարման գործերը՝ նշաակելով լավ կուսակալներ ու պատժելով վատերին: Դոմիցիանոսը վերահսկում էր պետական ապարատի գործունեությունը՝ խստիվ պատժելով չարաշահումների համար:

Դոմիցիանոսի արտաքին քաղաքականությունն ուղղված էր գոյություն ունեցող սահմաննրի պաշտպանությանն ու ամրապնդմանը: Հաջող պատերազմներ է վարել գերմանական ցեղերի դեմ (83թ.): խոշոր ռազմարշավներ են անցկացվել ստորին Դանուբի շրջաններում՝ դակերի դեմ: 89թ. Դոմիցիանոսը խախաղություն է կնքում դակերի առաջնորդ Դեցեբալի հետ Հռոմի համար նպաստավոր պայմաններով՝ այդ խաղաղությունը Հռոմում նշելով տրիումֆով: Դոմիցիանոսի իշխանության տարիներին նրա զորավարներից մեկը՝ Ագրիկոլան հաջող պատերազմներ է վարել Բրիտանիայի հյուսիսում, սակայն 84թ. այդ զորավարը հետ է կանչվել Հռոմ, հնարավոր է նրա հաջողությունների նկատմամբ կայսեր խանդի պատճառով:

Դոմիցիանոսի կառավարման տարիները բաժանվում են երկու շրջանի: Մինչև 88թ. նա խիստ, սակայն չափավոր էր: 89թ. սկզբներում նրա դեմ ապստամբեցին Վերին Գերմանիայում տեղակայված զորքերը երկրամասի կուսակալ Լուցիոս Անտոնինոս Սատուրնինոսի ղեկավարությամբ: Ճնշելով ապստամբությունը Դոմիցիանոսը սկսեց վարել սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որը գնալով ավելի էր ուժգնանում: Սովորական երևույթ էին դարձել գաղտնի ամբաստանությունների վրա հիմնված դատավարությունները, որոնք ավարտվում էին մահապատիժներով: Կայսեր հիվանդագին կասկածամտությունը ամրապնդում էր այն հանգամանքը, որ նա չուներ երեխա-թագաժառանգ: Դավադրության յուաքանչյուր փորձին հետևում էին նոր մահապատիժներ, որոնք իրենց հերթին ավելացնում էին դժգոհությունը՝ ծնելով նոր դավադրություններ: Վերջիվերջո, կայսեր կինը՝ Դոմիցիան, վախենալով իր կյանքի համար, դավադրություն կազմեց պրետորիական գվարդիայի երկու պրեֆեկտների հետ, որը հանգեցրեց Դոմիցիանոսի սպանությանը 96թ.: Ժողովուրն անտարբեր մնաց նրա մահի նկատմամբ, սենատն այն մեծ խանդավառությամբ, իսկ բանակը՝ դժգոհությամբ ընդունեցին: