Տարսոն
| Քաղաք
Տարսոն
|
Տարսոն, քաղաք Դաշտային Կիլիկիայում, Կյուդնոս գետի զույգ ափերին: Տարսոնի հիմնադրումն վերագրում է Տարսիսին (Նոյի որդի Հաբեթի սերնդից): Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են Աստվածաշնչում հիշատակված վաճառաշահ Թարշիշին: Տարսոնում գտած խեթական կնիքները վկայում են, որ այն մտել է խեթական պետության կազմի մեջ: Մթա XII-VII դդ եղել է երկաթի մշակման , արհեստագործության ու առևտրի կենտրոն, կարևոր դեր խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում: Մթա VII դ ընկել է Ասորեստանի, մթա VI-IV դդ՝ Աքեմենյան Իրանի, այնուհետև՝ Սելևկյանների տիրապետության ներքո: Վերջիններիս օրոք Տարսոնում ծաղկել և զարգացել է հելլենիստական մշակույթը, դարձել գիտության առաջատար կենտրոն: Տարսոնում են ստեղծագործել անտիկ գիտնականներ Արտեմիդորոսը, Դիոդորոսը, Արտեմիդորոսը, Նեստոր Ակադեմիան, Արքեմադոսը: Տարսոնը ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հատել դրամներ: Մքա 80-70-ական թթ Տարսոնը մտել է Տիգրան Բ Մեծի հելլենիստական տերության, ապա ՝ Հռոմեական կայսրության մեջ: Եղել է Կիլիկիա կայսերական նահանգի կենտրոնը: Հուլիոս Կեսարը, վերակառուցելով Տարսոնը, այն վերանվանել է Հուլիոպոլիս: Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը Տարսոնը դարձրել է իր տերության մայրաքաղաքը և մեծ շուքով այնտեղ կատարել հարսանեկան հանդեսը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Հռոմեական և բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Տարսոնը եղել է բարգավաճ քաղաք, իսկ IV դարից՝ արքեպիսկոպոսանիստ: Տարսոնում ծնվել է հրեա Պողոս առաքյալը: VII դ վերջին Տարսոնը նվաճել են արաբները՝ այն դարձնելով ռազմական խոշոր հենակետ Բյուզանդիային դեմ: Արաբա-բյուզանդական կռիվների ժամանկ Տարսոնի քրիստոնյա բնակչությոան զգալի մասն արտագաղթել է, անկում է ապրել քաղաքի տնտեսությունը, մշակութային կյանքը: X դ Տարսոնում բնակվող հույների, ասորիների և արաբների համեմատությամբ հայերը կազմել են գերակշռող մեծամասնություն: 973-ից եղել է հայկական արքեպիսկոպոսության կենտրոն: 1040-80-ին այն մտել է հայ իշխան Աբլղարիբ Արծրունու տիրության մեջ և եղել հայկական զորակայան: XII դ քաղաքն անցել է մերթ հայերին, մերթ բյուզանդացիներին, մերթ խաչակիր ասպետների ձեռքը: XII դ վերջին Տարսոնը վերջնականապես միավորվել է Կիլիկյան Հայաստանին: Ապրել է տևական նոր վերելք: Ներսես Լամբրոնացու արքեպիսկոպության ժամանակներից Տարսոնը դարձել է միջնադարյան հայ մշակույթի առաջատար կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց: Արքունի քաղաք Տարսոնի մայր տաճարում՝ Ս.Սոփիայում, տեղի են ունեցել Լևոն Բ Մեծագործի և նրա հաջորդների թագադրման արարողությունները: 1375 թ Կիլիկիայում հայկական պետության անկումից հետո Տարսոնը, ընկնելով Եգիպտոսի արաբական սուլթանության, ապա 1487-ից՝ օսմանյան սուլթանության տիրապետության ներքո, հետզհետե ավերվել է և վերածվել անշուք ավանի: XX դ սկզբին Տարսոնում ապրում էին 3-4 հազար հայեր, որոնք բռնագաղթի ենթարկվեցին կամ կոտորվեցին 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |