Լիբանիոս
Լիբանիոս (հին հուն.՝ Λιβάνιος, 314 — մոտ 393թ.), IV դարի հույն հռետոր, «կրտսեր սոփեստական դպրոցի» ներկայացուցիչ, Հովհան Ոսկեբերանի ուսոցիչ։ Սկզբնապես դպրոց է հիմնել Կոստանդնուպոլսում, սակայն 344թ. տեղափոխվել է Նիկոմիդիա, այնուհետև` 354թ., Անտիոք, որտեղ ապրել և գործել է մինչև վախճանը։ Լիբանիոսը հեթանոս էր, չէր ընդունում քրիստոնեությունը, խորը հուսահատություն էր ապրում, երբ նրա աշակերտներից շատերը քրիստոնյա էին դառնում։ Պատմում են, որ լինելով մահամերձ` այն հարցին, թե ում կուզենար փոխանցել իր դպրոցը, պատասխանել է. «Հովհան Ոսկեբերանին, եթե նրան չառևանգեին քրիստոնյաները»։
Թողել է հարուստ գրական ժառանգություն, որը տարածված է եղել դեռևս իր կենդանության օրոք։ Հատկապես հայտնի են նրա ճառերը («Խոսքեր»), որոնցից մեզ են հասել թվով 68-ը։ Դրանք հեղինակի կողմից հաճախ ոչ թե արտասանվում էին, այլ հրատարակվում գրավոր կերպով կամ տարածվում որպես ուղերձներ։ Նրա ճառերից աչքի է ընկնում 348թ. Նիկոմիդիայում արտասանված Βασιλικός–ը, որը Կոստանդ և Կոստանցիոս կայսրերի ներբող է, Άντιοχικός` քովք Անիտոքին և նրա բնակիչներին, 6 ճառ ի պատիվ Հուլիանոս կայսեր, 5 ճառ նվիրված անտիոքացիների ընդվզման և Թեոդոս կայսեր ողորմածությանը (387թ.), ճառեր բանտերի անմխթար վիճակի, հռետորների ռոճիկի մասին, ի պաշտպանություն մնջախաղի դերասանների, ինչպես նաև հեղինակի թշնամիների դեմ։
Պահպանվել են նաև Լիբանիոսի թվով 1607 նամակ, որոնք կարևոր աղբյուր են IV դարի Հռոմեական կայսրության պատմության ուսումնասիրության համար։