Պարույր Հայկազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարույր Հայկազն (լատինացված՝ Պրոերեսիոս, 276-368), Հռոմում գործած հայ հռչակավոր հռետոր, Աթենքում ճարտասանական դպրոցի ղեկավար, փիլիսոփա էր։ Ծնվել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում[1]։

Շատ երևելիներ են դուրս եկել Պառույրի դպրոցից՝ Հուլիանոս կայսրը (331-363)[1], նշանավոր ճարտասաններ Լիբանիոսը (313-393), Ղևոնդիոսը, քրիստոնեության նշանավոր տեսաբաններ Գրիգոր Նազիանզացին (330-390) և Բարսեղ Կեսարիացին (329-379)։[1] Գիմերիոսի, Նապիոսի և Լիբանիոսի հետ ոգևորել է երիտասարդությանը, ճաշակ ձևավորել գիտությունների նկատմամբ։ Դժբախտաբար, նրա երկերը չեն պահպանվել։

Հռոմը բարձր գնահատեց հայ ժողովրդի տաղանդավոր զավակի ծառայությունները, անտիկ գիտության և կրթության զարգացման ասպարեզում։ Այդ մասին է վկայում նրա կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցված արձանը, հետևյալ փորագրությամբ. «Տիեզերքի թագուհի Հռոմը՝ ճարտասանության արքային»(Rerum regina Roma — regi Eloquentiae)։[1]

Պարույր Հայկազնի կերպարը օգտագործվել է հայ գրող Րաֆֆու կողմից։ Րաֆֆու «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ճարտասանություն», Երևան 2008, Հեղինակ Վ. Ա. Միրզոյան,ԳՄԴ 83․97, ISBN 978-99941-78-29-2