Տիգրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրիս
Dicle /. دجلة‎‎ / Dijlah / Dîcle
Տիգրիս գետը Բաղդադում
Տիգրիս գետը Բաղդադում
Tigr-euph.png
Բնութագիր
Երկարություն 1900 կմ
Ջրի ծախս 1014 մ3
 · Ակունքի տեղակայում Հայկական լեռնաշխարհ, Թուրքիա
Գետաբերան Շատտ էլ-Արաբ
Տեղակայում
Երկիր Թուրքիա Թուրքիա
Սիրիա Սիրիա
Իրաք Իրաք
Գետը Վիքիպահեստում

Տիգրիս[1], գետ Հայկական Լեռնաշխարհում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հազար կմ2։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հազար կմ2։ Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։

Արևմտյան Տիգրիսը՝ Արղանա անվամբ սկիզբ է առնում Ծովք լճից, ապա միանալով Զիբենեին՝ մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) Միջագետք։ Գ. Սրվանձտյանը Տիգրիսի ակունքները նկարագրում է որպես ոսկեղեն մի երկիր։ Տիգրիսը սրբավայր է, դրախտի չորս գետերից մեկը։

Տիգրիսը սկսվում է Տավրոսի համակարգում 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են անտեցեդենտ հովիտներ և դուրս գալիս դաշտավայր՝ ստեղծելով արտաբերման կոներ, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ։ Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են՝ Ամբար, Քաղիրդ (Բաթման)՝ Սասունի գետ վտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս)։

Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմտյան Տիգրիսին։ Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) Քսենոֆոնն անվանում է Կենտրիտես։ Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը։ Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են Խաբուր, Մեծ Զաբ, Բարազգիր և այլն։

Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից։ Տիգրիսն ավելի ջրառատ է, քան Եփրատը։ Այսպես, Բաղդադի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել։ Այժմ կառուցված է հատուկ ջրանցք, որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից։

Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար կմ2 սահմաններից կազմում է 15-16 խոր. կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը՝ 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է։ Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ աղբյուրներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից։

Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր՝ 300-350 մգ/լ-ից։ Գարնանը՝ հորդացումների ժամանակ գետը տղմոտ է։ Գետավազանի 1 կմ2 -ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ։ Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 մլն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց։

Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում Շատ- Էլ- Արաբ գետը, թափվում է Պարսից ծոց՝ առաջացնելով արագ աճող դելտա։ Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից։

Ստորին հոսանքներում նավարկելի է։ Հորդացման ժամանակ ոչ խորանիստ նավերը կարող են հասնել մինչև Մոսուլ։

Ծանոթագրություննեեր[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 54։ ISBN 99941-56-03-9։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png