Աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբյուր (այլ կիրառումներ)
Աղբյուր

Աղբյուր, ստորերկրյա ջրի բնական ելքը Երկրի մակերևույթ՝ պայմանավորված տեղանքի երկրաբանական կառուցվածքով, կտրտվածությամբ, ջրատար շերտերի դասավորությամբ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրն առաջանում է, երբ ռելիեֆի բացասական ձևերը հատում են ջրատար հորիզոնները։ Աղբյուրը սնվում է տարբեր տիպերի ստորերկրյա ջրերից և կոչվում նրանց անունով (օրինակ, արտեզյան ջրեր, գետնաջրեր, և այլն)։ Կարստային շրջաններում լինում են մեծ ելք ունեցող աղբյուրներ (վոկլյուզներ), երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք աղբյուրներ և գեյզերներ։

Աղբյուրները ստորաբաժանվում են ըստ՝

  • ջրի ելքի բնույթի (վերընթաց, վարընթաց),
  • ջերմաստիճանի (սառը, գոլ, տաք, գերտաք),
  • ջրի քանակի փոփոխականության (մշտական, ժամանակավոր),
  • հանքայնացման (քաղցրահամ, հանքային)։

Հավերժական սառցույթի շրջաններում հանդիպում են սեզոնային, տեղաշարժվող սառը աղբյուրներ, երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք աղբյուրները և գեյզերներ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքիի ջրվեժ

Աղբյուրներով առավել հարուստ են Հայաստանի լեռնային շրջանները։ Հայկական հրաբխային բարձրավանդակում և միջլեռնային գոգավորություններում բազմաթիվ են մեծ ծախս (0, 1 -2, 5 հզ․ լ/վ) ունեցող աղբյուրները։ Հայաստանում հաշվվում է մոտ 10 000 աղբյուր։

Դրանցից են Մեծամորի, Աշոցք-Զույգաղբյուրի, Ապարանի, Նազրևան-Բազմաղբյուրի, Արզնու, Ակունքի, Արգելի, Արզականի, Սոլակի, Մաքրականի, Սարուխանի, Հացառատի, Գառնի-Գողթի, Ջերմուկի, Շաքիի և այլ աղբյուրներ, որոնց գումարային ծախսը (առանց Մեծամորի աղբյուրախմբի) գերազանցում է 45-46 հզ․ լ/վ։

Հայաստանի աղբյուրները՝ թվով շուրջ 10 հազար, օգտագործվում են կենցաղային, արդյունաբերական ջրամատակարարման, ոռոգման նպատակներով։ Դրանց մեջ որոշակի թիվ են կազմում նաև հանքային աղբյուրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 251
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։