Լևոն Զ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Զ

Լևոն Զ Լուսինյան (1340–29.11.1399, Փարիզ), Հայոց թագավոր Կիլիկիայում 1374-1375–ին։ Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով Կոստանդին Դ–ի հալածանքներից՝ 1344–ին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր Կիպրոսում։ Հայոց գահին Լևոնին հրավիրեց ունիթոռների կուսակցությունը՝ Կոստանդին Ե–ի դավադրական սպանությունից հետո։ Սեպտեմբերի 14–ին Լևոնը ժամանեց Սիս մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս.Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Սակայն Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը։ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375–ի հունվարի 5–ին պաշարեցին Սիսը։ Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնը ապրիլի 22–ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնը իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382–ի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա։ 1383–ի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պարգևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել՝ Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիքներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնն ապրեց Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384–ին հատկացրել էր Ֆրանսիայի Կառլոս VI թագավորը։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ