Լևոն Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լևոն Ա Ռուբինյան (ծն.թ. անհայտ–1139), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137–ին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջակեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132–ին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–36–ին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136–ին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137–ի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138–ին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ)1143–ին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ