Երվանդ Ա Սակավակյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա–Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության էին տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունից տեղեկանում ենք, որ Հայաստանից մարերի դեմ կռվին մասնակցել են 20 հազար հեծելազոր և 4 հազար հետևակ։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։