Տիգրան Երվանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար. Տիգրան Երվանդյան

Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։