Լուսինյաններ
Լուսինյաններ, արքայատուն Կիպրոսում 1192-1489–ին ։ Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները, որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում։ Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187–ին Գվիդոնին հաղթեց և գերեց Եգիպտոսի սուլթան Սալահ ադ–դինը, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293–ին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։ 1310թ Ամորի Բ–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում։ 1342–ին Լևոն Ե հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343–ին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։ 1344–ին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ, որը մոր հետ 1344–ին փախել է Կիպրոս։ 1375–ին սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը։
[խմբագրել] Կիլիկիայի թագավորներ Լուսինյան արքայատոհմից
- Կոստանդին Բ (1342–1344)
- Կոստանդին Գ (1344–1362)
- Կոստանդին Դ (1362–1373)
- Լևոն Զ Լուսինյան (1374–1393)
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ