Արգիշտի Ա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգիշտի Ա (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ. թ. ա. 764)- Ուրարտուի թագավոր մոտ մ. թ. ա. 786 թվականից: Մենուա թագավորի որդին և հաջորդը:
Բովանդակություն |
[խմբագրել] Տարեգրություն
Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը:
[խմբագրել] Արշավանքները
Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: Արգիշտի Ա-ն նախ միավորել էդեռևս անկախ կյանքով ապրող Դիաուեխի (Տայք), Ջաբախա (Ջավախք), Կատարզա, Իգանի (Չըլդր լճի շրջան), Էրիախի (Շիրակ), Խաթե (Եփրատ գետից արևմուտք, Մալաթիա քաղաքի շրջան) ծայրամասային իշխանությունները, Սևանի ավազանի ցեղերին: Այնուհետև ձեռնամուխ է եղել մերձուրմյան Մանա երկիրը Ուրարտուին միացնելուն: Ըստ Խորխորյան տարեգրության, Արգիշտի Ա-ի հետագա արշավանքները հաջորդաբար կատարվել են Ասորեստանի ացդեցության ներքո գտնվող Մանա, Պարսուա, Բուշտու և այլ երկրների դեմ: Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել էմինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին:
[խմբագրել] Քաղաքականությունը
Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Ուրարտու պետության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայտերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու):
[խմբագրել] Շինարարական աշխատանքները
Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները: Կառավարման 11-րդ տարում (մ. թ. ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:
[խմբագրել] Գրականություն
- Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
- Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
- Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
- Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван5 Петербург 1922
- Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
- Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва 1960
- Бациева С. М., Борьба между Ассирией и Урарту за Сирию, «Вестник древней истории», 1953 № 2
- Арутюнян Н. В., Хорхорская летопись Аргишти I, «Эпиграфика Востока», 1953
[խմբագրել] Տես նաև
| Նախորդող Մենուա |
Ուրարտական արքա Արգիշտի Ա մ. թ. ա. 786-764 |
Հաջորդող Սարդուրի Բ |

