Խալդի
Խալդի - Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածը: Պետության համադիցարանի աստվածությունները (կուռքերը) ենթադասվել են Խալդիից հետո:
Բովանդակություն |
[խմբագրել] Հիշատակություններ
Իշպուինի արքայի (իշխել է մ. թ. ա. շուրջ 824-810 թվականներին) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խալդին, որին նվիրել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ուլ): Խալդին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը: Ասորեստանի Սարգոն Բ թագավորի (մ. թ. ա. 722-705 թվականներ) արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խալդիի «բնակարան», որտեղ դրված էին Խալդիի և նրա կնոջ՝ Արուբանի-Բագմաշտուի, ինչպես նաև Ուրարտուի թագավորների անդրիները: Արին-Բերդ (Էրեբունի) հնավայրի Խալդիի տաճարի ավերակներում գտնվել է Խալդիի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին:
[խմբագրել] Պաշտամունքը
Խալդիի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները: Խալդիի անունով են սրբագործվել Ուրարտուի արքաների ռազմական և շինարարական բոլոր գործերը: Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խալդին մարմնավորել է Ուրարտու պետության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը:
[խմբագրել] Հնեաբանների կարծիքներ
Ավստրիացի արևելագետ Լեհման-Հաուպտը, ելնելով Ուրարտուի աստվածապետական բնույթից, կարծում էր, որ նրա մեջ միվորված խալդապաշտ ցեղերը իրենց ճանաչել են Խալդիի անունով՝ իբրև «Խալդի որդիներ» (այնպես, ինչպես նրանց ժամանակակից և դրացի ասորեստանցիները՝ Աշուր աստծո անունով): Իսկ խորհրդային լեզվաբան և հնագետ, ակադեմիկոս Ի. Մեշչանինովի կարծիքով Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի «հայ» անունը Խալդիի անվան «խալ» հիմքի սոսկ հնչյունաբանական տարատեսակն է: Այլ ուսումնասիրողների կարծիքով Խալդին իր դիցաբանական հյուսվածքով, ժամանակով և էությամբ նույնանում է հին հայոց Հայկ աստվածությանը:
[խմբագրել] Ուրարտական գլխավոր աստվածները
| Անուն | Պատկեր | Նույնացում | Ծագում | Զոհաբերության ծավալ |
|---|---|---|---|---|
| Խալդի | Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ: | Ուրարտական աստված է, թեև պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր: | 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ | |
| Թեյշեբա | Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ: | Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ: | 6 եզ, 12 ոչխար | |
| Շիվինի | Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ: | Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ:. | 4 եզ, 8 ոչխար |
[խմբագրել] Գրականություն
- Мещанинов И. И., Древневанский бог Xald-Xaldin, «Восточные записки», 1927 том 1 (ռուս.)
- Леман-Гаупт К. Ф.5 Вступительная лекция по истории и культуре. Тбилиси (ռուս.)

